Կորոնավիրուսը «բնական ծագում ունի». Ինչ է կատարվում Հայաստանի սահմանակից երկրներում

Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 3 միլիոն 700 հազարը: Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 260 հազարին, իսկ բուժվածներինն անցել է 1 միլիոն 240 հազարից:
Մեծ Բրիտանիան առաջ է անցել Իտալիայից ու Իսպանիային կորոնավիրուսից մահացության ցուցանիշով՝ 29 հազար 427, զբաղեցնելով առաջին տեղը Եվրոպայում: Միաժամանակ, Բրիտանիայի վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների համաձայն, երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 32 հազարը. այս վիճակագրությունը ներառում է ոչ միայն հիվանդանոցներում մահերը, այլև Covid-19-ի կասկածով մահվան դեպքեր տանը, ծերանոցներում:

Ավելի շատ մահվան դեպքեր միայն ԱՄՆ-ում են՝ 72 հազարից ավելի: Նյու Յորքում մետրոն գիշերային ժամերին փակվելու է՝ ախտահանման համար. նախկինում այն շուրջօրյա էր աշխատում: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է զեկույց հրապարակել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ:

Տաջիկստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների այցից հետո առողջապահության նախարարն ազատվել է աշխատանքից, և այժմ այնտեղ համաճարակը տարածվում է արդեն պաշտոնապես: Հիշեցնենք, այդ երկրում ԱՀԿ ներկայացուցիչների այցի նախօրեին միայն պաշտոնապես «հայտնվեցին» Covid-19-ով առաջին հիվանդները և առաջին զոհերը: Իսկ Թուրքմենստանը չեղարկել է ԱՀԿ փորձագետներին ուղղված հրավերը:

Ռուսաստանում երեք օր անընդմեջ Covid-19-ի 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվում: Ընդհանուր առմամբ երկրում կա ավելի քան 155 հազար հաստատված դեպք, ավելի քան 1500 մահ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ կցանկանա, որ Մինսկում անցկացվելիք մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա շքերթը հեռարձակվի նաև ռուսական հեռուստատեսությամբ, հայտնում է BelTa լրատվական գործակալությունը: Դրանից առաջ էլ Լուկաշենկոն Մինսկի շքերթին հրավիրել է այլ երկրների ղեկավարներին՝ «գոնե նախկին Խորհրդային Միության», և հույս հայտնել, որ «գոնե ինչ-որ մեկը կգա»՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ շքերթին շատ մարդկանց մասնակցությունը ազդեցություն չի ունենա նրանց առողջության վրա:
ԱՀԿ նախօրեին ուշագրավ տեղեկությամբ հանդես եկավ՝ նշելով, թե վիրուսը «բնական ծագում ունի»: Կորոնավիրուսի ծագման և տարածման հարցի շուրջ Վաշինգտոնի և Պեկինի սուր վեճը շարունակվում է: Կիրակի օրը պետքարտուղար Մայք Փոմփեոն պնդել է, թե ըստ հավաստի տվյալների, վիրուսը դուրս է եկել Ուհանում չինական լաբորատորիայից: Ամերիկացիներին միացել են բրիտանացիները` Չինաստանից պահանջելով տեղեկություններ տրամադրել համավարակի բռնկման մասին, այնուամենայնիվ բրիտանացիները ձեռնպահ են մնացել չինացիներին համաշխարհային դավադրության մեջ ուղղակի մեղադրելուց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Մայքլ Ռայանը ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է կայացնի վիրուսի ծագման մասին ինֆորմացիայով ուրիշների հետ կիսվելու որոշումը: «Մենք ԱՄՆ կառավարությունից վիրուսի ծագման մասին ապացույցներ չենք ստացել, ուստի, մեր տեսակետից՝ այս պահին հայտնի պնդումները սպեկուլյատիվ բնույթ ունեն, մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ վիրուսը բնական է»,- ասել է ԱՀԿ-ի գործադիր տնօրենը: Նույնը կրկնել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերկովը. «Վիրուսի գենոմի հերթականությունների վերլուծությունը, իսկ մենք շուրջ 15 հազար ստուգում ենք անցկացրել, ցույց են տալիս, որ դա բնական ծագման վիրուս է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն այդ մեկնաբանություններով արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Փոմփեոյի պնդումներին այն մասին, որ կորոնավիրուսը գիտական հետազոտությունների կանոնները չպահպանելու կամ ինչ-որ այլ միջադեպի արդյունքում դուրս է եկել Ուհանում գործող կենսաբանական ստուգումների լաբորատորիայից: Ըստ այդ թեզի, վիրուսը տեղում ժամանակին չի լոկալացվել, քանի որ չինացիները կամ չեն կարողացել դա անել, կամ ինչ-ինչ պատճառներով չեն ցանկացել դա անել:

Ամենասուր մեղադրանքը, որը ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք երկրներ հասցեագրում են Պեկինին, այն է, որ Չինաստանի իշխանությունները մեծ ուշացումով են աշխարհին տեղեկացրել վիրուսի ահավոր վարակիչ ունակության մասին, ինչի արդյունքում վատնվել է ցանկացած համավարակի դեմ պայքարի ամենահզոր ռեսուրսներից մեկը՝ ժամանակը: Չինացիները հերքում են այդ բոլոր մեղադրանքները:

Մինչդեռ, Մայքլ Ռայանի փոխանցմամբ, աշխարհը պետք է դրվատանքով խոսի համավարակի դեմ Չինաստանի պայքարի մասին: «Մենք պետք է հասկանանք, որ կարող ենք սովորել չինացի գիտնականներից, մեկս մյուսից, գիտելիք փոխանակել, միասին գտնել պատասխաններ, մենք տեսնում ենք, որ չինացիները համագործակցում են աշխարհի հետ այս համավարակի ամբողջ ընթացքում, այս ոգին պետք է պահպանենք»,- ասել է Ռայանը:

