Անին կարող է ընդգրկվել UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում. Taraf
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 10-20-ը Ստամբուլում անցկացվելու է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստը,որի ընթացքում քննարկվելու են տարբեր երկրներից ստացված հայտերը, որոնք առնչվում են համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվելիք պատմամշակութային հուշարձաններին: Այս տարի Թուրքիայից թեկնածուն Կարսի նահանգում գտնվող Անի հինավուրց քաղաքն է, իսկ նախորդ տարի Թուրքիայից ցուցակում ընդգրկվել են Դիարբեքիրում գտնվող Հևսելի այգիները և Եփեսոսը: Թուրքիայում պաշտոնական գրառումներում ու ճանապարհային ցուցանակներում Անիի համար դեռ գործածվում է «Անը» բառը և ոչ թե նրա ուղիղ ձևը՝ «Անի»,նշում է թերթը: Նշված է նաև, որ Անին 10-րդ դարում դարձել է Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք և ունեցել է մոտ 100.000 բնակիչ: Ընդգծվում է, որ եթե Անին ընդգրկվի UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, ապա Թուրքիայում ավելի շատ մարդ կիմանա այդ քաղաքի իրական անվան ու պատմության մասին: