«Պատերազմի մեջ ենք, թշնամին աներևույթ է...». կորոնավիրուսն ու Եվրոպայի փակված սահմանները

Աշխարհի առաջատար երկրների թիվ մեկ խնդիրն այսուհետ կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներն են, նրանք քննարկում են հավելյալ ֆինանսական ու տեխնիկական միջոցներ հատկացնելու հարցերն՝ արձանագրելով, որ վիրուսը նոր մարտահրավեր է աշխարհի համար՝ ֆինանսատնտեսական առումով:

Անցած մեկ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 620 մարդ: Ամենածանր իրավիճակն այս պահին Իտալիայում է: Այստեղ երեկ երեկոյան եղած տվյալների համաձայն՝ մեկ օրվա ընթացքում 349 մահվան դեպք էր գրանցվել, ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 2158 մարդ, մոտ 27 հազար մարդ այս պահին հիվանդ է:

Եվրամիությունը մեկ ամսով փակեց իր սահմանները օտարերկրացիների համար՝ բացառությամբ բրիտանացիների: Աշխարհի տարբեր երկրները մեկը մյուսի հետևից արտակարգ միջոցներ են կիրառում: Կանադան փակում է մուտքը բոլոր օտարերկրացիների համար՝ բացառությամբ ամերիկացիների, Ֆինլանդիան փակում է դպրոցներն ու համալսարանները: Գերմանիայում փակվել են որոշ խանութներ, բարեր, ակումբներ, թանգարաններ, թատրոններ ու եկեղեցիներ:

Ռուսաստանում Covid-19-ի դեպքերի թիվը հասել է 93-ի, այսինքն՝ մեկ օրում աճել է մեկուկես անգամ: Ռուսաստանը փակում է մուտքը օտարերկրացիների համար մինչև մայիսի 1-ը, ավելի վաղ հայտարարվել էր մի շարք երկրների, այդ թվում՝ Բելառուսի հետ սահմանները փակելու մասին: Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով արգելվել են ավելի քան 50 մարդու մասնակցությամբ հավաքները, մեծ թատրոնները չեղարկել են ներկայացումները: Ռուսաստանի համալսարանները զանգվածաբար անցում են հեռավար ուսուցման, Մոսկվայում մարտի 21-ից դպրոցները կփակվեն:
Ֆրանսիան սահմանափակեց երկրի տարածքում քաղաքացիների տեղաշարժը և կասեցնում ընթացող բոլոր բարեփոխումները, ներառյալ՝ կենսաթոշակային: Երեկ երեկոյան նախագահ Էմանյուել Մակրոնը նոր հեռուստաուղերձով դիմեց քաղաքացիներին, որում հայտարարեց երկրում սահմանափակումների մասին: Նախագահը ֆրանսիացիներին կոչ արեց խուճապի չմատնվել, ցուցաբերել համերաշխություն և պատասխանատվություն:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 6 հազար 700-ին, համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 148 մարդ: «Ֆրանսիան երբեք նման միջոցներ չի ձեռնարկել խաղաղ ժամանակ», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է երկրի ղեկավարը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը չեղարկել է գարնանային նստաշրջանը: «Մենք պատերազմի մեջ ենք, թշնամին աներևույթ է, բայց սպառնում է մեր առողջությանը», - նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը` անցած մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ դիմելով ֆրանսիացիներին: Ելիսեյան պալատում Անվտանգության խորհրդի անդամների հետ մի քանի ժամ շարունակված նիստից հետո Մակրոնը հայտարարեց` Փարիզն է՛լ ավելի է խստացնում սահմանափակումները` նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Ֆրանսիան փակում է սահմանները առնվազն 15 օրով, ֆրանսիացիները կարող են տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, զանգվածային միջոցառումներն արգելվում են, տեղական ընտրությունները` հետաձգվում: «Ես հասկանում եմ, որ այն, ինչ խնդրում եմ հիմա, աննախադեպ զոհողություն է, սակայն, ցավոք, առկա հանգամանքներն են դա պահանջում: Մենք պատերազմի մեջ ենք, ու թեև կռիվն այլ պետության դեմ չէ, սակայն թշնամին այստեղ է` անտեսանելի է, անշոշափելի, բայց` առաջ է տանում դիրքերը, ինչը պահանջում է համազգային մոբիլիզացիա», - նշել էր Ֆրանսիայի նախագահը:

Հաստատված սահմանափակումներին հետևելու համար առավոտից փողոցներում հսկողություն կիրականացնեն 100 հազար ոստիկաններ, կարգազանցները` կպատժվեն: Մակրոնը միաժամանակ հայտարարեց` սոցիալական ու տնտեսական լարվածությունը մեղմելու համար կառավարությունը կդադարեցնի բոլոր բարեփոխումները, այդ թվում՝ կենսաթոշակի ռեֆորմը, որի դեմ ամիսներ շարունակ հարյուր հազարավոր աշխատողներ բողոքի ցույցեր էին անցկացնում: Բացի այդ, իշխանությունները նաև որոշել են ֆրանսիացիներից գումար չգանձել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի ու գազի համար, որպեսզի որևէ մեկը չմնա ձեռնունայն`առանց գումարի:

Երեկ ուշ երեկոյան հավելյալ սահմանափակումներ մտցրեց նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը: «Ժամանակն է դադարեցնել շփումները, եթե դրանք ծայրահեղ անհրաժեշտ չեն», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նշել է երկրի վարչապետը: Բորիս Ջոնսոնն առանձին ուղերձով դիմեց հատկապես երկրի 70-ն անց տարիքի բնակչությանը` հորդորելով այս շաբաթավերջից առնվազն երեք ամսով մեկուսանալ: Ավելի վաղ Առողջապահության նախարարը BBC-ին ասել էր`այդ ընթացքում կառավարությունը մինչև տարեցների դուռը կհասցնի անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը. - «Շատերը կպնդեն, թե այս քայլերն ավելորդ են, դրանց կարիքն ամենևին չկա: Սակայն, պետք է ասեմ, կարծում եմ` սրանց մեծ մասն անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք նվազեցնել վիրուսի տարածումը, կարողանանք փրկել մարդկանց կյանքը և հնարավորություն տանք մեր ազգային առողջապահական ծառայությանը դիմակայել այս մարտահրավերներին»:

Այսպիսով, Եվրոպան՝ կորոնավիրուսի նոր էպիկենտրոն է դարձել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր` անցած տարեվերջին Չինաստանում սկիզբ առած վարակը այժմ տեղափոխվել է Եվրոպա, վերջին շաբաթներին այստեղ ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել, քան ողջ աշխարհում` Չինաստանը չհաշված:

Արձագանքելով աննախադեպ զարգացումներին` եվրոպական կառավարություններն է՛լ ավելի են խստացնում սահմանափակումները: Հետևելով Իտալիայի օրինակին` համազգային կարանտին են հայտարարել նաև Իսպանիան և Չեխիան. այդ երկրի բնակիչները կարող են տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում` աշխատանքի, մթերային խանութ գնալու, կամ` կարիքի մեջ գտնվող հարազատին տեսակցելու:

Ֆրանսիայի առողջապահության նախարարն արդեն զգուշացրել է` իրավիճակը խիստ մտահոգիչ է: «Վիրուսն անտեսանելի է, և տարածվում է արագ` վտանգելով մարդկանց կյանքը: Ես աղաչում եմ ֆրանսիացիներին հարգել մեր հորդորները, և հնարավորինս կրճատել շփումները այլոց հետ», -ըստ ռադիոկայանի՝ ասել էր Օլիվիեր Վերանը:
Մեծ Բրիտանիան, ըստ BBC-ի, պատրաստվում է հատուկ որոշում ընդունել, որը կարգելի 70-ն անց քաղաքացիներին տնից դուրս գալ առանց խիստ անհրաժեշտության: Ըստ նախագծի, կառավարությունը ամեն օր մինչև նրանց դուռը կհասցնի սննդով և անհրաժեշտ դեղերով լի փաթեթներ: «Որոշման մանրամասները կհրապարակենք առաջիկա շաբաթներին, երբ կզգանք, որ եկել է դրա ժամանակը», - ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը՝ հավելելով. «Մենք պատերազմական ժամանակներին բնորոշ քայլեր ենք ձեռնարկում և ակնկալում ենք, որ քաղաքացիներից յուրաքանչյուրը զգոնություն կցուցաբերի` պահի լրջությունը հասկանալու համար»:

Բեռլինը հսկողություն է մտցրել սահմանակետերում: Նրանք, ովքեր փորձում են Գերմանիա մտնել առանց հիմնավոր պատճառի, ետ են ուղարկվում, հայտարարել է ոստիկանության խոսնակ Ռեյներ Սխարֆը: «Ստուգումները սկսել ենք այսօր առավոտյան 8-ից, որպեսզի հնարավորինս նվազեցնենք վիրուսի տարածումը: Ոստիկանները նաև փորձում են վարորդների ու ուղևորների առողջական վիճակը գնահատել, եթե մտահոգիչ նշաններ են տեսնում, տեղյակ են պահում այն երկրի իշխանություններին, որտեղից նրանք եկել են», - նշել է նա:

Աննախադեպ այս սահմանափակումներին նաև Վատիկանն է միացել, Հռոմի պապը, որ մինչ այս արդեն հորդորել էր հավատացյալներին պատարագներին հետևել օնլայն հեռարձակմամբ, չեղարկել է Զատիկի բոլոր տոնակատարությունները, որ պետք է սկսվեին ապրիլի 5-ից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1125 անգամ
Լրահոս
«Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք․ ձեր երդումներից հետո ժողովուրդը միայն կորուստ ու ավեր է ունեցել Վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է «Համբերությունը սպառվել է․ շատ քիչ ժամանակ է մնացել․ ո՞վ է լուծելու Փաշինյանի հարցը վերջնական» (video) Քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրավունքների կարևորության մասին,բայց տարածել բռնության դրսևորումներ Եղանակն՝ առաջիկա օրերին Նիկո՛լ, բերանդ ջուր ես առել, դե փորձվիր, գնա Ալիևին ասա՝ ձայնդ կտրի ու էլ բերանդ չբացես․ Սարգսյան (video) Իրանի նախագահը մեկնել է Պակիստան Թրամփը հայտարարել է, որ կլուծի խնդիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am