Թուրք պատգամավորներին անձեռնմխելիությունից կզրկեն. Մերկելմ անհանգստացած է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է մի շարք թուրք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը: Frankfurter Allgemeine պարբերականում կիրակի օրը հրապարակված հարցազրույցում նա նշել է, որ դա քուրդ քաղաքական գործիչների համար կարող է «ծանր հետևանքներ» ունենալ և «մեծ անհանգստություն է առաջացնում»: Մերկելը հիշեցրել է, որ «քրդերի հետ մերձեցման և հրադադարի գործընթացն ընդհատվել է անցյալ տարի»: «Մենք ուզում ենք, որ քրդերը Թուրքիայում ունենան հավասար իրավունքներ և լավ ապագա»,- ասել է նա: Կանցլերը հայտնել է, որ երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում մտադիր է քննարկել «բոլոր կարևոր հարցերը»: Մերկելն ընդգծել է, որ «ուշադիր հետևում է, թե Թուրքիան ինչպես է կատարում իր հավաստիացումները»:
