Դատախազությունը փորձում է ապահովագրել իրեն. Նազիկ Ամիրյան
«Ես չեմ այցելել Մանվել Գրիգորյանին հիվանդանոց, քանի որ չի թույլատրվում: Դատախազության՝ արտահերթ նիստ հրավիրելու այս քայլը և նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը բացասական է: Բացասական եմ վերաբերվում Դատախազության միջնորդությանը, որովհետև Դատախազությունն իրեն անկանխատեսելի հետևանքներից ապահովագրելու համար է այս միջնորդությունն արել: Նման միջնորդություն է անում, բայց որոշում կայացնելու ուղղորդում է տալիս. կայացրե՛ք այնպիսի որոշում, որ հանրապետությունից չկարողանա դուրս գալ»,- լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, Մանվել Գրիգորյանի գործով Դատախազության կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո:
Նա լրագրողներին ասաց, որ նրանք էլ տեսել են, թե պաշտպանական խումբն ինչ հարցեր է բարձրացրել, իսկ Դատախազությունն ինչպիսի վարքագիծ է դրսևորել:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել և շարունակում է գտնվել այնտեղ: Մինչ այդ Մանվել Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի վաթտարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ է գումարվել և քննարկվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց դատարանին վերանայել Գրիգորյանի խափանման միջոցը և ընտրել այնպիսի խափանման միջոց, որը հնարավորություն չի տա վերջինիս լքել հանրապետության տարածքը:
