Պուտինը չի ուզում պատերազմել, սակայն...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ թեև ռազմական բնագավառում ծախսերի առումով Ռուսաստանը զգալիորեն զիջում է Միացյալ Նահանգներին, իրենք, այդուամենայնիվ այնպիսի գերարդյունավետ ռազմավարական զենք ունեն, որը թույլ է տալիս վստահ լինել, որ ՌԴ-ի վրա չեն հարձակվի։

«Առաջին հերթին, ես նկատի ունեմ, իհարկե, հիպերձայնային հարվածային համալիրները, այդ թվում՝ միջմայրցամաքային հեռահարության», - ասել է նա: Սրա հետ մեկտեղ Պուտինը նաև ընդգծել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում որևէ երկրի հետ պատերազմել, իսկ գերժամանակակից սպառազինությունը ստեղծում է՝ հավասարակշռություն ապահովելու համար։ «Մենք չենք ուզում ոչ մեկի հետ պատերազմել, մենք ուզում ենք ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ ոչ մեկի մտքով չանցնի մեզ հետ պատերազմել», - նշել է նա:

ՌԴ նախագահի խոսքով՝ ռազմական ծախսերի առումով ընդամենը յոթերորդ հորիզոնականում են Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Սաուդյան Արաբիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից հետո: Ըստ «Ազատության»՝ Պուտինը նաև պնդել է, որ Ռուսաստանի ծախսերը տարեցտարի կրճատվում են: Հարցազրույցում նա նաև պատմել է, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն իրեն ափսոսանքով ասել է, թե Նահանգները չափազանց մեծ գումար է ծախսում սպառազինության համար, Պուտինի խոսքով, տարեկան 738 միլիարդ դոլար։

Պետական ТАСС գործակալությունը մաս առ մաս հրապարակում է Պուտինի հետ նոր ձևաչափով հարցազրույցը։ Անկախ դիտորդներն ու փորձագետները համոզված են, որ այս հարցազրույցը մանրամասն խմբագրվել է Կրեմլում, և հարցազրույցի նպատակը Ռուսաստանի նախագահի վարկանիշի բարձրացումն է։

Коммерсантъ թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե 2021 թվականին Պետդումայի ընտրություններում Պուտինը կարող է գլխավորել «Единая Pоссия»-ի («Միասնական Ռուսաստան») կուսակցական ցուցակները: Թերթը նշում է, որ Կրեմլի սցենարով ընտրությունների արդյունքում «Единая Pоссия»-ն պետք է զգալի մեծամասնություն կազմի Պետդումայում, ինչն իր հերթին պետք է կայունություն ապահովի երկրում 2024-ի նախագահական ընտրությունների նախօրեին, որոնց Պուտինն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու: Սա Պուտինի նախագահության չորրորդ և վերջին ժամկետն է: Անկախ փորձագետների մի մասը, սակայն, չի հավատում, որ մի քանի տարի անց Պուտինը կհեռանա Կրեմլից։

Միևնույն ժամանակ Պուտինը շարունակում է «մատը» պահել սիրիական «զարկերակին»: Պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ այսուհետ հրաժարվում է երաշխավորել թուրքական ռազմական ինքնաթիռների անվտանգությունը Սիրիայի օդային տարածքում:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նման հայտարարությամբ հանդես է եկել անցած գիշեր թուրքական բանակի կողմից Հալեպում գտնվող ռազմական օդանավակայանի ռմբակոծությունից և Սիրիայի օդուժի երկու ռազմական ինքնաթիռների ոչնչացումից հետո: Այս միջադեպերից հետո պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ փակում է Իդլիբի օդային տարածքը:

Իդլիբի ցամաքային տարածքում ևս լարվածությունը չի մարում. սիրիական բանակի և զինված ընդդիմության միջև կատաղի մարտերը նոր թափով են վերսկսվել փետրվարի 27-ից հետո, երբ սիրիական բանակի ռազմական գործողությունների արդյունքում թուրքական զինուժը ավելի քան երեք տասնյակ զոհ ունեցավ:

Անկարան, որն աջակցում է սիրիական ընդդիմությանը, հայտարարել է Իդլիբում «Գարնանային վահան» ռազմական գործողություն սկսելու մասին՝ շտապելով սակայն պարզաբանել, որ Թուրքիայի թիրախը բացառապես Ասադի զինվորականներն ու ռազմական օբյեկտներն են, և որ թուրքերը մտադիր չեն պատերազմել Ռուսաստանի հետ։
Թուրքական հռետորաբանության մեղմացման ֆոնին Մոսկվան ու Անկարան լծվել են նախագահների Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Հիշեցնենք, որ նրանց հանդիպումը նախատեսված է Մոսկվայում մարտի 5-ին: Կողմերը հույս ունեն կրկին փորձել որևէ համաձայնության հասնել Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբի շուրջ, որը Բաշար Ասադի հակառակորդների ձեռքում մնացած վերջին տարածքն է:
Մինչ այդ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնական Դամասկոսից պահանջել է Իդլիբում հետ քաշել զինուժը դեպի այն գիծը, որ նախանշվել է պաշտոնական Անկարայի կողմից՝ սպառնալով. «Եթե [կառավարական ուժերը] շուտափույթ կերպով հետ չքաշվեն դեպի այն դիրքերը, որ Թուրքիան է մատնանշում, նրանց գլուխն ուսերին չի մնա»։ Թուրքական ռազմական գերատեսչության տվյալներով, «Գարնանային վահան» գործողության մեկնարկից ի վեր թուրքական զինուժը Իդլիբում ոչնչացրել է 2212 սիրիացի զինվորական, 103 հրասայլ, ութ ուղղաթիռ, մեկ անօդաչու սարք, ինչպես նաև հրթիռային սարքավորումներ և այլ սպառազինություն:

Մինչդեռ Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով, սիրիական զինվորականների կողմից զոհվել է 74 հոգի, այլ ոչ թե հարյուրավոր, ինչպես պնդում են թուրք պաշտոնյաները։

Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգը, որի զգալի հատվածը սիրիական բանակին ի վերջո հաջողվել է ազատագրել զինված խմբավորումներից, վերջին տարիներին համարվել է միլիոնավոր սիրիացի փախստականների ապաստան, որոնք հրաժարվում են ճանաչել Բաշար Ասադի իշխանությունը: Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր ռուսական զինուժի օգնությամբ Ասադի բանակը զգալի հաջողությունների էր հասել այս տարածքում՝ մաքրելով այն ջիհադիստներից և ընդդիմադիր խմբավորումներից: Այդ հարձակումների հետևանքով շուրջ մեկ միլիոն մարդ է տեղահանվել Իդլիբից։ Նրանցից շատերը ուղևորվել են դեպի Թուրքիայի սահման, որն արդեն իր երկրում ավելի քան երեք միլիոն փախստական է ընդունել՝ հիմնականում Սիրիայից: Էրդողանի վարչակազմը, հայտարարելով, որ այլևս ի վիճակի չէ դիմակայել փախստականների նոր հոսքին, անցած հանգստյան օրերին բացեց երկրի արևմտյան սահմանները: Այս որոշման հետևանքով աննախադեպ լարված է հատկապես թուրք-հունական սահմանին, որտեղ բախումները չեն դադարում: Հազարավոր ներգաղթյալներ անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան հերթական անգամ փորձել են մուտք գործել Հունաստանի տարածք: Այդ երկրի իշխանությունները սահմանի երկայնքով կենտրոնացրել են ոստիկանության հավելյալ ուժեր և բանակային ստորաբաժանումներ:

Հունական կառավարությունը նաև որոշում է կայացրել առաջիկա մեկ ամսում երկրի տարածք անօրինական մուտք գործող բոլոր անձանց ժամանակավոր ապաստան չտրամադրելու, ինչպես նաև այդ անձանց անհապաղ այն երկրների տարածք վերադարձնելու մասին, որտեղից նրանք ներթափանցել էին Հունաստան: Պաշտոնական Աթենքը պնդում է, թե փախստականների տեղաշարժը ուղղորդվում է Թուրքիայի կողմից։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3532 անգամ
Լրահոս
Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am