Գերմանական «շղթայական ռեակցիայի» էֆեկտն ընդդեմ Էրդողանի

Չեխիայի խորհրդարանը կհետևի Բունդեսթագի քայլին Հայոց ցեղասպանությունը, ինչպես և հրեաների Հոլոքոսթը ժխտողները պարզապես վախկոտներ են, երեկ հայտարարել է պետական այցով Երևանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը` ՀՀ նախագահի նստավայրում իր պատվին տրված ընդունելության ժամանակ: Նրանք, ովքեր ժխտում են այդ ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են Հոլոքոսթը, մարդիկ, ովքեր դա ժխտում են, պարզապես վախկոտներ են, շեշտել է Չեխիայի նախագահը: «Ես երբեք, պարո՛ն Նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապես վախկոտներ են: Խոսում են մարդու իրավունքների մասին. որոշ մարդկանց համար մարդու ամենագլխավոր իրավունքը ցույց անելն է կառավարության դեմ: Իմ դեմ էլ են ցույց արել, այլ գործիչների դեմ էլ, դա նորմալ է: Բայց դա մարդու ամենագլխավոր իրավունքը չէ: Մարդու ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքն է: Եվ բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրավունքը, ոչ մի իրավունք չունեն խոսել մարդու այլ իրավունքների մասին: Ես ցանկանում եմ բաժակ բարձրացնել կյանքի իրավունքի համար», - իր բաժակաճառում ասել է Միլոշ Զեմանը: Պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր է իր երկիր վերադառնալուց հետո դիմել խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով. «Որպես իմ հայտարարությանը հաջորդող քայլ, կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք ևս Գերմանիայի օրինակին հետևելով՝ կատարեն նմանատիպ հայտարարություն»։ Պետական այցով Հայաստան ժամանելուց առաջ Զեմանը հարցազրույց էր տվել չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին և հայտարարել՝ ցանկանում է, որ իր երկիրն էլ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակի։ Նա խոստացել էր Հայաստանից վերադառնալուց հետո այս հարցը քննարկել նաև իր երկրի արտգործնախարարի հետ։ «Ես իմ դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ հայտնել եմ դեռևս 2014 թվականին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած այցի ժամանակ»,- հիշեցրեց Զեմանը։ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ապացուցեց, որ այս գործընթացը հնարավոր չէ կասեցնել։ Ավելին, Գերմանիան ԵՄ-ի առաջ մղող, առանցքային երկրներից մեկն է, Բունդեսթագի որոշումն ունենալու է հետևանքներ, ու դա հստակ գիտակցում է պաշտոնական Անկարան: ԵՄ այլ երկրներ ևս կհետևեն Բունդեսթագի օրինակին և գործընթացը կասեցնելու պաշտոնական Անկարայի ջանքերն ուղղակի ապարդյուն են ու անիմաստ: Կալիֆորնիայի դատարանը կլսի ամերիկահայերի հայցը ընդդեմ Թուրքիայի Երկու ամսից Կալիֆորնիայի դատարանը կլսի երեք ամերիկահայերի հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության, որով ցեղասպանության զոհերի ժառանգները փորձում են դատական կարգով ետ ստանալ Ադանայում իրենց պապերին պատկանող հողերը: Բրիտանացի հեղինակավոր լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսօր այս մասին հոդված է հրապարակել Independent-ում՝ պնդելով․ - «Եթե ամերիկյան դատարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառավարությունը պարտավոր է հետևել այդ որոշմանը»: «Վիճարկվող մոտ 50 հեկտար տարածքը գտնվում է Ինջիրլիքի ավիաբազայի մերձակայքում, կայան, որը ռազմավարական նշանակություն ունի Պենտագոնի համար. հենց այստեղից է հիմա ամերիկյան օդուժը հարվածներ հասցնում Սիրիայում և Իրաքում տեղակայված իսլամիտ զինյալներին: Ամերիկայի կառավարությունը վարձակալության դիմաց տասնամյակներ ի վեր միլիոններ է վճարում Թուրքիայի կառավարությանը, մինչդեռ հողերը պատկանում են Օսմանյան կայսրությունում սպանված հայերին», - գրում է բրիտանացի լրագրողը՝ հավելելով․ - «Հայցին կարող են միանալ ևս 13 ամերիկահայեր՝ վիճարկելով արդեն ռազմակայանի ողջ տարածքի սեփականության հարցը»: Դատական այս գործընթացը սկսվել է մոտ հինգ տարի առաջ՝ ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանի գլխավորությամբ: Ի սկզբանե հայերը հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարությանը պատկանող երեք բանկերի դեմ, որոնց Օսմանյան կայսրությունը նշանակել էր որպես տեղահանված հայերի սեփականության պահառու: Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը երբևիցե դատարան չի ներկայացել, թեև պատշաճ ծանուցվել է, թուրքական բանկերն էլ պարբերաբար պնդել են, թե ամերիկյան դատարանը չի կարող քննել այս հարցը՝ օտար երկրում գտնվող սեփականության վերաբերյալ: «2013-ին, սակայն, շրջանային դատարանը որոշեց՝ թուրքական դրամատները կարող են կանգնել ամերիկյան դատարանի առջև, եթե հարցը վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարմանը, այդ թվում՝ ցեղասպանությանը: Հիմա հայ իրավաբանները հայտարարում են, թե նոր ուսումնասիրություններ են կատարել և փաստեր հայտնաբերել, որոնք կարող են հարկադրել ամերիկյան դատարանին օրենքով ճանաչել հայերի ցեղասպանությունը», - գրում է Independent-ի վերլուծաբանը՝ եզրափակելով. - «Գրեթե կասկած չկա, որ պատմական հենք ունեցող այս գործը քաղաքական պայթուցիկ ուղերձ է պարունակում. եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ-ի դատարանի կողմից, ապա ամերիկյան կառավարության ճանաչումը լինելու է ընդամենը ժամանակի հարց»: Անկարան անիմաստ ճիգեր է գործադրում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման հետ կապված Անկարան Գերմանիայի դեմ մշակում է պատասխան միջոցառումներ ։«Իրավասու մարմինները, առաջին հերթին՝ ԱԳՆ-ն, պատրաստում են գործողությունների ծրագիր»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։Քալընի խոսքով՝ նախատեսվող միջոցառումները կներկայացվեն վարչապետի ու նախագահի դիտարկմանը, որից հետո նոր միայն մանրամասներ կներկայացվեն։ Bild պարբերականը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Թուրքիայում առնվազն 3 դատական հայց է պատրաստվում ընդդեմ Բունդեսթագի՝ թուրքական արմատներով 11 պատգամավորների դեմ։ Հայցերի համար իրավական բազա է ծառայում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, համաձայն որի՝ թուրք ժողովրդի, Թուրքիայի Հանրապետության հրապարակային վարկաբեկումը պատժվում է 6 ամսից 2 տարի ժամկետով ազատազրկմամբ: Թուրքիայի նախագահի մամլո քարտուղարը հայտարարել է, թե Թուրքիայի իշխանություններն ակնկալում են, որ Գերմանիայի կառավարությունն անհամաձայնություն կհայտնի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հանդեպ: «Մենք չենք ճանաչում Գերմանիայի խորհրդարանի որոշումը, որը քաղաքական պատասխանատվության օրինակ է: Մենք տեսանք, որ մի շարք պատգամավորներ ընկել են տգիտության մեջ` պատմությունից հեռու: Այդ որոշումը վատ ուղերձ է Գերմանիայում բնակվող երեք միլիոն թուրքերին Մենք կշարունակենք անհրաժեշտ արձագանք ցուցաբերել ու ընդունել անհրաժեշտ միջոցներ: Սպասում ենք, որ Գերմանիայի կառավարությունը հեռու մնա խորհրդարանի որոշումից»: Մինչդեռ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն CNN Türk-ի եթերում դատապարտելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունում, կարծիք է հայտնել, որ կարելի էր կանխել Բունդեսթագում բանաձևի շուրջ քվեարկությունը. «Հարցն ամիսներով օրակարգում էր: Մերկելի հետ հանդիպեցինք բազմիցս: Պետք է ընդգծվեր հարցի զգայունությունը»: Քըլըչդարօղլուն հավելել է, որ Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո հիմնական խնդիրը կծագի այն ժամանակ, երբ Հայոց ցեղասպանության թեման Գերմանիայում տեղ զբաղեցնի դասագրքերում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am