Թողել են գել ու գազանին, ընկել են բանի հետեւից. Վարդան Ղուկասյան (video)
«Ես կողմնակից եմ, որ աշխատավարձերը բարձրանան, ընդ որում, ոչ միայն այն անձանց, այն ոլորտների, որոնց պարգեւավճար են տվել, այլ ամբողջ ժողովրդի աշխատավարձերը բարձրանան: Կոռուպցիայի դեմ պայքարից որ այդքան շատ են խոսում, խոսում, խոսում, ես ընդհանրապես, չեմ գտնում, որ դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, նմանատիպ հազարավոր մարդկանց պատժում են: Իսկական կոռուպցիոներներին պետք է դատեն, որոնք այս երկիրն ամբողջությամբ օֆշորներում գրանցել ու թալանում են: Հիմա եթե դուրս գաք փողոց, հոգեկան հիվանդանոց մտնեք, հարցնեք՝ ով էս երկիրը թալանեց, ձեզ մի քանի անուն կասեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ կարելի է գտնել ճանապարհը, թե ոնց կարելի է միջոցներ գտնել:
«Թողել են գել ու գազանին, ընկել են բանի հետեւից: Այ դրանցից սկսեք: Նայեք, թե ամբողջ ընդերքն ում ձեռքին է, այդ ռազմավարական նշանակություն ունեցող, շահույթ հետապնդող կառույցները: Ովքեր են դրանց տերերը, չեմ ասում այդ մարդկանց բանտարկեն, վարցնեն դարձնեն պետական սեփականություն, երկրի բյուջեն 3-4 անգամ ավելացնեն, մարդկանց վարդի պես պահեն: Ուրիշ բան չկա էս երկրում անելու»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
