Սաթիկ Սեյրանյանը բերեց «Հայելի» ակումբի և YerevanToday-ի օրինակները
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի դեպքը համարում է վերջին շրջանում մամուլի նկատմամբ տեղի ունեցող գործողությունների շրջանակում տեղի ունեցածի շարունակություն, ինչպիսիք էին YerevanToday-ի համակարգիչների առգրավումը, «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը:
Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց, որ մինչև հիմա հայտնի չէ, թե ի՞նչ էին փնտրում YerevanToday-ի համակարգիչներում, ի՞նչ էին ուզում հասկացնել «Հայելի» ակումբին, և հույս հայտնեց, որ գոնե այս դեպքում հարցերը կստանան պատասխաններ:
«Ես համարում եմ, որ այդ ամեն ինչը խրախուսվում է իշխանությունների կողմից: Միգուցե ինչ-որ մարդիկ փորձում են լավամարդ լինել, իրենց նվիրվածությունն ապացուցել իշխանություններին, խոսքս «Հայելի»-ի դեպքի մասին է: Բոլոր իշխանությունները՝ անկախացումից ի վեր, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները, ցանկանում են վերահսկել մամուլը, ամեն մեկը՝ իր ձևով: Այստեղ խնդիրն այն է, որ նույն բաները տեղի են ունենում մեր գործընկերոջ իշխանության օրոք, որը դատապարտում էր այդ ամենը, շատ սուր էր դատապարտում, կոշտ հայտարարություններ էր անում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը: