Հենրիխ Մխիթարյանը թեսթ է հանձնել Բոխումի համալսարանում
Հայաստանի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արդեն սկսել է մրցաշրջան-2016-ի նախապատրաստությունը: Երեկ նա միացել է իր թիմակիցներին եւ առաջին հավաքն է անցկացրել: Ինչպես տեղեկացնում է Դորտմունդի «Բորուսիայի» ֆեյսբուքյան էջը, թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ֆուտբոլիստներին բաժանել է երեք խմբերի, որոնք հերթականությամբ տարբեր թեսթեր են հանձնել Բրակելի մարզական կենտրոնում, Հելմուտ Կյորնիգի փակ մարզադահլիճում եւ Բոխումի համալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքում: Մարզիչների նպատակն է եղել պարզել ֆուտբոլիստների ներկայիս մարզավիճակը եւ դրա հիման վրա կազմել առաջիկա երեք շաբաթների մարզումային պլանը: «Բորուսիան» Գերմանիայում կմնա մինչեւ հունվարի 6-ը, որից հետո կմեկնի Դուբայ, որտեղ կանցկացնի միակ ուսումնամարզական հավաքն այս ձմռանը: Թիմը Դորտմունդ կվերադառնա հունվարի 17-ին: