Մեդվեդևը «կասկածող է ման գալիս»

ԵՏՄ վարչապետների երևանյան հետաձգված նիստը Այսօր Աբովյանի մոտակայքում գտնվող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության վարչապետների խորհրդի նիստը: Այն բացեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով խոսեց ԵՏՄ-ի շրջանակում տնտեսական կապերը խորացնելու, ինչպես նաև ոչ անդամ երկրների՝ Իրանի, Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին: Նիստին ներկա են ԵՏՄ-ի երկրների բոլոր վարչապետները, որոնք բոլորը խոսեցին: Խնդիրներից խոսեցին Բելառուսի վարչապետը, Ղրղըզստանի վարչապետը, հատկապես սուր ելույթ ունեցավ՝ նշելով, որ միության շրջանակում իր երկրի համար ստեղծվել են խոչընդոտներ, և կոչ անելով հաղթահարել դրանք, այլապես դա կարող է խանգարել հետագա ինտեգրացիային: Այսինքն, Երեւանում ԵՏՄ անդամ երկրների վարչապետերը քննադատել են ԵՏՄ-ին, իրենց հերթին փաստելով, թե ինչպիսի ոչ կենսունակ կառույցի են անդամակցում: Մինչ ընդլայնված կազմով նիստը տեղի ունեցավ նեղ շրջանակով հանդիպում, որին մասնակցեցին միայն ԵՏՄ անդամ երկրների վարչապետները: Մինչ նիստի մեկնարկը` Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախ ընդունեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ապա՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետներին: Հիշեցնենք՝ ԵՏՄ վարչապետների երևանյան նիստը նախատեսված էր ապրիլի 8-ին, սակայն չեղարկվեց, քանի որ Ղազախստանի վարչապետը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հրաժարվեց դրան մասնակցել: Երևանի փոխարեն Մոսկվայում հանդիպած ԵԱՏՄ վարչապետները պայմանավորվեցին հաջորդ նիստն անցկացնել մայիսի 20-ին Հայաստանի մայրաքաղաքում: ՌԴ-ն միշտ օգնելու է ԼՂ-ի դժվար հակամարտության կարգավորմանը Սերժ Սարգսյանն այսօր ընդունելով Դմիտրի Մեդվեդևին` ողջունել է նրան Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ այն կնշանավորվի իր արդյունավետությամբ: «Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով»,  ասել է նա: «Բառացիորեն մի քանի օր առաջ ես վերադարձել եմ Վիեննայից, որտեղ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ», - նշել է Ս.Սարգսյանը՝ շարունակելով․«Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք: Բարով եք եկել, ես ուրախ եմ, Դմիտրի Անատոլիի մեր հանդիպման համար»: Մեդվեդևը, նշելով, որ ուրախ է ՀՀ նախագահի հետ հանդիպման նոր հնարավորության համար, ընդգծել է, որ այն, ըստ էության, արդեն երկրորդն է մեկ ամսվա ընթացքում, և դա, ըստ նրա, շատ լավ է, քանի որ բնութագրում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը, այն դաշնակցային կապերի բնույթը, որ գոյություն ունեն երկու երկրների, երկու ժողովուրդների միջև: «Անցած անգամ մենք, իսկապես, անցկացրեցինք երկկողմ բանակցություններ, իսկ այսօր տեղի կունենա մեր միության Եվրասիական միջկառավարական խորհրդի լիագումար նիստը: Դիտարկելու ենք տարբեր և առաջին հերթին տնտեսական հարցեր, որոնք օգտակար են բոլոր երկրների համար: Շնորհակալություն կառավարությունների ղեկավարներին Երևանում այս միջոցառումը անցկացնելու հրավերի համար, որովհետև սա առաջին նման միջոցառումն է ձեզ մոտ: Ընդ որում, Եվրասիական հանձնաժողովի ղեկավարը նույնպես ներկայացնում է Հայաստանը, ինչը, այս իմաստով, խորհրդանշական է: Կշփվենք, և գործընկերները կառավարությունից Ձեզ կզեկուցեն արդյունքների մասին: Վստահ եմ, որ կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են, կրկնում եմ, մեր տնտեսությունները խթանելու համար», - ասել է Մեդվեդևը: «Իրոք, իմ նախորդ այցը կայացավ շատ դժվար իրադրության պայմաններում: Միանգամից ուզում եմ ասել, որ Ռուսաստանում մենք, այնուամենայնիվ, շատ լարված հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար», - նշել է Ռուսաստանի վարչապետը: Նա կարևորել է, որ ձեռք բերված զինադադարի ռեժիմը պահպանվի: «Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում գործադրվող ջանքերը երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ., և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը», - ընդգծել է Մեդվեդևը: «Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը», հավելել է ՌԴ վարչապետը: Կրկին խուսափեցին Ադրբեջանին քննադատել Ապրիլի 4-ին` քառօրյա պատերազմից անմիջապես հետո, Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել էր, որ ակնկալում է հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ: Այդ օրերին, հիշեցնենք, որ Հայաստանում լայն արձագանք էր ստացել այն, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին Ռուսաստանից ձեռք բերած զինատեսակները: Այդ օրը Ս.Սարգսյանն ընդունել էր Հայաստան ժամանած Մեդվեդևին ու հայտարարել: «Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում ՌԴ-ից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ», ընդգծել էր նա` հավելելով. «Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994թ. Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից: Եվ, իհարկե, Դմիտրի Անատոլիի, ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է», շեշտել էր Ս. Սարգսյանը: ՌԴ վարչապետն այդ օրն ընդամենն ասաց այսքանը. «Մենք ելնում ենք նրանից, որ հիմա ամենակարևորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ»: Ի՞նչ է փոխվել քառօրյա պատերազմից մեկուկես ամիս անց... Ոչի՛նչ: Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները մակարդակով ու կշռով տարբեր հարաբերություններ են: Մենք մեկընդմիշտ պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ Ռուսաստանից չենք լսելու որևէ «թթու խոսք»` ագրեսիայի դիմած Ալիևի հասցեին: Ադրբեջանը Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքի ամենագրավիչ երկրներից մեկն է թերևս: Այո՛, ղարաբաղյան հակամարտությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններին կարող է չխոչընդոտել, որովհետև, եթե կա կողմ, որը կարող է կորուստներ ունենալ, և ունենում է` դա Ադրբեջանը չէ, Հայաստանն ու Արցախն են: Բայց կարևորը` «չկասկածենք», Ռուսաստանը միշտ «կօգնի մեզ»... Թամար Բագրատունի

դիտվել է 121 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am