Նիկոլ Փաշինյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար է ուզում նշանակել ադրբեջանամետ քարոզիչ Արմեն Մելիքբեկյանին (տեսանյութ)

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության շուրջ կրքերը թեժանում են։ Հարուցվում են քրեական գործեր, խախտվում են օրենքներ, ուրացվում են ընկերներ, հարամվում են համատեղ կերած հացեր, պղտորվում են ջրեր։ Թեկնածուներ են Խորեն Հովհաննիսյանը, Թովմաս Գրիգորյանը և Արմեն Մելիքբեկյանը։

Նիկոլ Փաշինյանն ուզում է ՀՖՖ նախագահ դարձնել իր թիմակցին՝ Արմեն Մելիքբեկյանին։ Վերջինս, ի դեպ, եղել է «Epress.am» լևոնական կայքի խմբագիրը և սուպեր–քիրվայական գիծ տարել, այսինքն՝ ադրբեջանամետ ու հակաղարաբաղյան քարոզ իրականացրել։

Այդ թեմայով հոդված ունի հայտնի լրագրող Վահան Իշխանյանը, որը ներկայացնում ենք ստորև.

. . .

Ես կարող եմ արդեն գլուխ գովալ այն մտավորականների պես, ովքեր ասում են՝ տանը հեռուստացույց չունեմ: Հնդկաստան ոտք դնելուց հետո հեռուստացույց չեմ նայել, Վրինդավանում էլ չկար, հիմա էլ, Գոայում՝ Չապորայի խրճիթում չկա հեռուստացույց: Լիներ էլ, դժվար թե կարողանայի հայկական ու ռուսական ալիքներ նայել, ուրեմն, այս անգամ չեմ կարող համեմատել ու ասել, թե Նոր տարվա հայկական եթերը ինչքան տափակ էր ռուսականի համեմատ:

Բայց ինտերնետ մտնել լինում է, իհարկե ոչ այն արագությամբ, որ կարողանամ նայել Սերժ Սարգսյանի ամանորյա շնորհավորանքները: Բայց արագությունը հերիքում է նայելու համար այնպիսի հոլովակ ինչպիսին epress-ի «Սարգսյանի հավանած լրագրությունը», որը ինձ Արաբական ծովից բերեց հայկական իրականություն, ուր, հետևելով տիրոջ պատգամին՝ սիրում են թշնամուն, այնքան են սիրում, որ զգացմունքը թույլ չի տալիս տեսնել նրա արատները, ու հայրենիքի առավելությունները նրա նկատմամբ:

 

Հեղինակը (որ հավանաբար կայքի խմբագիր Արմեն Մելիքբեկյանն է, քանի որ նրա ձայնն է հնչում) իր սերն ու հիացմունքն է հայտնում ադրբեջանցի լրագրողների, և եթե չասեմ ատելությունը, ապա տհաճ զգացողությունը հայ լրագրողների նկատմամբ, թե ադրբեջանցի լրագրողները ազնիվ են, անկաշառ, անկոմպրոմիս, ազատ, որի համար ձերբակալվում են, իսկ հայ լրագրողները պետության պիառշչիկներն են, իշխանությանը ոչ մի անհաճո բան չեն անում, հետևաբա նրանց ձեռք չեն տալիս:

Ճի՞շտ եմ հասկացել, եթե ոչ, ուղղեք խնդրեմ, ահա.

«Սերժ Սարգսյանը պարբերաբար հայտարարում է ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների մասին: Իսկ Հայաստանում լրագրողներին չե՞ն ձերբակալում: Ո՞վ և ինչի՞ համար պետք է ձերբակալի պաշտպանության նախարարության պիառշչիկին, միայն այն բանի համար որ պիառշչիկը իրեն լրագրո՞ղ է համարում: Դրա համար Հայաստանում իրոք չեն ձերբակալում: Իսկ ինչո՞ւ են լրագրողներն ու իրավապաշտպանները ձերբակալվում Ադրբեջանում: Որովհետև նրանք հրաժարվում են մասնակցել բանակի գովաբանությանը և սկզբունքային տարբերություն են դնում իշխանական պրոպագանդայի և լրագրողի պարտականությունների միջև»:

Տերը, ճիշտ է, ասել է՝ սիրիր թշնամուդ, բայց չի ասել ատիր մերձավորիդ, հակառակը՝ նրան էլ սիրելու խորհուրդ է տվել: Իհարկե, կոչ չեմ անում քրիստոնեական սիրով համակվել Սերժ Սարգսյանի կամ հայ լրագրողների նկատմամբ, բայց լրագրության մեջ զգացմունքները՝ սերը թե ատելությունը, հաճախ խանգարում են ճանաչել ճշմարտությունը:

Իսկ ճշմարտությունը կամ նրան մոտ մի բան այս անգամ ոչ թե ազատ լրատվամիջոց epress-ն է ասում, այլ նրա մեջբերած Սերժ Սարգսյանի խոսքը, որ իրոք, Ադրբեջանում ձերբակալում են լրագրողներին ու իրավապաշատպաններին, իսկ Հայաստանում լրագրողներին և իրավապաշտպաններին չեն ձերբակալում և ոչ թե նրա համար, որ նրանք ծախված են, իշխանության պրոպագանդիստներն են, ո՛չ, այլ ուղղակի Հայաստանը ավելի ազատ երկիր է, քան Ադրբեջանը, ինչքան էլ դա տհաճ նորություն լինի epress-ի ու Սաքունցի համար (տարբեր միջազգային կոնֆերանսներում Սաքունցը միանում է ադրբեջանցի ակտիվիստներին ու քննադատում Հայաստանը՝ հավասարեցնելու համար Հայաստանի ու Ադրբեջանի իրավիճակները):

90-ականներին Տիգրան Պասկևիչյանը մի խոսք ասաց՝ եթե չես սիրում Խաչիկ Ստամբուլցյանին, դա դեռ չի նշանակում, թե Աստված չկա: Հիմա, եթե Սերժ Սարգսյանին կամ հայ լրագրողներին չես սիրում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, և որ բոլոր հայ լրագրողները ծախված են:

Ֆեյսբուքում խումբ կա իրավապաշտպաններից ու լրագրողներից բաղկացած՝ «Բանակն՝ իրականում», ուր պարբերաբար հրապարակում են բանակում հանցագործությունների ու սպանությունների վերաբերյալ նյութեր, նրանց չեն ձերբակալում, բայց նաև, կարծեմ ՊՆ-ի պիառշչիկներ էլ չեն: Թե՞ պիառշչիկ են, գուցե նրանք epress-ից պարզաբանո՞ւմ պահանջեն:

Գուգլով փնտրեք բանակում սպանություններ թեման ու գրեթե բոլոր կայքերը կբերեն բազմաթիվ նյութեր: Հայաստանում արդեն վաղուց խիզախություն չէ բանակի մասին ճշմարտությունը ասելը: Իսկ այս բազմաթիվ նյութերին համարժեք մի նյութ հրապարակելն էլ Ադրբեջանում հերոսություն է, որի համար հնարավոր է բանտում հայտնվեն:

Հայաստանում մի քանի իրավապաշտպաններ ու լրագրողներ կարողացան ճեղքել իշխանությունների ինֆորմացիոն բլոկադան ու ճշմարտությունը ասել բանակի մասին: Այդ շարժումների շնորհիվ բազմաթիվ հանցագործություններ բացահայտվեցին, բանակում այնպիսի բարեփոխումներ եղան, որոնք նվազեցնում են հանցագործությունները (օրինակ, զուգարան մաքրելու պարտականությունը զինվորներից հանվեց, և այդ գործը անում են քաղաքացիական վարձու աշխատողները, միասեռականների զորակոչը վերացվեց, բազմաթիվ սպաներ են ձերբակալվում, որի մասին տեղեկություն չի տարածվում և այլն: Մի այդպսի կազմակերպություն էր 2000-ականներին գործող «Զինվոր և իրավունքը», որի մասին գրությունը այստեղ՝ «Սևազգեստ կանայք. «Ես ձեզ զավակ եմ տվել, հետ տվե՛ք»):

Դա հնարավո՞ր էր Ադրբեջանում, այնտեղ հասարակական ինստիտուտները ազդե՞լ են բանակում բարեփոխումների, հանցագործությունների բացահայտման վրա, չգիտեմ, չեմ ուսումնասիրել: Գիտեմ այլ բան, որ Ալիևի աչքի վերևում ունք նկատելու համար ու նաև, բանակի վերաբերյալ ճշմարտությունը ասելու համար մարդկանց բռնում են, ու բանակի հարցերի մասին գրող լրագրողները փախնում են երկրից:

Epress-ը իր թեզը «ապացուցելու» համար վերցրել է հուլիս-օգոստոսին հայ-ադրբեջանական սրացումների ժամանակ լրագրողների աշխատանքը, երբ ադրբեջանցի մարդասպան դիվերսանտներին բռնելուն որպես պատասխան ադրբեջանցիք բռնեցին մի անմեղ հայ գյուղացու.

Epress-ն ասում է. «Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը տարածել էր տեսանյութ, որում դիմակավորված զինված անձինք ուժով բերման են ենթարկում Քելբաջարի շրջանի նախկին բնակիչ, Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասկերովին և ծնկի բերում զինվորական համազգեստով տղամարդու առջև: Օգոստոսի 7-ին սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվում է Ադրբեջանի տարածքում, մեկ օր անց հայտնում են դիվերսանտ Պետրոսյանի մահվան մասին սրտի անբավարարության պատճառով: Հետո Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը տեսանյութ է տարածում, որում դիմակավորված տղամարդիկ ձեռքերը ոլորած Պետրոսյանին բերում ու ծնկի են իջեցնում ադրբեջանական գեներալի մոտ: Ազատություն ռադիոկայանի Ադրբեջանի լրագրողները գնացին գյուղ, որտեղ ձերբակալվել է Պետրոսյանը և ապացուցեցին, որ հայաստանցուն հայտնաբերել են տեղացիները, իսկ բանակայինները ավելի ուշ են նրան բանակային շորեր հագցրել, սահմանն անցնելուց նա զինծառայողի հագուստով չի եղել: Հայաստանի լրատվամիջոցները անմիջապես օգտվեցին ադրբեջանցի լրագրողների աշխատանքից՝ միաժամանակ զանգվածաբար խախտելով անմեղության կանխավարկածը հուլիսին ձերբակալված ադրբեջանցիների հանդեպ:

Դեկտեմբերի վերջին օրերին Ադրբեջանում զանգվածաբար բերման են ենթարկում և ձերբակալում տեղի Ազատություն ռադիոկայանի աշխատակիցներին, խմբագրությունը խուզարկել և փակել են: Իսկ հայաստանյան լրատվամիջոցները շարունակում են դիվերսանտ անվանել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսպես կոչված դատարանում ամբաստանյալի աթոռին հայտնված Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, անվանում են դիվերսանտ նույնիսկ մինչև դատավճիռը հրապարակվելը»:

Սպասի, գուցե ոչ թե սիրո, այլ մեկ ա՞յլ զգացմունք է առաջնորդում epress-ին, այն «դրսի» հայացքը, որ ձգտում է հավասարության նշան դնել երկու կովկասյան երկրների միջև, թե նույն բարբարոս ժողովուրդներն են, դրանց մեջ տարբերություն չկա:

Այս ձգտումը ինչքան էլ ուժեղ լինի, միևնույն է, սկսում է չաշխատել, քանի որ իրավապաշտպանների ու տարածքի վերաբերյալ գրող լրագրողների համար գնալով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը ֆաշիստական և բռնապետական երկիր է դարձել, և համեմատության եզրերը Հայաստանի հետ գնալով քչանում են:

Բայց epress-ը ոչ միայն չի համոզվում, այլ փաստերը խեղաթյուրում է հավասրության նշանը ամրացնելու համար, այլապես ինչո՞ւ է նա «տեսնում» մի բան, որ չի եղել՝ թե իբր Ադրբեջանի քաղաքացուն ծնկի են բերել հայ գեներալի առջև: Ո՞ւր է ծնկի բերելու տեսարանը, չկա, բերում են ձեռքերը ոլորած, բայց այնքան չեն ստորացնում, որ ծնկի բերեն, իսկ Մելիքբեկյանի ձայնը ազդարարում է՝ ծնկի բերեցին: Ուրեմն, այս փոքրիկ խեղաթյուրումը արվել է մի նպատակով, որ հավասարակշռվի Պետրոսյանին ծնկի բերելու տեսարանը, թե երկու երկրներում էլ գերիներին ծնկի են բերել:

Լավ, սա «հավասարեցրեցին», չնկատեցինք, բայց մնացա՞ծը՝ սպանությունները ո՞նց են հավասարեցնելու։

Իհարկե, epress-ի համար լավ կլիներ, որ ադրբեջանցի գերին էլ մեռներ, տանջամահ անեին, որ հավասարության նշանը ավելի պինդ լիներ: Իսկ ինչքա՜ն կամրանար, բետոն կդառնար հավասրության նշանը, եթե Պետրոսյանը Ադրբեջանում երկու հոգու սպանած լիներ, ինչպես ադրբեջանցիք էին արել Հայաստանում: Չի ստացվել, գուցե արժի կազմակերպե՞լ, թե չէ մի քիչ սիրուն չի՝ հայ գերին պարզվում է՝ անմեղ գյուղացի է, որին ադրբեջանցիք զինվորական հագուստ են հագցրել, դիվերսանտ չի, մարդ չի սպանել, և այդ անմեղ մարդուն ադրբեջանցիները սպանում են (epress-ից ներողություն եմ հայցում, որ անմեղության կանխավարկածը խախտելով ասում եմ՝ Պետրոսյանին սպանել են), իսկ ադրբեջանցիները երկու հոգու սպանել են, մեկին վիրավորել, իսկ հայերն էլ նրանց ոչ թե տանջամահ են անում, այլ դատում են: Ուրեմն, պետք է մի կերպ երկու երկրների պատկերը սիմետրիկացնելով «գեղեցկացնել», և epress-ը Ղարաբաղի դատարանը անվանում է «այսպես կոչված դատարան»:

Հարց Արմեն Մելիքբեկյանին՝ Ինչո՞ւ «այսպես կոչված դատարան», Ղարաբաղի դատարանը դատարան չի՞, իսկ Ադրբեջանինը կամ ԱՄՆ-ինը իսկական դատարաննե՞ր են, այսպես կոչված չե՞ն, ինչո՞ւ, ինչպե՞ս եք որոշում, թե որն է «այսպես կոչված» դատարանը, իսկ որը՝ «իսկական» դատարանը: Եվ սա հռետորական հարց չէ, կուզեի իրոք այս հարցիս պատասխանեին epress-ի պատասխանատուները:

Եթե epress-ի նյութին հավատաս, դուրս կգա, որ հայ լրագրողները Վարդենիս ու Ղարաբաղ չեն գնացել, չեն փորձել պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ և միայն ՊՆ-ի տեղեկատվությունից են օգտվել: Սակայն, իրականում գնացել են, ու գյուղացիներից տեղեկացել են, բայց ոչ թե epress-ի ուզած սիմետրիան են իմացել, ասենք, թե ինչպես է մոլորված ադրբեջանցին իրենց տանը հյուրընկալվել, այլ լսել են, որ Ղարաբաղի շրջանի Քարվաճառի բնակիչ, պատանի Սմբատ Ցականյանին սպանել են ադրբեջանցի դիվերսանտները, մասնավորապես «Ազատություն» կայքը գրում է հուլիսի 11-ին.

«Քարվաճառի Ջոմարդ գյուղում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը՝ Կարինե Ցականյանը վստահ է՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները:Կարինե Ցականյան. «Ես վերևն եմ եղել, երեխան՝ ներքևը։ Գիշերվա կեսին եկել են՝ տարել, երևի։ Ինքը տեղաշորի մեջ չի քնել։ Դուռը փակել ա, ինչ վերցրել են, տանը մնացածն էլ մնացել ա, որովհետև տանն ա եղել էդ ապրանքը։ Վերևից իջել եմ ներքև, տեսել եմ՝ չկա։ Ինքն էլ հին շորերով ա, սպարտիվկա՝ դեղին գծերով, վերևինը սև՝ սպիտակ գծերով, մի հատ էլ վայենի մայկա է եղել»։

Հուլիսի 15.

