Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին
Երեկ ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին:
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Երեկ Էրեբունի բկ ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում:
Առողջություն փոքրիկին եւ մայրիկին:
Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,- գրառել է ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ 2014 թվականին բանակ զորակոչված Աղասի Ասատրյանը ծառայել էր Թալիշում՝ որպես հետախույզ: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից: Մի խումբ ընկերների հետ Աղասին կասեցրել է թշնամու գրոհը, ստիպել նրան նահանջել: Հակառակորդը ավելի մեծաքանակ ուժերով մարտը վերսկսել է երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում: Տղաները կռվել են մինչեւ վերջին փամփուշտը եւ զոհվել:
