Սադրանքի վտանգը. Կրեմլը կարող է «պաուզա» պահել

«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ:

Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ցանկացած դրսեւորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:

1998-ին Ալիեւի եւ Դեմիրելի նախաձեռնությամբ ստորագրված ռազմավարական համագործակցության պայմանագրով Բաքուն եւ Անկարան որդեգրել են «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիան եւ պարտավորվել ցանկացած իրավիճակում սատարել միմյանց: Անցած 20 եւ ավելի տարիները ապացուցել են, որ Թուրքիա-Ադրբեջան գործակցությունը շատ ամուր հիմքեր ունի, եւ կողմերը բոլոր ոլորտներում միմյանց հետ համակարգում են իրենց գործողությունները:

Այդ թվում՝ հատկապես Հայաստանի եւ Արցախի մասով՝ դիտարկելով հայկական կողմը որպես գլխավոր հակառակորդ: Թեպետ մյուս կողմից՝ հենց այդ իրադրությունն է ստիպել խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին առ այսօր ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությունը ամբողջությամբ Ադրբեջանի օգտին լուծելուց:

Քանզի բոլորի համար պարզ է, որ Բաքվի հաղթանակը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ կնշանակեր Թուրքիայի հաղթանակ եւ նրա դիրքերի աննախադեպ ուժեղացում տարածաշրջանում:

Ռուս-թուրքական նոր լարվածության ֆոնի վրա կարծես առարկայական է դառնում մտահոգությունը, որ Անկարան կրկին կարող է Բաքվին հրահրել որեւէ սադրանքի ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ այդպիսով Ռուսաստանին իր ազդեցությունը ի ցույց դնելու համար:

Ի վերջո, Սիրիայում Թուրքիան ակնհայտորեն չունի այդքան ուժ՝ ռուս-իրանա-սիրիական եռյակին իր պահանջները պարտադրելու համար: Ըստ այդմ, Թուրքիան սովորության համաձայն կարող է լարվածությունը տեղափոխել Հարավային Կովկաս:

Չմոռանանք, որ 2016-ի ապրիլին էլ ռուս-թուրքական հարաբերությունները սիրիական հարթակում աննախադեպ սրվել էին՝ ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով, եւ հենց այդ ֆոնի վրա էլ Ադրբեջանը սադրեց քառօրյա պատերազմը: Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում էր եւ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին վերհիշեց ադրբեջանցիների, այսպես կոչված, «ցեղասպանությունը» Խոջալուում, եւ կրկին համապարփակ աջակցություն խոստացավ Բաքվին՝ տարածքային ամբողջականության վերականգնման դեգերումներում:

Ուշագրավ է նաեւ, որ Էրդողանի այցին զուգահեռ, Ժնեւում կայացած միջազգային միջոցառման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զ. Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Ս. Լավրովի հետ:

Ըստ տարածված տեղեկատվության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ իրավիճակը Սիրիայի շուրջ: Հաշվի առնելով, որ հանդիպումը նախօրոք պլանավորված չէր, չի բացառվում, որ Էրդողան-Ալիեւ հանդիպման ֆոնին Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դիրքորոշումների եւ հնարավոր գործողությունների ճշգրտման անհրաժեշտություն է առաջացել:

Մանավանդ որ Սիրիայում է նաեւ ականազերծողների հայկական հումանիտար զորախումբը, եւ այս ուղղությամբ էլ Թուրքիայի կողմից հնարավոր սադրանքները չի կարելի բացառել:

Բայց միաժամանակ կա մեկ այլ խնդիր. հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդրահարույց եւ անթաքույց անվստահությունը Մոսկվայի կողմից՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանության նկատմամբ: Անցած 2 տարում պաշտոնական Երեւանը՝ Արեւմուտքում ավելի ընկալված լինելու մոլուցքի մեջ, կատարել է բազմաթիվ անիմաստ եւ անմիտ քայլեր, որոնք Մոսկվայում կայուն դժգոհության մթնոլորտ են ձեւավորել Փաշինյանի կառավարության նկատմամբ:

Այդ դժգոհությունը ռուսական փորձագետներն ու լրատվամիջոցները վաղուց արդեն արտահայտում են անթաքույց: Հատկապես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ բոլոր գագաթաժողովների լուսաբանման ժամանակ առկա է կանոնավոր հեգնանքի դրսեւորում Հայաստանի կառավարության նկատմամբ: Այ, սա իսկապես աննախադեպ իրավիճակ է եւ պրոբլեմ, եթե Ադրբեջանը Անկարայի դրդմամբ կրկին փորձի դիմել որեւէ սադրանքի: Հասկանալի է, որ Մոսկվայի համար սկզբունքորեն ավելի կարեւոր են իր ռազմավարական շահերը եւ տարածաշրջանում կայունության պահպանումը:

Բայց մյուս կողմից՝ ամենեւին չի բացառվում, որ ղարաբաղյան շփման գոտում որեւէ սադրանքի դեպքում Կրեմլում կարող է առաջանալ ինչ-որ պահի «պաուզա» պահելու ցանկություն՝ Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու համար: Նաեւ տեսնելու, թե հայկական կողմը ինչպես է դուրս գալու նեղ դրությունից՝ առանց տարածաշրջանում ազդեցիկ դաշնակցի աջակցության:

Ըստ այդմ, թերեւս անհրաժեշտ է անցկացնել Մոսկվայի հետ հրատապ կոնսուլտացիաներ, ճշգրտել դիրքորոշումները եւ վերականգնել փոխադարձ վստահության մթնոլորտը:

Եվ այդ ամենը պետք է անել՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ այս պահին ադրբեջանական հնարավոր սադրանքը կանխելու իրական օպերացիոն հնարավորություններ այս տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական բեւեռ չունի՝ Ռուսաստանից բացի: ԱՄՆ-ում նախընտրական մթնոլորտ է, եւ ամեն ինչ ենթակայեցված է ապագա ընտրություններում թեկնածուների դիրքերի ամրապնդմանը: Իսկ Եվրոպան ունի միջամտության միայն քաղաքական, բայց ոչ ուժային ռեսուրսներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am