ՄԻՊ-ն այցելել է Արամ և Պավել Մանուկյաններին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։ ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է նաև, որ շարունակվում են Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին։
