Իսմայիլովան պարզաբանում է պահանջել Ադրբեջանի Գերագույն դատարանից
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան հունիսի 6-ին էլեկտրոնային նամակ է ուղարկել արդարադատության նախարարությանը և Գերագույն դատարանի դատավոր Ալի Սեյֆալիևին՝ կապված իր գործով կայացված որոշման հետ: Մայիսի 25-ին Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նրան 7.5 տարով ազատազրկման դատապարտելու մասին որոշումը՝ այն փոխարինելով 3.5 տարի ժամկետով պայմանական ազատազրկմամբ՝ 5 տարի փորձնական ժամկետով: Լրագրողը վիճարկել է այդ որոշումը և հարց է հղել արդարադատության նախարարությանը, թե արդյոք դատական պրակտիկայում կա՞ն դեպքեր, երբ փորձնական ժամկետը գերազանցի պայմանական ազատազրկման ժամկետը: Իսմայիլովան խնդրել է նման դեպքերի առկայության պարագայում իրեն իրազեկել դրանց մասին: Բացի այդ, նա Սեյֆալիևին հարցրել է, թե ինչու մինչ այժմ իր գործով դատական որոշումը ներկայացված չէ Գերագույն դատարանի կայքում:
