Տարածաշրջանային պայթյուններն ու մեր սահմանին Ադրբեջանի դրած «թակարդը»

Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել, երեկ այս մասին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդել են, որ Հայաստանի զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը զոհ ունի»:

Տարվա առաջին լարվածության փորձն արդեն առկա է: Ադրբեջանն անցնում է սովորական՝ հարաբերական անդորր-լարվածություն ռեժիմին: Հիշեցնենք, որ տարեսկզբին Ալիևը հարկ համարեց ներկայացնել Ադրբեջանի պահանջները: Նա համարում է, որ անցած տարում Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին՝ հայտարարել է երկրի նախագահը ամանորյա ուղերձում: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել. - «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը: Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը: Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- նշել էր Ալիևը:

Իսկ անցյալ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշեց, որ 2020-ին Ղարաբաղյան խնդրի կարգավորումը լինելու է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր խնդիրը: Պաշտոնական հաղորդագրությամբ Բաքուն վերստին պնդել է, թե կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. «Իր առջև դրված նպատակներին հասնելու համար Ադրբեջանի արտգործնախարարությունը կշարունակի իր անկախ քաղաքական կուրսը՝ հիմնվելով «ազգային շահերի և արդարության վրա»:

Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որն ամփոփում էր անցնող տարին՝ 2019-ը կորսված հնարավորությունների տարի էր համարել՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: «Հայաստանի իշխանությունը, այսպես կոչված, անկախության ու միացման մասին իր հակասական հայտարարություններով հարված է հասցնում բանակցային գործընթացին ու Մինսկի խմբի ջանքերին»:

Նա անդրադարձել էր հայկական կողմի պնդումներին՝ անվտանգությունն ու Ղարաբաղի կարգավիճակը: «Ինչ կարգավիճակի մասին կարող խոսք լինել, եթե ադրբեջանցիները չեն վերադարձել Ղարաբաղ», - ասել է նա՝ հավելելով. - «Անվտանգության հարցը հայկական համայնքից բացի, բավականաչափ կարևոր է նաև ադրբեջանցիների համար»:
Ընդ որում, խոսելով տեղում անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության մասին, Էլմար Մամեդյարովն ընդգծել է, թե բոլորին է հայտնի, որ այնտեղ պետք է միջազգային խաղաղապահ մեխանիզմ կիրառել: Թե ինչպես՝ Մամեդյարովը չի հստակեցրել:

Ադրբեջանցի լրագրողները փաստել են, որ անցնող տարում կողմերը մի շարք քայլեր իրականացրին մարդասիրական ոլորտում՝ լրագրողների փոխադարձ այցերից մինչև գերիների փոխանակում: Հարցին, թե որքանով էին դրանք արդյունավետ, և արդյո՞ք կլինեն նոր նախաձեռնություններ, Մամեդյարովը հստակ պատասխան չի տվել՝ պնդելով, թե հայկական կողմը փորձում է քաղաքականացնել այս գործընթացը. - «Ուզում եմ կրկնել այն, ինչ միշտ եմ ասել՝ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և հակամարտության կարգավորումից հետո երկու համայնքների ներկայացուցչները կրկին պետք է միասին ապրեն Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղում: Մարդասիրական բոլոր նախաձեռնությունները պետք է նպաստեն հակամարտության կարգավորմանը և բռնի տեղահանված անձանց վերադարձին»:

Ծավալուն հարցազրույցում Մամեդյարովը մի քանի անգամ ընդգծել է, թե Բաքուն կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը. - «Դուք հարցնում եք, թե ինչ են տվել մեզ բանակցությունները: Իսկ ի՞նչ է կարգավորումը, եթե ոչ բանակցություններ: Եթե նույնիսկ հակամարտությունը վերսկսվի, միևնույն է, հետո բանակցություններ են լինելու, որովհետև ո՛չ հավերժական պատերազմներ են լինում, ո՛չ էլ՝ հավերժական բանակցություններ»:

Ի պատասխան պաշտոնական Բաքվի պնդումների՝ Հայաստանն էլ այսպես արձագանքեց. Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանն՝ ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մամեդյարովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: «Գուցե այդ թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին և ուստի որևէ արժեք չունեն», - նշվել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական պատասխանի մեջ:
Այսպես, Հայաստանն ու Ադրբեջանը անցյալ տարվանից՝ վերջին մի քանի ամիսներից սկսած կոշտացրել են իրենց դիրքորոշումը. Բաքուն ակնհայտորեն անցել է Հայաստանից դժգոհելու և Հայաստանի վրա՝ բանակցությունները տապալելու մեղքը գցել:
Հունվարի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները դարձյալ հանդիպելու են: Ըստ ամենայնի Բաքուն անցնում է իրավիճակի սրացման քաղաքականությանը՝ բանակցություններից առաջ:

Մյուս կողմից Իրանի շուրջ իրադարձություններն էլ ավելի անկանխատեսելի են դարձրել մեր տարածաշրջանի դուրս իրավիճակը: Լարվածությունն ամեն պահ կարող է տեղափոխվել նաև մեր տարածաշրջան, եթե Ալիևը դիմի նոր արկածախնդրության, ինչպես 2016թ. ապրիլին: Բայց այստեղ նա ունի մեծ հաշվարկ. Արդյոք երկրի ներսում անկայունությունը ձեռնտո՞ւ է Ալիևին՝ իր բռնապետական իշխանությունը պահպանելու տեսանկյունից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3160 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am