Երբ երկուսը կռվում են, երրորդի գործն աջ չի գնա

«Իրատես» թերթը գրում է. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի շուրջ բորբոքված կրքերին զուգահեռ առողջապահության նախարարությունը կառույցի նոր տնօրեն նշանակեց։ Շուրջ 8 օր է այս կենտրոնը ղեկավարում է Արթուր Բերբերյանը։ Մինչ համայնքներում խոշորացման ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ, «մի վնասիր» սկզբունքը պահելով, առողջապահությունում խոշորացումը խոշոր «լոքերով» է առաջ գնում՝ առաջացնելով մասնագետների բողոքի զանգվածային ալիք։ Եվ այսպես, համայնքներում, ծննդատների լուծարումից եւ խոշոր կլինիկաներին միացնելուց հետո, հերթը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնինն է։ Իհարկե, այս կենտրոնի միավորումը «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ին բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ հարցրինք՝ այս կենտրոնի ֆինանսավորման չափը միավորվելուց հետո փոփոխվելու՞ է, թե՞ ոչ։

«ԿՆԵՐԵՔ, ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ՉԵՄ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ»

-Կենտրոնի ֆինանսավորումը նույն չափով պահպանվելու է,- եղավ պատասխանը։

-Աշխատակիցների թիվն է՞լ է պահպանվելու։

-Բժշկական անձնակազմի թիվը պահպանվելու է։ Գուցե հետագայում նաեւ ավելանա կամ պակասի, սակայն այս պահին փոփոխությունների մտադրություն չկա։

-Պարոն նախարար, եթե եւ՛ ֆինանսավորման չափը, եւ՛ բուժական անձնակազմի թվաքանակը չեն փոխվելու, ամեն ինչ նույն ձեւով պահպանվելու է, ո՞րն է այդ երկու կենտրոնների միավորման նպատակը։

-Բազմիցս պատասխանել եմ միավորման նպատակահարմարությանը եւ ֆունկցիաներին վերաբերող հարցերին։ Այնպես որ, կներեք, այդ հարցին չեմ անդրադառնալու։

«ԱՄԲԻՑԻԱՅԻ ԽՆԴԻՐ ԿԱ՝ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ԽՈՍՔԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»

Քանի որ նախարարը չցանկացավ անդրադառնալ մեր այս հարցին, փորձեցինք այն ճշտել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ ԱՐՇԱԿ ՊԱՊՈՅԱՆԻՑ։

-Պարոն Պապոյան, մեզ հետ զրույցում ներկայացաք որպես բաժնի նախկին վարիչ, դա նշանակում է, որ աշխատանքից ազատման Ձեր դիմումը մակագրվե՞լ է։

-Ոչ, ինչպես իմ, այնպես էլ 107 աշխատակցից 88-ի աշախատանքից ազատման դիմումները չեն մակագրվել։

-Իսկ նորանշանակ տնօրենը կո՞ղմ է, թե՞ դեմ այս միավորմանը։

-Մենք խոսել ենք նորանշանակ տնօրենի հետ, ներկայացրել ենք մեր մտահոգություններն ու բացասական դիրքորոշումը։ Սակայն չենք կարծում, որ նա կիսում է մեր տեսակետը։ Ավելին, կարծում ենք՝ նա ժամանակավոր է ստանձնել տնօրենի պաշտոնը, նշանակվել է, որպեսզի այս միացումը արագ իրականացնի։

-Կարծիք կար, որ միավորումը իրականացվում է տնօրեն փոխելու նպատակով, սակայն այս տարվա փետրվարի 26-ից կենտրոնը ղեկավարում է նորանշանակ տնօրենը։ Հետեւաբար, միավորման նպատակը տնօրեն փոխելը չէր։ Եթե այս հարցը դիտարկենք զուտ ենթադրությունների դաշտում, իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում այս միավորումը, ո՞րն է շահը։

-Որեւէ տրամաբանական գաղափար չենք տեսնում։ Երեւի թե ամբիցիայի խնդիր կա՝ նախարարը ասել է՝ պետք է միավորել եւ իր խոսքից չի ցանկանում հրաժարվել։ Գուցե խոշորացումների միջոցով փորձ է արվում կառավարելի դարձնել ֆինանսական հոսքերը։ Երեւի կհիշեք՝ 2002-2003-ին առողջապահությունում եւս խոշորացման գնացին՝ ստեղծվեցին բուրգեր, որոնք հետո փլուզվեցին։ Ի դեպ, այդ ժամանակ մեր կենտրոնը եւս միավորվեց «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ին։ Սակայն գործընթացը չարդարացվեց, եւ որոշ ժամանակ անց կենտրոնը նորից առանձնացվեց։ Հիմա ի՞նչ, պետք է միավորեն, եղածը քայքայեն, հետո նոր հասկանան սխալը, ինչն ուղղելու համար տարիներ են պետք։

-Պարոն Պապոյան, նախարարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միավորումից հետո ֆինանսավորման եւ աշխատողների թվի կրճատում չի լինի։ Եթե ամեն ինչ պահպանվելու է նույն ձեւով, միավորման նպատակը ո՞րն է։

-Այս հարցը մեզ եւս հետաքրքրում է. նախարարը միավորման հիմքում կարեւորում է աշխատանքի արդյունավետության բարելավումը, սակայն, երբ հարցնում ենք՝ ի՞նչն է, որ բարելավման կարիք ունի, մեր հարցը մնում է անպատասխան։ Ի դեպ, նախարարը ապատեղեկատվություն է տարածում, ասելով, թե միավորումն արվում է միջազգային փորձից ելնելով, սակայն չի ասվում, որ այն երկրներում, որտեղ նման միավորում է եղել, ՄԻԱՎ-ի վարակի տարածումը մեծացել է։ Երեւի այս փաստը միտումնավոր է շրջանցվում։ Ներկայացվում է նաեւ, որ մեր կենտրոնի սարքավորումներով կհետազոտվեն «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի հիվանդները, սակայն չի ասվում թե ինչպես է իրականացվելու հիվանդի տեղափոխումը՝ սանավիացիայո՞վ թե՞ շտապօգնությամբ։

-Ի դեպ, ձեր կենտրոնը մահճակալներ չունի, եւ մինչեւ անցած տարի բուժառուները ստացիոնար բուժում ստանում էին «Արմենիկում» ԲԿ-ում։ Հիմա, երբ «Արմենիկում» կենտրոնը լուծարվեց, ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը, գուցե սա՞ է նաեւ միավորման պատճառը։

-Նախ նշեմ, որ աշխարհում ՄԻԱՎ վարակի բուժումը իրականացվում է ամբուլատոր։ Ինչ վերաբերում է հոսպիտալացմանը, ապա ճիշտ նկատեցիք, առաջ, անհրաժեշտության դեպքում, հիվանդները հոսպիտալացվում էին «Արմենիկում» ԲԿ-ում, եւ այն լուծարելուց հետո հոսպիտալացումն իրականացվում է «Նորք» ԲԿ-ում։ Հոսպիտալացվածների թիվը շատ փոքր տոկոս է կազմում։ Օրինակ, 2019-ին 2500 բուժառուների 2,5 տոկոսն է կարիք ունեցել ստացիոնար բուժման։ Այսինքն, առանց միավորման էլ այդ խնդիրը լուծված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am