Մովսեի գյուղապետը՝ երեխաների ուղղությամբ կրակոցների մասին
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եւ՛ գիշերը և այս պահին հանգիստ է, կրակոցներչկան: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում նկատվող ակտիվությունը՝ Ավալյանը պատասխանեց. «26 տարի է էդ նույն կյանքով ենք ապրում, ինչով պայմանավորեն՞ք: Թուրքի կամքը երբ տալիս է, կրակում է, երբ չէ՝ չէ: Ինչո՞վ պայմանավորես: Մարզադաշտն էլ, դպրոցն էլ գյուղի կենտրոնական մասում են: Առաջին անգամ չեն կրակում: Միանգամից կարճ կրակոցներ հնչեցին ու դադարեց»: Արարատ Ավալյանը հայտնեց, որ հուլիսի 21-ին ժամը 17.10-ից մինչեւ 17.12-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից՝ ԴՇԿ-ներից, կրակահերթեր է արձակել գյուղի դպրոցին հարակից մարզադաշտում ֆուտբոլ խաղացող երեխաների ուղղությամբ: Նա ասաց. «15-20 երեխաներ էին խաղում, 10-15 չափահասներ էլ կային, նաեւ՝ հովեկներ »: Կրակոցներն իրենց համար սովորական լինելն ընդգծելու նպատակով Ավալյանը հավելեց, որ կրակոցներից երկու ժամ հետո նույն երեխաները կրկին խաղում էին այնտեղ:
