Լրագրողների դիմումը մերժվել է
15: 19 Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը մերժել է մի խումբ լրագրողների խնդրանքը՝ այցելել Դատապարտյալների հիվանդանոց: Երեկ լրագրողները նամակ էին ուղղել ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին և խնդրել ապահովել իրենց մուտքը Դատապարտյալների հիվանդանոց՝ ծանոթանալու ու լուսաբանելու «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի պահման պայմանները:Հիշեցնենք, որ Պավել ու Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարել էր, որ Դատապարտյալների հիվանդանոցում անմարդկային պայմաններ են, և իր պաշտպանյալ Արամ Մանուկյանը խոշտանգման է ենթարկվում:Ի պատասխան ՔԿՎ հանրային կապերի բաժնից ստացվել է գրություն, որում նշվում է, որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ի թիվս այլ սահմանափակումների, սահմանափակվել է նաև Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի տեսակցության իրավունքը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ:«Հավելենք նաև, որ վերոգրյալ իրավական սահմանափակումները, օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, ինչպես նաև` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին»,- նշվում է պատասխանում:
