Ազատագրվել է Սիրիայի հայաբնակ Ղնեմիե գյուղը
Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի շարք գյուղեր, որոնց թվում է հայաբնակ Ղնեմիեն, որի բնակչությունն ահաբեկչական խմբավորումների ներխուժումից հետո՝ 4 տարի առաջ, հեռացել էր գյուղից։ Այդ մասին տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթի կայքը՝ սիրիական «Շաամ Թայմզ» լրատվական գործակալությանը հղումով։ Ղնեմիեն հայաբնակ գյուղ է եղել։ Այնտեղ է գտնվում տեղի բնակչության կողմից 1875 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, սակայն տեղացի ծերերը պատմում են, որ 1875 թվականին եկեղեցին պարզապես վերանորոգվել է, իսկ մինչ այդ արդեն 300 տարվա պատմություն է ունեցել։ 1959-ին կիսաքանդ եկեղեցին հիմնապես վերակառուցվել էր։
