«Կռվախնձորի» նոր թեմա

Թուրքական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ երկրի զինված ուժերն ավելի քան հինգ տասնյակ օդային և հրետանային հարվածներ են իրականացրել` խոցելով Սիրիայի հյուսիսում` Իդլիբ նահանգում, լայնածավալ հարձակման անցած կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին: Այդ մասին երեկ ուշ երեկոյան հայտարարեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շտապ կարգով ժամանել էր Սիրիային սահմանակից Հաթայ գավառ` սահմանից այն կողմ ծավալված ռազմական գործողությունների ընթացքին հետևելու նպատակով: «Այս պահի դրությամբ հարվածներ են հասցվել սիրիական վարչակազմի շուրջ 54 թիրախների: Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության համաձայն՝ այդ հարվածների հետևանքով Սիրիայի կառավարական բանակի 76 զինծառայող է չեզոքացվել», - թուրքական բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարում էր Հուլուսի Աքարը:

Իրավիճակն Իդլիբում սրվեց երկուշաբթի վաղ առավոտյան, երբ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սարաքիբ քաղաքի ուղղությամբ առաջխաղացման ընթացքում հրետակոծեցին Իդլիբի նահանգում տեղակայված թուրքական ռազմական դիտորդական հենակետերից մեկի ծառայողներին: Այդ հարվածի հետևանքով զոհվել էին հինգ թուրք զինվորականներ և թուրքական բանակի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող երեք քաղաքացիական աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ թուրքական դիտորդական կետերը ստեղծվել էին Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, և թուրքական կողմը որպես կանոն ռուսաստանցիներին զգուշացնում էր իր զինվորականների տեղաշարժի մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ վերջին միջադեպից առաջ ևս ռուսաստանցիները նախազգուշացված են եղել: «Իդլիբում ծառայող մեր գործընկերները Սիրիայում գործող ռուսական ստորաբաժանման հրամանատարությանը սպասվող տեղաշարժերի մասին տեղեկացրել են դրանից մեկ օր առաջ, այն էլ երկու անգամ` կիրակի ցերեկը՝ ժամը 4-ին, և նույն օրը` երեկոյան ժամը 10:30», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Ռուսաստանի զինվորական ղեկավարությունը, սակայն, կտրականապես հերքում է Անկարայից հնչող այս պնդումները` նշելով, որ Իդլիբում գտնվող թուրքական ստորաբաժանումների տեղաշարժի մասին ռուս զինվորականները որևէ պատկերացում չեն ունեցել, ուստի և չէին կարող դրա մասին զգուշացնել իրենց սիրիացի զինակիցներին:
Մինչդեռ պաշտոնական Անկարային Մոսկվայի այս արդարացումներն ակնհայտորեն չեն գոհացնում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում հնչեցրած ելույթում նշում էր, որ Սիրիայում իրադրության կարգավորմանն ուղղված ռուս-թուրքական համատեղ ջանքերը վերջին իրադարձությունների պատճառով զգալիորեն տուժել են:

«Թեև Աստանայի և Սոչիի գործընթացները դեռ ուժը կորցրած չեն ճանաչվել, բայցևայնպես դրանց լուրջ վնաս է հասցվել: Բացի այդ, Մոսկվայից հնչող արդարացումները, թե իբր իրենք ի վիճակի չեն ամբողջությամբ վերահսկել Բաշար Ասադի վարչակազմը, այնքան էլ տեղին չեն», - հայտարարում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Փաստորեն բախումների նոր ալիք տեղի ունեցավ Իդլիբում. սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այդ միակ նահանգում թուրքական ստորաբաժանումներն ու սիրիական կառավարական բանակը փոխադարձ կրակահերթ են բացել, երկու կողմից էլ կային զոհեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշել է. «Այսօր սիրիական վարչակազմի կողմից իրականացված հրետանային հարվածների հետևանքով Իդլիբում 4 թուրք զինվորական է զոհվել: 9 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Այս պահին Իդլիբում ռազմական գործողությունները շարունակվում են, և թուրքական բանակի պատասխան գործողության արդյունքում 30-35 սիրիացի զինվորականներ չեզոքացվել են», - հայտնել է Թուրքիայի նախագահը:

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ թուրքական հարվածների հետևանքով զոհված սիրիացի զինվորականների թիվը 6-ն է: Էրդողանը նշել է, որ Անկարան Սիրիայի դաշնակից Ռուսաստանի իշխանություններին զգուշացրել է՝ եթե չեն կարողանում Իդլիբում կանգնեցնել Բաշար Ասադի բանակին, ապա «թող չփորձեն խոչընդոտներ հարուցել թուրքական բանակի համար»: «Թուրքիան չի անտեսի իր զինվորականների մահն Իդլիբում: Հրետանային հարվածների բոլոր մասնակիցները կարժանան Անկարայի կոշտ արձագանքին», - հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ լի են վճռականությամբ սեփական անվտանգության համար գործողությունները շարունակելու հարցում: «Ով կասկածի տակ է դնում մեր վճռականությունը, շուտով կհասկանա, որ սխալվել է», - ասել է Թուրքիայի նախագահը:

Սիրիական բանակին ռազմական, մասնավորապես օդից աջակցություն ցուցաբերող ռուսական կողմը հայտարարում է, որ թուրք զինվորները զոհվել են ահաբեկիչների կողմից արձակված կրակահերթերի հետևանքով: Թուրքիայի իշխող ուժը, մինչդեռ, պնդում է, որ Անկարան Մոսկվային տրամադրել է իր զինվորականների տեղաշարժի մասին տեղեկատվությունը: «Ռուսաստանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում»,- Թվիթերում գրել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին արձագանքելով Իդլիբի շուրջ ընթացող վերջին զարգացումներին, ասել է, թե ռուս ու թուրք զինվորականները գտնվում են մշտական կապի մեջ, և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կազմակերպել նաև նախագահների հեռախոսազրույցն ամենակարճ ժամկետում:

Հիշեցնենք, որ Թուրք-ռուսական հերթական առճակատման թատերաբեմ դարձած Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ, այդ թվում՝ 100 հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իդլիբում սիրիական կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր: Անկարան պնդում է, որ տասնյակ հազարավոր իդլիբցիներ ապաստան են փնտրում երկրի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտ: Թուրքիան շեշտում է, որ իր զինվորականներն Իդլիբում են ռազմական գործողությունները կանխելու նպատակով` թույլ չտալու փախստականների նոր հոսք դեպի իր սահմաններ: Այդ նպատակով 2018-ին Սոչիում էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել, սակայն կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու համար: Անցած ամիս էրդողանը նշել էին, թե այլևս լցվել է իր համբերության բաժակը՝ Մոսկվայի կողմից խոստումները շրջանցելու պատճառով: «Մենք փորձում ենք փրկել տառապյալներին, ի՞նչ են ասում ռուսները՝ «մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ», ովքե՞ր են ահաբեկիչները, սիրիացինե՞րը, ովքեր պաշտպանում են իրենց հողերը», - ընդգծել է Էրդողանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: «Մանրամասն ուսումնասիրվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը: Կողմերը փոխադարձ անհանգստություն են հայտնել Իդլիբի դեէսկալացիոն գոտում իրավիճակի սրման կապակցությամբ»,- գրված է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությունում: Նշվում է, որ Պուտինն ուշադրություն է դարձրել ահաբեկչական խմբավորումների ակտիվացման վրա, որոնց գրոհների արդյունքում զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Կողմերն այս առիթով պայմանավորվել են ձեռնարկել հրատապ միջոցներ: Էրդողանը, իր հերթին, խոսելով Սիրիայում թուրք զինվորների հրետակոծության մասին, նշել է, որ հետագայում, եթե նման գործողությունները կրկնվեն, «Անկարան կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը»:

Պաշտոնական Մոսկվան չի բացառում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Սիրիայի շուրջ նոր բանակցությունների անցկացումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով` անհրաժեշտության դեպքում նախագահների բանակցությունները կարելի է կազմակերպել «բավական սեղմ ժամկետներում»: Այդ բանակցությունների ընթացքում, ըստ Պեսկովի, կողմերը կարող են քննարկել այն ակտիվությունը, որ ահաբեկչական կառույցները շարունակում են ցուցաբերել Իդլիբում»:

Այսպիսով, Թուրքիան կոչ է անում Ռուսաստանին սաստել Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբի շրջանում: Հայտարարությանը նախորդել էր թուրքական ուժերի դեմ հարձակումը Իդլիբում: «Ես իմ գործընկեր Սերգեյ Լավրովին ասել եմ, որ ռեժիմը սադրիչ գործողությունների է դիմում Իդլիբի շուրջ մեր դիտարկման կետերի ուղղությամբ, և մենք հակահարված կտանք, եթե իրենք շարունակեն այս գործողությունները: Ռուսական կողմը որքան հնարավոր է արագ պետք է սաստի վարչակարգին»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Մոսկվան և Անկարան ներգրավված են Սիրիայի հակամարտությունում, որտեղ ռուսական կողմը աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը, իսկ Թուրքիան՝ընդդիմադիր զինյալներին, որոնք փորձում էին տապալել Ասադին: ՌԴ-ն ու Թուրքիան միասին ջանքեր են գործադրել Իդլիբում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները անհանգստացնում են Թուրքիային, որը մտահոգված է փախստականների հնարավոր նոր ալիքով: Մոսկվան իր հերթին իր մտահոգությունն է հայտնում Իդլիբի զինյալների հարձակումների վերաբերյալ:

Թուրքիան կրկին ռմբակոծեց տասնյակ թիրախներ Իդլիբի շրջանում ի պատասխան իր ուժերի դեմ հարձակումների, որոնց արդյունքում եղան զոհեր: Պուտինի ու Էրդողանի համար այժմ սիրիական ճգնաժամի համատեքստում նոր լարվածություն հիմքեր են ստեղծվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2388 անգամ
Լրահոս
«Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում». Արմեն Հովասափյան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր (video) Իրենք «շուստրի» են, մենք` «իդիո՞տ» Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ Թոշակառուների պատասխանը Փաշինյանին․ Հարցում (video) Մայր Աթոռում կատարվածը խուլիգանություն է. լրագրող Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ Վեհարանի գրոհից մեկ օր առաջ ի՞նչ է տեղի ունեցել Կառավարության նիստում․ Արա Վարդանյան (video) Սրանք թշնամու գործակալներ են․ Հարցում (video) Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Գառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Նիկոլին ոչ մի տոկոս շանս չեն տվել․ Հրանտ Բագրատյան (video) Ազիզյանը տեղեկացնում է Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են (video) Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը Ով հայտնվում է Նիկոլի ձեռքը, դառնում է փնթի թափթփված, անգամ կեղծիք տարածելուց. Ղազարյան Սա դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների մասին Փաշինյանի քաղաքականությունը հակապետական խուլիգանություն է, նա հրի ու սրի է մատնում ցանկացած արժեք ու համակարգ ԱՄՆ ավիաբազան հայտնել է իր տարածքում կրակոցների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am