Ինչպե՞ս ծագեց վիրուսը. Աշխարհը Չինաստանից բացատրություն է պահանջում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրեց պլանը՝ 3 փուլից կազմված եռաստիճան, որը երկրի տնտեսությունը, առևտուրը վերաբացելու համար նպատակով է:
Առաջին փուլը ենթադրում է մեծ օբյեկտների` ռեստորանների, մարզասրահների վերաբացում, որտեղ սոցիալական հեռավորությունը խստորեն պետք է պահպանվի, պայմաններ ապահովվեն, որ մարդիկ միմյանց մոտ չգտնվեն: Երկրորդ փուլը ենթադրում է դպրոցների, ուսումնական հաստատությունների, ճամփորդությունների վերաբացում: Կթույլատրվի 5 տասնյակ մարդկանց միաժամանակյա ներկայությունը նույն վայրում: Երրորդ փուլում արդեն կվերացվեն բժշկական տեսանկյունից խոցելի խմբերի նկատմամբ սահմանափակումները:

Թրամփի ուղեցույցը պարտադիր կատարման հրահանգ չէ, այլ ավելի շուտ առաջարկների փաթեթ է: Նահանգներն իրենք են որոշում կայացնելու` յուրաքանչյուրը գնահատելով իր մոտ ստեղծված իրավիճակը: Նախագահն ասել է, որ տնտեսությունը վերաբացելու իր ներկայացրած ուղեցույցի հիման վրա հենց հաջորդ օրը որոշ նահանգներ կարող են վերաբացվել, իսկ մյուսները քայլեր կատարեն մոտ ապագայում: «Նահանգապետերը լիազորություններ ունեն տեղայնացնելու մոտեցումները իրենց նահանգի պայմաններին համապատասխան: Բոլոր նահանգները տարբեր են, եթե նրանք փակ մնալու կարիք ունեն, մենք դա կթույլատրենք: Եթե կարծում են` վերաբացվելու ժամանակն է, մենք նրանց կօգնենք, որ արագ, շատ արագ իրականացնեն դա»,- ըստ «Ազատության»՝ նշել է Թրամփը` նահանգներին կոչ անելով միասին աշխատել ներդաշնակեցնելու նրանց ռեգիոնալ ջանքերը: Հյուսիս-արևելյան շրջանների յոթ նահանգներ, այդ թվում` Նյու Յորքն արդեն հայտնել են, որ առկա սահմանափակումները երկարաձգում են առնվազն մինչև մայիսի 15-ը: Կենտրոնական շրջանների յոթ նահանգներ, այդ թվում` Միչիգանը, Վիսկոնսինը, Իլինոիսը որոշել են համակարգել իրենց ջանքերը` տնտեսության ռեստարտն իրականացնելու համար:

Մոտ երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում անցավ 2 միլիոն 200 հազարից, զոհերի թիվը ացնել է 152 հազարից: Վարակի տարածման տեմպերով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, այդ երկրում հաստատված դեպքերի թիվը գրեթե 691 հազարի է հասնում, մահացել է ավելի քան 35,955 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների 50 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, որտեղ ամենամեծ թվերը Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում են: Բացի Ֆրանսիայից մյուս երեք երկրները սկսել են թուլացնել համաճարակի դեմ ավելի վաղ սահմանած կոշտ միջոցառումները, առողջապահության ոլորտը համակարգող միջազգային կառույցը, մինչդեռ, հորդորում է չշտապել՝ նախազգուշացնելով առաջիկա շաբաթներին հնարավոր վատթարագույն պատկերի մասին:

Ֆրանսիայում հակահամաճարակային սահմանափակումները թերևս ամենախիստն են Եվրամիության տարածքում: Այդքանով հանդերձ՝ իրավիճակն օր-օրի բարդանում է. միայն երեկ այդ երկրում ռեկորդային թվով մահվան դեպքեր են արձանագրվել՝ 1438, զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 18 հազարի: Հաղորդվում է, որ վտանգված են երկրի գրեթե բոլոր ծերանոցները, որտեղ վարակի առնվազն մեկական դեպք է հաստատվել:
Գերմանիայից լուրերը հիմնականում դրական են: Երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ երկրում կարանտինային միջոցառումները թույլ են տվել իրավիճակը վերահսկողության տակ առնել, և վերջին տվյալները փաստում են, որ նոր վարակակիրների թիվը նվազում է, ավելանում են ապաքինվածները: Նախարարի խոսքով՝ համաճարակի դեմ պայքարի հաջողության շնորհիվ մայիսից երկրի հիվանդանոցները կանցնեն աշխատանքի բնականոն ռեժիմի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով՝ համաճարակային իրավիճակը սրվում է Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Մեծ Բրիտանիայում: Միացյալ Թագավորությունում վարակվածների թիվը հասել է 103 հազարի, կառավարությունը ևս երեք շաբաթով երկարաձգեց կարանտինը:
Ռուսաստանում վարակվածների թվի աճը պահպանվում է՝ օրական ավելի քան 3 հազար մարդ, վարակակիրների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 32 հազարը: Նախագահ Վլադիմիր Պուտինը ի վերջո որոշեց հետաձգել մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը:

Կորոնավիրուսի համաճարակի ծագման օջախ համարվող Չինաստանի Հուբեի նահանգի իշխանություններն այսօր ներկայացրել են համաճարակի նոր վիճակագրությունը, ըստ որի՝ զոհերի թիվը մոտ 1300-ով կամ գրեթե 50 տոկոսով ավելի է, քան հաղորդվում էր ավելի վաղ: Նահանգի պաշտոնյաները պնդում են, որ տվյալները թաքցնելու դիտավորություն չեն ունեցել, նոր թվերը պայմանավորված են նոր տվյալների հայթայթմամբ: Կորոնավիրուսի դեպքերի Չինաստանի ներկայացրած վիճակագրությունը մի շարք երկրներում կասկածի տեղիք է տվել: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մասնավորապես, հայտարարել է, թե միամտություն էր Պեկինի հրապարակած տվյալներին հավատալը:

Այժմ արդեն ոչ միայն Միացյալ Նահանգներն, այլև Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են հրապարակավ հայտարարում` մի շարք հարցեր ունեն Չինաստանին Ուհանում անցած տարեվերջին ի հայտ եկած նոր կորոնավիրուսի, դրա ծագման ու տարածման վերաբերյալ: «Ակնհայտ է, որ մենք չենք կարող նախկինի պես աշխատել Չինաստանի հետ», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, ով այս օրերին հանդես է գալիս վարչապետի անունից: Բորիս Ջոնսոնը ինքն էլ մի քանի շաբաթ է` պայքարում է նոր վիրուսի դեմ, որն արդեն մոտ 150 հազար մարդու կյանք է խլել ու կաթվածահար արել համաշխարհային տնտեսությունը: «Այս ճգնաժամից հետո Չինաստանը պետք է պատասխան տա մի շարք դժվարին հարցերի, մասնավորապես` ինչպե՞ս է ծագել այս վիրուսը, և հնարավոր չէ՞ր արդյոք այն ավելի վաղ կանխարգելել», - հայտարարել է Ռաաբը:

Մինչ այդ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ էին հաղորդել` Վաշինգտոնում ավելի են ամրապնդվում կասկածները, որ վիրուսն իրականում ոչ թե կենդանիների շուկայում է տարածվել ու փոխանցվել մարդուն, ինչպես պնդում է Չինաստանը, այլ` սկիզբ է առել այդ շուկայից քիչ հեռու գործող բիոլաբորատորիայում ու տարածվել մարդկային սխալի պատճառով: Նախօրեին լրագրողները այս մասին հարց էին ուղղել նախագահ Թրամփին` Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ:

«Մի շարք աղբյուրներ Fox News-ին հաղորդել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունում այժմ արժանահավատ են համարում պնդումները, ըստ որոնց այս վիրուսը սկիզբ է առել Ուհանի լաբորատորիայում, բայց քանի որ այնտեղ անվտանգության կանոնները բավարար չափով չեն պաշտպանվում, վարակն անցել է աշխատակիցներից մեկին: Արդյոք սա համապատասխանո՞ւմ է այն տեղեկատվությանը, որ դուք ստացել եք պաշտոնյաներից», - ըստ «Ազատության»՝ հարցրել էր FOX NEWS-ի թղթակից Ջոն Ռոբերտսը:

Փաստացի Սպիտակ տան ղեկավարը չէր հաստատել, բայց և չէր հերքել այդ վարկածը, իսկ երբ լրագրողները հետաքրքրվել էին` արդյոք քննարկե՞լ է հարցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, Դոնալդ Թրամփը պատասխանել էր` «չէի ուզի հիմա բացահայտել մեր զրույցի մանրամասները»: «Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում այս մասին, և շատ հանգամանալից ուսումնասիրություն ենք անում այս սարսափելի իրավիճակի շուրջ` պարզելու` ինչ է տեղի ունեցել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Քննարկումներն էլ ավելի էին թեժացել, երբ հեղինակավոր «Վաշինգտոն Փոստ»-ը գրել էր, թե կորոնավիրուսի համաճարակի բռնկումից երկու տարի առաջ դեռ Չինաստանում աշխատող ամերիկացի դիվանագետները ներքին խողովակներով երկու անգամ նամակ են ուղարկել Վաշինգտոն ու ահազանգել` Ուհանի բիոլաբորատորիայում, որտեղ վտանգավոր փորձարկումներ են իրականացվում, անվտանգության պատշաճ նորմերը չեն պահպանվում: Արձագանքելով այդ հաղորդումներին` պետքարտուղար Մայք Փոմփեոն նախօրեին հորդորել է Չինաստանի կառավարությանը բացվել աշխարհի առաջ ու փարատել այս կասկածները: «Մենք գիտենք, որ վիրուսը սկիզբ է առել Ուհանում, շուկայում, գիտենք, որ այդ շուկայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ բիոլաբորատորիան է գտնվում: Բայց մենք նաև մի շարք հարցերի պատասխաններ չունեն, և մեզ անհրաժեշտ է, որ Չինաստանի կառավարությունը ճշմարտությունն ասի: Նրանք հայտարարում են, թե ուզում են համագործակցել, դրա լավագույն ճանապարհը կլինի թույլ տալ, որ աշխարհի փորձագետներն ու գիտնականները մուտք ունենան այդ տարածք և պարզեն` իրականում ինչ է տեղի ունեցել», - նշել էր Փոմփեոն:

Ֆրանսիայի նախագահն է կասկածի տակ դրել պաշտոնական Պեկինից հնչող հայտարարությունները: «Միամտություն կլիներ հավատալ, որ Չինաստանը արևմուտքից ավելի արդյունավետ է պայքարել վիրուսի դեմ», - Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Էմանյուել Մակրոնը, ընդգծելով, - «Ակնհայտ է, որ այնտեղ տեղի են ունեցել բաներ, որոնց մասին մենք չգիտենք»:

Մինչդեռ պաշտոնական Պեկինը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Արտգործնախարարության խոսնակն այսօր կրկին պնդել է, թե առաջին իսկ օրից բաց ու թափանցիկ է աշխատել միջազգային համայնքի հետ: Հերքելով արևմուտքում հնչող կասկածները` չինական կառավարությունը միաժամանակ այսօր` համաճարակի բռնկումից ամիսներ անց, ընդունել է, որ էպիկենտրոնը դարձած Ուհանում իրականում կորոնավիրուսից մահվան դեպքերը շատ ավելին են եղել, քանի մինչ օրս ներկայացվել էր: Հրապարակված նոր վիճակագրության համաձայն, մասնավորապես, մահացության ցուցանիշն ավելացել է 50 տոկոսով` հասնելով շուրջ չորս հազարի: «Մենք երբեք ոչինչ չենք թաքցրել, ուղղակի վարակի սկզբնական շրջանում հաշվարկը սխալ էր կատարվել», ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:

Նախագահ Սի Ծինփինն էլ հարցը քննարկել է արևմուտքի հետ լարված հարաբերություններով հայտնի մեկ այլ գործընկերոջ` Ռուսաստանի նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինը փաստել է` «որոշ մարդիկ ուղղակի ուզում են վարկաբեկել Պեկինին»:

Թե ինչ իրավիճակ է տեղում իրականում, դժվար է ասել` գրաքննության ու սահմանափակումների պատճառով: Շաբաթներ առաջ Պեկինը երկրից վտարեց ամերիկյան հեղինակավոր պարբերականների, այդ թվում` NYT-ի, WP-ի, Bloomberg-­ի թղթակիցներին, որոնք պաշտոնական հաղորդագրություններից տարբերվող կարծիքներ ու փաստեր էին հրապարակում: Մի քանի օր առաջ էլ Չինաստանի դատախազությունը հաղորդեց, թե քրեական գործ է հարուցել երկրի ազդեցիկ գործարարներից մեկի դեմ, ով քննադատել էր նախագահ Սի Ծինփինի քաղաքականությունը համաճարակի դեմ պայքարում:

Անշարժ գույքի ոլորտում մեծ կարողություններ ունեցող Ռեն Ժիգիանգը ուղղակի անհետացել էր` սոցիալական ցանցերում տարածված այդ քննադատական հոդվածից հետո: Մի քանի շաբաթ 68-ամյա գործարարի, նրա գտնվելու վայրի մասին որևէ բան հայտնի չէր, և միայն վերջերս Պեկինն ընդունեց, որ նա բանտում է` կարգուկանոնի ու օրենքի կոպտագույն խախտումների համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5056 անգամ
Լրահոս
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից. Times Ընտրություններում պարտված Ռումինիայի վարչապետը հեռացել է կուսակցության նախագահի պաշտոնից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է Անդրեասյանը առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. հայտարարություն Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը` Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանական Երևան» միջոցառմանը ՔՊ-ն բյուջեն փորձում է համալրել՝ քաղաքացիներին տուգանելով. Արշակ Սարգսյան Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Բայդենի և Թրամփի թիմերը Ուկրաինայի և այլ հարցերով աշխատում են ձեռք ձեռքի տված. Ուոլց Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. լրատվամիջոցներ Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am