Աշխարհում մեծ թվով գիտնականներ համաձայն են ԱՀԿ-ի մասնագետների հետ և համոզված են, որ այս վիրուսը բնական ծագում ունի: ԱՄՆ հետախուզական կառույցները նույնպես ենթադրում են, որ աշխարհը պատուհասած վիրուսը մարդու կողմից ստեղծված կամ գենետիկորեն մոդիֆիկացված չէ: ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտարարել է, որ հետաքննում է Ուհանի լաբորատորիայի և կորոնավիրուսի միջև կապի վարկածը:

Դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ով ղեկավարում է ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի Սպիտակ տան թիմից է, դեռ ապրիլի կեսերին է կարծիք հայտնել, որ այդ վիրուսն, ամենայն հավանականությամբ, կենդանուց է փոխանցվել մարդուն, նոր միջավայրում զարգացել և դրանից հետո մարդուց մարդուն է փոխանցվել:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը միջազգային համայնքին կոչ է արել համավարակի խնդիրը քաղաքականացնելու փոխարեն համագործակցել, կասեցնել կորոնավիրուսի տարածումը և ստեղծել աշխարհին անհրաժեշտ պատվաստանյութեր ու դեղամիջոցներ:

Իսկ ինչ է կատարվում մեր տարածաշրջանում: Հայաստանի հարևան երկրները ևս թուլացնում են կորոնավիրուսի կարանտինի սահմանափակումները, վերաբացում առևտրի ու տնտեսության որոշ ճյուղեր:

Երեկվանից Վրաստանում թույլատրվել է շինարարական կազմակերպությունների, շինանյութ արտադրող ընկերությունների, ավտոսպասարկման ծառայությունների աշխատանքը: Վերաբացվել են Քութաիսի և Բաթումի քաղաքները, թույլատրվում է ելումուտը այդ քաղաքներ: Շաբաթվա վերջին հնարավոր է վերաբացվի նաև Թբիլիսին:
Իշխանությունների քայլերը ընդդիմությունը ուշացած է համարում` զգուշացնելով զանգվածային սովահարության ռիսկերի մասին, և նշում է, որ ապրիլին սղաճը ավելի քան երկու անգամ մեծացել է: Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժումն» ու «Եվրոպական Վրաստանը» պահանջում են վերսկսել նաև խորհրդարանի աշխատանքը: «Կառավարությունը սովի է մատնում ինքնաշխատող մեր 600 հազար քաղաքացիների: Խորհրդարանը պետք է սեղմ ժամկետներում քննարկի արտակարգ բյուջեն, որն այդպես էլ կառավարությունը չի ներկայացրել»,- ասել է «Ազգային միացյալ շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն` պնդելով, որ առանց խորհրդարանական քննարկումների բնակիչներին և բիզնեսին տրվող հատկացումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում: Այսօրվա դրությամբ Վրաստանում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսի 610 դեպք է արձանագրվել, մահացել է 9 հիվանդ:

Ադրբեջանում մինչև մայիսի 31-ը երկարաձգված սահմանափակումները աստիճանաբար թուլացվում են: Բաքվում, ինչպես նաև այլ քաղաքներում վերաբացվել են որոշ խանութներ, սպասարկման ծառայություններ՝ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ: Քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները հանվել են: Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերը՝ 2060 է, իսկ մահերի թիվը՝ 26:

Հայաստանի մյուս հարևան Իրանը ևս թուլացրել է սահմանափակումները, մասնավորապես երկրի ներսում վերկանգնվել է միջքաղաքային երթևեկությունը, բացվել են խանութները, այդ թվում` առևտրի խոշոր կենտրոնները, չնայած առողջապահության համակարգի պաշտոնյաները խոշոր կենտրոնների վերաբացումը դեռ ռիսկային են համարում: Թեհրանում սկսել են ֆիլմեր ցուցադրել մեծ տարածքներում, որտեղ հնարավոր է ֆիլմերը դիտել ավտոմեքենաների մեջ նստած: «Կինոհրապարակի» մուտքի մոտ մեքենաները ախտահարվում են, մեկ մեքենայում երկու մարդուց ավել չի թույլատրվում նստել, սոցիալական հեռավորությունը պահպանվում է: Մարդիկ այստեղ են գալիս ոչ միայն ֆիլմեր դիտելու, այլև ընկերներին հանդիպելու համար, երկար շարունակված կարանտինի ընթացքում շատերն իրար չեն տեսել:

Իրանում կարանտինի սահմանափակումները բոլոր շրջաններում չեն մեղմացվել: Երկիրը բաժանվել է երեք գոտիների՝ սպիտակ, դեղին և կարմիր: Սահմանափակումները թուլացվում են ցածր ռիսկայնության սպիտակ գոտում, որտեղ վերաբացվում են նաև մզկիթներն ու դպրոցները: Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 100 հազարի, մահացել է 6 հազար 340 մարդ:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օրերս հայտարարել է, որ կարանտինի սահմանափակումները թուլացվելու են մայիսի 11-ից: Նախատեսվում է բացել խանութները, մասամբ վերացնել տեղաշարժի արգելքը՝ մեծահասակներին ու երեխաներին թույլատրել մի քանի ժամով դրսում մնալ, մեղմացնել պարետային ժամի պայմանները: Թուրքիայում կորոնավիրուսի 129 հազարից ավելի դեպք է արձանագրվել, մահացել է ավելի քան 3500 մարդ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3159 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am