2019. ռուսական սառույցը հալեցնելու Փաշինյանական «ճարպիկ» քայլը

Հայ-ռուսական հարաբերությունների համար 2019 թվականը հախուռն տարի էր...
Չնայած նախորդ տարում ակնհայտ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի սառնությանը, չհասկացվածության որոշակի մակարդակին, այս տարի շփումները ակտիվ էին: Նկատենք, որ այս տարի Ռուսաստանի նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը ժամանեցին Հայաստան:
Այս տարվա հունվարի կեսին ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր հղեց Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, որ ակնկալում է կառուցողական ու արդյունավետ համագործակցություն: Հեռագրում Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և որ երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության էական փորձ են կուտակել: «Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից», - ընդգծել էր ՌԴ առաջնորդը:
Ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալեց է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Դմիտրի Մեդվեդևն ասել էր. «Իրականում կա լավ առիթ, որպեսզի հանդիպենք, դա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստն է: Մենք պարբերաբար անցկացնում ենք այս միջոցառումները, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար: Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն, և, իհարկե, մեզ համար կարևոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ»:
Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Մեդվեդևն իր խոսքում ասել է, որ սա լավ հնարավորություն է՝ քննարկել նաև երկկողմ հարաբերությունները. «Մենք Ձեզ հետ մի քանի անգամ հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ իրավիճակը, տարեսկզբին նույնպես հանդիպել ենք, երբ ժամանել էիք Մոսկվա՝ որպես նախագահող երկրի վարչապետ, որի ընթացքում քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերը: Այժմ էլ կանցնենք հիմնական կետերով, առավել ևս, որ մեր գործընկերները մեզ համար պատրաստել են մի շարք հարցեր»:
Հունիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինյան» պալատում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Կասկած չունեմ, որ ձեզ հետաքրքիր և օգտակար կլինի օգտակար մասնակցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի քննարկումներին, սա լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու և քաղաքական բնույթի որոշ հարցերի շուրջ խոսելու համար», նշել էր Ռուսաստանի նախագահը:
Ողջունելով Փաշինյանին, որն առաջին անգամ է մասնակցում 1997-ից Պետերբուրգում անցկացվող տնտեսական համաժողովին, Պուտինը պնդել էր՝ երկկողմ հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դրանք առանձնահատուկ ու ռազմավարական բնույթ ունեն․ - «Մենք դա պարբերաբար անում ենք, բոլորովին վերջերս ենք ձեզ հետ հանդիպել, շատ հարցեր քննարկել: Ուղղակի հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 26 տոկոսը, ռուսական ուղղակի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 2 միլիարդ դոլար: Դա և այլ հարցեր վկայում են մեր հարաբերությունների առանձնահատուկ, ռազմավարական բնույթի մասին»
Փաշինյանն իր հերթին ընդգծել էր՝ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն ու համաչափ. «Առաջին անգամ հանդիպել ենք մեկ տարի առաջ, և այս ընթացքում՝ պարբերական շփումներում, փաստացի խոսել ենք մեր ընդհանուր օրակարգի բոլոր հնարավոր հարցերի շուրջ: Մեր հարաբերությունները ռազմավարական են, դաշնակցային, ինչպես դուք ասացիք, և դա վերաբերում է ոչ միայն երկկողմ կապերին: Մենք նաև ակտիվ համագործակցում ենք ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր այս ուղղությունները մեր երկրների համար ռազմավարական նշանակություն ունեն»:
Խոսելով համագործակցության մասին՝ Փաշինյանը նաև արդյունքներ վկայաբերեց՝ մենք այս տարի բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ ունենք, առաջին եռամսյակի տվյալներով տնտեսության աճը կազմել է 7,1 տոկոս աճ, ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9,2 տոկոսի․ - «Ես այս մասին ասում եմ, քանի որ այս ցուցանիշները դրական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կապված են ԵԱՏՄ-ում մեր համագործակցության ու ռուսական շուկաներ մտնելու՝ հայ բիզնեսմենների հնարավորության հետ: Սա շատ կարևոր է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն կոտրի այս աճի թափը»:
Թե կոնկրետ ինչ հարցեր են օրակարգում՝ Փաշինյանը չմանրամասնեց, սակայն, խոսքի վերջում անդրադարձավ Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկներին, պնդելով, թե՝ «այսպիսի շփումները կարող են նպաստել մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:
Սա Փաշինյանի ու Պուտինի արդեն 8-րդ հանդիպումն է, որի նախաշեմին Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել էր՝ կողմերը պատրաստվում են քննարկել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ:
Ամռանից լուրեր հրապարակվեցին՝ հոկտեմբերի 1-ին Երևան Պուտինի այցելության մասին: Այս օրը Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստն էր, որին մասնակցեցին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցեցին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում նախատեսված համաժողովին, որին հաջորդելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը: «Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու», - The Washington Post-ին ասել է Ջուլիանին:
Եվ այսպես հոկտեմբերի 1-ին Երևանում աշխատանքներն սկսեց ԵԱՏՄ գագաթնաժողովը: Նիկոլ Փաշինյանը հյուրերին ընդունեց նախագահական նստավայրի դռների մոտ: Երբ երկրների առաջնորդները ժամանեցին Հայաստանի նախագահի նստավայր, կարճ զրույց ունեցան, այնուհետև դուրս եկան՝ խմբակային լուսանկարման համար, և երբ վերադառնում էին նստավայր, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողը մոտեցավ, հարց ուղղեց Պուտինին, թե ե՞րբ է Ռուսաստանը պատրաստվում զորքերը դուրս բերել Վրաստանի օկուպացված տարածքներից, և ե՞րբ է Ռուսաստանը պահելու իր խոստումը: «Մենք միշտ պահում ենք մեր խոստումը», - արձագանքեց Ռուսաստանի նախագահը: Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին լրագրողին այլ հարցեր ուղղել և հրելով մի կողմ տարան: «Մենք միշտ պահում ենք մեր խոստումը», - արձագանքեց Ռուսաստանի նախագահը: Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին լրագրողին այլ հարցեր ուղղել և հրելով մի կողմ տարան:
Արարողակարգային ձեռքսեղմումից և տեսանկարահանումից հետո տեղի ունեցավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Նեղ կազմով նիստը փակ էր լրագրողների համար: Այս կապակցությամբ հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքի և դրա շրջանակում քննարկումների վերաբերյալ, քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր։
Այնուհետև կայացավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցում էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։
Նիստին բացման խոսքով հանդես եկավ Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես կարևորեց Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարների ներկայությունը:
«Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է: Այն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: Եվ ես ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ Հայաստանն իր հնարավոր ներդրումն է բերում այս գործում: Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար: Եվ այսօրվա նիստը, որին, բացի Միության անդամ երկրներից, մասնակցում են նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները, մեր նախագահության յուրատեսակ գագաթնակետ է դարձել», - ասաց Փաշինյանը:
Ընդլայնված նիստում ունեցած ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս գոհունակություն հայտնեց Միության ընդլայնման կապակցությամբ: «ԵվրազԷՍ-ը առաջանցիկ տեմպերով զարգանում է, ստեղծվել է մեծ ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է: Եվրասիական միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները դրական ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսության աճի վրա, նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը: Լավ տեմպերով է ընթանում էներգետիկայի ոլորտում միության օրենսդրական կարգավորումների կատարելագործման պրոցեսը: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնեն ԵվրազԷՍ-ի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման շուրջ պայմանավորվածությունները: Միասնական էլեկտրաէներգետիկական տարածքը պետք է ձևավորվի 2025 թվականին՝ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկաների ձևավորմանը համընթաց: Այս առումով նախևառաջ անհրաժեշտ է վերջնական տեսքի բերել անդամ-երկրների օրենսդրության միասնականացումը գազի մատակարարման և տեղափոխման ոլորտում», - ընդգծեց ՌԴ նախագահը։
Այս նիստում քննարկվեցին ԵԱՏՄ անդամ երկրների միջև ֆինանսատնտեսական, մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացման, ԵԱՏՄ միջազգային համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, ստորագրվեցին աշխատանքային փաստաթղթեր: Կնքվեց նաև Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագիրը։
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշեցին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:
Երևանում նույն օրը կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ավելի ուշ վարչապետը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ փոխանցել է․ - «Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին մասնավորապես ասել է․ - «Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում, ունենալ այս հնարավորությունը՝ Ձեզ հետ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Կարծում եմ, որ այսօր իսկապես Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի են ունեցել հատկանշական իրադարձություններ, մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, և ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում: Դա հիշարժան փաստ է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության համար: Անկեղծ ասած, ես գոհ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությունն այսպիսին եղավ: Իհարկե, դեռևս կա ժամանակ, ես հույս ունեմ, որ մեզ դեռևս կհաջողվի ԵԱՏՄ-ում արձանագրել այլ արդյունքներ ևս»: «Եվ իհարկե, մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված»:
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ասել էր․ - «Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»։
Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան: Հանդիպման մասին համանման հաղորդագրություն է տարածել նաև Կրեմլի մամուլի ծառայությունը: Ժամեր առաջ էլ Հայաստանի վարչապետը կրկին Ֆեյսբուքում գրել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ևս մեկ հանդիպում է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում․ - «Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»:
Սակայն Պուտինի՝ Երևանից մեկնման վերջին ժամերին կայացել էր մի հանդիպում, որի իշխանությունների համար այնքան էլ դուրեկան չէր: Հայտնի դարձավ, որ Պուտինը Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ է հանդիպել։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասել էր, որ հանդիպումը կայացել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքում, սակայն չմանրամասնեց, թե ով է եղել հանդիպումը նախաձեռնողն ու մասնավորապես ինչի վերաբերյալ են զրուցել Վլադիմիր Պուտինն ու Բելլա Քոչարյանը:
Հայաստանում ՌԴ դեսպանությունից նույնպես խուսափել էին որևէ մեկնաբանություն անել Վլադիմիր Պուտին - Բելլա Քոչարյան հանդիպման վերաբերյալ: Ավելի ուշ նաև Կրեմլից ռուսաստանյան լրատվամիջոցների հաստատեցին, որ Վլադիմիր Պուտնինը Երևանում հանդիպել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը:
Մինչ Պուտինի այցը Քոչարյանի գործոնը շատ էր քննարկվում: Անգամ խոսակցություններ էին շրջանառվում, որ Պուտինը անձամբ կարող է հանդիպել Քոչարյանին, կամ՝ կարող է մերժել Հայաստան այցելությունն այն բանի համար, որ Քոչարյանը բանտում է: Իսկ նա Պուտինի ընկերն է, և այդ մասին նա Փաշինյանին հիշեցրել է մի հանդիպման ժամանակ:
Ինչևէ, հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Պուտինն ու Փաշինյանն անդրադարձել են նաև գազի գնին: «Գազի թեման չէր կարող շրջանցվել: Բնականաբար, տնտեսական համագործակցության որպես բաղկացուցիչ մաս, շոշափվել և քննարկվել է առաջնորդների կողմից, բայց ես կարծում եմ, որ վերջնական որոշումները, կոմերցիոն որոշումները կայացվելու են տնտեսվարող սուբյեկտների կողմից», - ասել էր Փաշինյանի խոսնակը:
Հայաստան մատակարարվող գազի գինը բարձրացել է այս տարվա հունվարի 1-ից. Հայաստանը հիմա «Գազպրոմին» հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում է ոչ թե 150 դոլար, այլ 165 դոլար։ Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել էին հայ-ռուսական տնտեսական համագործակցության այլ հարցերի ևս։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդման, տարածաշրջանային նշանակության հարցեր:
Հոկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում չէր նշել գազի այն գինը, որի շուրջ ընթանում են հայ-ռուսական բանակցությունները։ Նա շեշտել էր, որ այս հարցով բանակցություններն ունեն դաշնակցային բնույթ, քանի որ բանակցում են դաշնակիցներ, ԵԱՏՄ անդամ երկու երկրներ։ «Եկեք, ես չխոսեմ կոնկրետ թվերի մասին, կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը», - ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ հարցը կլուծվի։
Հարցազրույցում նա հստակ պատասխան չէր տվել նաև հարցին, թե ինչ դիրքորոշում կունենա Հայաստանը, եթե Ադրբեջանը հայտարարի, որ ցանկանում է լինել դիտորդ ԵԱՏՄ-ում։ Դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտ, առաջին դիտորդ երկիրը Մոլդովան է, իսկ եթե Ադրբեջանն ասի, որ ևս կցանկանար դիտորդ դառնալ, ինչպիսի՞ն կինի Հայաստանի դիրքորոշումը, Փաշինյանն այսպես է արձագանքել. - «Թող ասի, հետո կտեսնենք»։ Հարցին, թե «այսինքն՝ հենց շեմից ոչ չե՞ք ասելու», ՀՀ վարչապետը պատասխանել է. «Երբ կասի, այն ժամանակ էլ կքննարկենք։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գաղտնիք չեն, այնպես որ այս պահի դրությամբ ես ընդհանրապես չեմ ուզում դա քննարկել»։
Ադրբեջանին Ռուսաստանի և Բելառուսի կողմից զենք վաճառելու հարցի մասին Փաշինյանն ասել է՝ սա ՀԱՊԿ-ի խնդիրն է։ Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների մասին հարցի մասին խոսելով՝ նա նկատել է, թե հայկական և ռուսական կողմերն այսօր աշխատում են հուշագրի շուրջ։ Փաշինյանը հավելել է, որ այդ լաբորատորիաները սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար, քանի որ չունեն ռազմական նշանակություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամերիկյան ֆինանսական օգնության շնորհիվ ստեղծված այդ լաբորատորիաներն ուղղված են Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը։
Լրագրողը փորձել էր ճշտել, թե արդյոք ստորագրվելիք հուշագրի տեքստում նշված կլինի, որ ռուս լրագրողների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն։ Փաշինյանի արձագանքը. «Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա, այդ փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս լաբորատորիաների մասին ասել էր. «Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ»։ Նա նշել էր, որ կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցի շուրջ: Այդ լաբորատորիաները գտնվում են Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Երևանում։
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի հյուսիսում՝ Ղամիշլի քաղաքում, հայերի անվտանգությունն ապահովելու և ապագայում ևս նրանց անվտանգությունը պահպանելու մասին պայմանավորվածության համար։
Անդրադարձ էր կատարվել նաև Հարավկովկասյան երկաթուղուն։ Փաշինյանը չի կարծում, որ ռուսական ընկերությունը վաղաժամկետ կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, քանի որ դրա համար հիմքեր չի տեսնում, ինչի մասին գրել էր ռուսական մամուլը։ Հայաստանի վարչապետի ներկայացմամբ՝ առաջացած տարաձայնությունները տեխնիկական բնույթ ունեն, և դրանք մամուլն է քաղաքականացրել։
Սեպտեմբերի 20-ին RTVI-ն հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է լուծարել Հայաստանի իշխանությունների հետ կնքված պայմանագիրը, քանի որ վերջիններս արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղին: ORSIS ռուսական ընկերության կողմից Հայաստանին ռազմական արտադրանք առաքելու հայտի մերժումը Փաշինյանը հրաժարվել է մեկնաբանել, նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 գործընկերն է, և այդ ծավալներում մեկ ընկերության ու մեկ գործարքի հետ կապված իրավիճակը արժանի չէ վարչապետի մեկնաբանությանը։
Հոկտեմբերի վերջին Հայաստան ժամանեց Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Փաշինյանն ընդունել էր բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին:
Ընդգծելով, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ Փաշինյանը գոհունակություն էր հայտնել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և նշել, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը:
Շոյգուն էլ նշել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ և արդյունավետ զարգանում է: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ ՊՆ-ի հետ փոխգործակցությունից և դրա հետագա զարգացման համատեքստում կարևորել այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թթվականի ծրագրի ստորագրումը:
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել էին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ իրականացվող մարդասիրական հայկական առաքելության շուրջ:
Նոյեմբեր 10-ին թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստան ժամանեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Լավրովը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, Փաշինյանը նախ նշել է, որ վերջին անգամ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում եղել է երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ, և որ այդ փոփոխությունների արդյունքում երկու երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Ապա` Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահի, վարչապետի հետ: «Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան», - ասել էր Փաշինյանը:
Սերգեյ Լավրովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել էր տարբեր գերատեսչությունների գծով Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումների փաստը. «Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Մենք շատ սերտ և ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական Դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»: Ապա` նա հավելել էր. «Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեքում տեղի կունենա ևս մի կարևոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ևս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության և դաշնակցային համագործակցության հետ»:
