Պատերազմի բռնկումն ամենահավանական փուլում է

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը շարունակում է մնալ փակուղային, ինչը պարզ դարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «բառային մենամարտի» ժամանակ Մյունխենում անվտանգության հարցով կոնֆերանսի շրջանակներում, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ ընդգծելով, որ ոչ նախանձելի վիճակում էր գտնվում հատկապես հանդիպման մոդերատորը:

Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հազվադեպ են հանդիպում նույն միջոցառման ժամանակ, առավել ևս՝ միևնույն բեմի վրա: Այդ պատճառով մոդերատորը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախկին տնօրեն Սելեսթ Ուոլանդերը, նախևառաջ շնորհակալություն հայտնեց նրանց՝ այդքան ցավոտ թեման բաց ձևաչափով քննարկելու պատրաստակամության համար:
Բայց երբ սկսեց խոսել Ադրբեջանի նախագահը, պարզ դարձավ, որ շատ սպասելիքներ պետք չէ ունենալ: Իլհամ Ալիևը կատեգորիկ էր, գրում է պարբերականը և մեջբերում նրա խոսքերը. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է»:

Ադրբեջանցի նախագահը պատմական էքսկուրս կատարեց՝ հիշատակելով միջազգային մի շարք համաձայնագրեր, այդ թվում` ՄԱԿ ԱԽ բանաձևերը:
Ինչպես ակնկալվում էր, Նիկոլ Փաշինյանը պատմությունը ներկայացրեց բոլորովին այլ կերպ, գրում է թերթը: Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Բաքվի հավակնությունները հիմնավորված չեն, քանի որ այն Ադրբեջանի տարածքի մի մասն է կազմել միայն Խորհրդային Միության ձևավորումից հետո, ավելի ուշ՝ դուրս է եկել խորհրդային Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը՝ ԽՍՀՄ կազմից: Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ բանաձևերին, ապա Հայաստանի վարչապետի մեկնաբանությամբ՝ զինված ուժերի դուրս բերման պայմանը հրադադարի ռեժիմի պահպանումն է, ինչին չի հաջողվում հասնել:

Մոդերատոր Սելեսթ Ուոլանդերը փորձում էր կողմերին արտահայտվելու հավասար հնարավորություն տալ, բայց նրանցից ամեն մեկն անհրաժեշտ էր համարում հերքել մյուսի հայտարարությունը, նկատում է թերթը: Արդյունքում քննարկումը վերածվեց սպարինգի՝ կողմերը մեղադրեցին իրար փաստերի խեղաթյուրման, փոխզիջման պատրաստ չլինելու, միջազգային իրավունքը խախտելու, ագրեսիան արդարացնելու փորձերի համար: Նրանք խոսում էին անգլերեն, Ադրբեջանի նախագահը ակնհայտ ավելի լավ էր տիրապետում լեզվին, քանի ՀՀ վարչապետը, գրում է պարբերականը:

Նիկոլ Փաշինյանը քննադատեց Բաքվին, քանի որ վերջինս չի համաձայնում ուղիղ երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հետ: «Նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ինչը շատ տարօրինակ է: Ինչպես կարելի է հարցը լուծել, երբ նա չի ցանկանում խոսել հանրապետության ներկայացուցիչների հետ»:
Ալիևի պատասխանը չուշացավ. «Մենք պատրաստ ենք խոսել Լեռնային Ղարաբաղի հետ այն դեպքում, եթե Հայաստանը դադարեցնի ֆինանսավորել այդ անօրինական կազմավորումը, իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից և հեռանա մեր տարածքից: Այդ ժամանակ փաստարկներ կունենաք այդ մարդկանց հետ խոսելու համար»:

Իլհամ Ալիևը հայտարարեց, որ շաբաթ օրը հրադադարի խախտման հետևանքով «ադրբեջանցի զինվոր է զոհվել հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»: Նիկոլ Փաշինյանը պարտքի տակ չմնաց: «Մեր զինվորականն էլ վիրավորվել է ադրբեջանական կողմի կրակոցից»: Միևնույն ժամանակ երկու երկրների ղեկավարները պնդում էին, որ հարցը փակուղում է գտնվում ոչ իրենց մեղքով: «Անհնար է հակամարտությանը վերջ դնել մեկ-երկու քայլով: Մեզ պետք է մինի-հեղափոխություն, բեկում: Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանը և Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել՝ հարցի լուծման համար»,-հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք պատրաստ ենք բանակցություններին և վաղուց տվել ենք մեր համաձայնությունը Ռուսաստանի նախաձեռնությանը՝ ուղղված հակամարտության փուլային կարգավորմանը»,- իր հերթին ասաց Ալիևը:

Սելեսթ Ուոլանդենին այլ բան չէր մնում, քան շնորհակալություն հայտնել զրուցակիցներից՝ նույն բեմի վրա ելույթ ունենալու պատրաստակամության համար: Հաշվի առնելով թեմայի շուրջ կրքերը՝ դա կարելի է իսկապես ձեռքբերում համարել՝ եզրափակում է «Կոմերսանտ»-ը:

Առհասարակ, Մյունխենում տեղի ունեցածը, որը որպես պրոդուկտ բացի բացասականից, այն էլ քարոզչական դաշտում, ոչնչի չծառայեց, էլ ավելի ցցուն ցույց է տալիս, թե ինչ խորը փակուղու մեջ է կարգավորման գործընթացը:

Ավելի ու ավելի է ամրապնդվում համոզմունքը, որ վաղ թե ուշ պատերազմի բռնկումն անխուսափելի է: Գործ ունենք Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման հետ, Ալիևը ամիս առ ամիս ավելի հանդուգն է դառնում ու ցուցադրում է «պահանջատեր» կեցվածք՝ անզիջում պահվածքով: Նրա հույսը միջազգային հանրության կողմից հայկական կողմի վրա ճնշումների բանեցումն է և ադրբեջանական ցանկալի լուծումը:

Ինչպե՞ս է հայկական կողմը պատրաստվում դիմագրավել այդ քաղաքականությանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1827 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am