Հայաստանի վարչապետն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական և տնտեսական համագործակցությանը, անդրադարձել էին նաև տարածաշրջանային նշանակության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Փաշինյանն ընդգծել էր Ռուսաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության պահպանման գործում: Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը շեշտել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը և հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման առումով:
Նոյեմբերի կեսին Փարիզում ի պատիվ Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ տրված ընդունելության ժամանակ Փաշինյանը խոսում էր Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով և անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին նա փաստեց, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում որոշակի հոռետեսական գնահատումներ են հնչել, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ, ապա՝ հավելեց. «Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ, որ ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը»:
«Թավշյա հեղափոխության» առաջնորդ Փաշինյանը, թեև ընդդիմադիր եղած ժամանակ ակտիվորեն քննադատում էր նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Ռուսաստանի՝ մեր երկրի նկատմամբ ցուցաբերած քաղաքականությունը, Հայաստանի ԵԱՏՄ-ական ապագան էր կասկածի տակ դնում, այնուամենայնիվ, նա Պուտինին դուր գալու հարցում, թերևս, անցավ Հայաստանի նախորդ իշխանություններին, որոնք, թեև նույնպես փորձել են պահել բարձր մակարդակի վրա հայ-ռուսական հարաբերությունները, այնուամենայնիվ, այդքան ռևերանսներ իրենց թույլ չէին տվել:
Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական հարցերին, ապա դեկտեմբերի վերջին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն էր արել, թե՝ 2019-ին Հայաստանն աննախադեպ ծավալի սպառազինություն է ձեռք բերել և լայնածավալ սպառազինություն ձեռք բերելու նոր պայմանավորվածություններ են կայացվել։
Գրիգորյանը մանրամասներ չէր հայտնել։ «Հայաստանը աննախադեպ քանակի զենք է ձեռք բերել 2019-ին և մենք մեծ ներդրումներ ենք կատարել այս ուղղությամբ՝ զենք ձեռք բերելու և նույնիսկ լայնածավալ նոր զենք ձեռք բերելու պայմանավորվածություններ ենք ունեցել։ 2019-ը եղել է աննախադեպ զենք ձեռք բերելու տարի և մենք նաև մեր առջև խնդիր ենք դրել, որ փակենք 80-ականների զենքով կռվելու ընդհանուր էդ փիլիսոփայության էջը մեր պատմության մեջ։ Իհարկե, դեռ ամբողջությամբ չենք հասել դրան, որ փակենք այդ էջն ամբողջությամբ, բայց ես համոզված եմ՝ մոտակա տարիներին մենք ամբողջությամբ փակելու ենք կարևորը այդ ուղղությամբ ենք շարժվում։ Շատ դեպքերում դժվար է, երբ որ դու բանակցում ես կամ զենքը ճանապարհին է, հո չես հայտարարելու, շատ դեպքերում նույնիսկ քանակի մասին չենք ասում։ ՏՈՐ-երի մասին հայտարարելուց մենք քանակի մասին որևիցե բան չենք ասել և ՏՈՐ-ի մասով մենք շուտով նաև բանակցությունների ընթացքում նոր այլ զենքեր էլ ենք ձեռք բերել Ռուսաստանից։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի էն դինամիկան զարգացումների, որ կա մենք կարող ենք ֆիքսել, որ առաջընթաց է և տարվա սկզբին, եթե խնդիրներ եղել են, ապա տարվա վերջ կարող ենք ֆիքսել, որ հայ-ռուսական հարաբերությունները 2018-ի մայիսից նայելու տեսանկյունից իդեալական վիճակում են», - ասել էր Ա. Գրիգորյանը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2917 անգամ
Լրահոս
Պատգամավորական մանդատը վայր դրած ՔՊ–ականը ասաց՝ ինչ հարցով է դիմել Ալեն Սիմոնյանին (video) Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը ներկա կգտնվի Թրամփի երդմնակալությանը ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև միջուկային թեմայով բանակցություններին Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Մարգարա-Վանաձոր ճանապարհին մեքենաներ էին բախվել, մարդ էր մաhացել․ նոր մանրամասներ Արարատի համայնքներից մեկի նախկին ղեկավարի հափշտակած անշարժ գույքերը վերադարձվել են #ՈՒՂԻՂ․ Աննա Հակաբյանի հերթական մեռելածին ծրագրերը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ բանաձևով է Նիկոլ Փաշինյանը ընտրում կադրերին․ Մանրամասնում է ինքը՝ Փաշինյանը QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ ՇՏԱՊ․«Ժողովրդավարության բաստիոն»-ում քանդում են ՀՀ քաղաքացու սեփականությունը... (video) ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչու Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել #ՀԻՄԱ․Խայտառակ թալան է, մեր հաշվին դարձան միլիոներ․ իրազեկման ակցիա` ընդդեմ տրանսպորտի թանկացման (video) Խայտառակ վիճակ․ ջրատարի վթար եւ ջրհեղեղ՝ Տերյան փողոցում (video) Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ալիևը զանգահարել է Թրամփին Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am