«Գյուղապետի փոխանցմամբ՝ երիտասարդի դին հայտնաբերել են գյուղից բավական հեռավորության վրա, սարերում:

Արա Հովհաննիսյանը նշեց, որ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության, տղայի հարազատներին տեղյակ են պահել այդ մասին:

Հիշեցնենք՝ Քարվաճառի Ջոմարդ գյուղում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը՝ Կարինե Ցականյանը, «Ազատության» հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները»:

Դիվերսանտների դատավարությունը ավարտվել է, Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը 22 տարվա ազատազրկման, դատարանի վճռի արդարությունը կասկածի տակ դնող ուսումնասիրության չեմ հանդիպել: Ուրեմն, դատավարության ընթաքում բերված բոլոր ապացույցները վկայում են, որ նրանք, մասնավորապես Ասկերովն է սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին (այդ մասին տես Պանորամայում և Ազատությունում նաև այստեղ):

Եթե սա հերքող փաստեր կան, խնդրեմ, epress-ն էլ է լրատվամիջոց, գիտի ճիշտ ու սխալ լրագրությունը որն է, դասեր է տալիս, և գուցե իր սեփական օրինակով ցո՞ւյց տար, հոդված պատրաստեր, թե ինչքանով է արդար եղել դատավարությունը: Չեն արել, ուրեմն, նրանց հանցանքը հերքող ոչ մի փաստ չունեն, կարծում եմ, եթե մի փոքր փաստ ունենային, թե ադրբեջանցիք դիվերսանտ-մարդասպան չեն, կհրապարակեին: Փոխարենը մարդասպաններին դատող դատարանին անվանում են «այսպես կոչված» ու այդ որակումով, փաստորեն, արդարացնում ադրբեջանցու կողմից հային սպանելը, եթե դատարանը «այսպես կոչված» է, ուրեմն, epress-ի ձեռքը լիներ, կազատեր հանցագործներին:

Իսկ գուցե այլ պատճառո՞վ չեն պարզել. գուցե զգուշացել են, թե կձերբակալվե՞ն, և երկու երկրների միջև հավասարության նշանը ստիպված են եղել ամրացնել բոլոր հայ լրագրողներին պիառշչիկ անվանելո՞վ ու ազնիվ մարդկանց զրպարտելով և ադրբեջանցիների գովքը անելո՞վ: Բայց սենց էլ այլ հավասարության նշան է խարխլվում, հայ ու ադրբեջանցի լրագորղների միջև հավասարության նշանը՝ ադրբեջանցի լրագրողները լավն են, հայերը վատը:

Այդ նշանը ես էլ խախտեմ։

Նոր տարվա մյուս նորությունս արդեն ադրբեջանական մամուլից էր, մի հեքիաթ՝ «Հայ բժշկի գաղտնի տեռորը Ադրբեջանի ծծնդատանը» վերնագրով, թե իբր մի հայ բուժքույր 45 տարի շարունակ, 1945-1990 թվերին «հայակական հատուկ ծառայությունների» պատվերով սպանել է հազարավոր ադրբեջանցի նորածինների՝ նրանց պորտը թույնով չորացնելով:

epress-ի հիացմունքին արժանացած ադրբեջանական լրագրություն, որ գյուղի հեքիաթասացությունը լրագրության տեղ են շփոթել («epress-ի հավանած լրագրությո՞ւնը»), իսկ հեքիաթասացին տառաճանաչություն սովորեցրել ու դարձրել լրագրող: Իսկ նյութը արտատպել են երեք ադրբեջանական թերթեր, և տակը ադրբեջանցիները սարսափով ախուվախ են անում, թե, ըհը, քեզ փաստ, որ հայերը ուզում են ոչնչացնել թուքական էթնոսը:

Epress-ը, որ մանսագիտանում է Հայաստանն ու Ադրբեջանը նույնացնելու գործի մեջ, հետաքրքիր կլիներ՝ գտներ հայ իրականությունից համարժեք հրապարակում, բայց ոչ թե Աղայանի հեքիաթների միջից, այլ հայ լրագրության՝ հայկական մամուլից:

Լավ, ինչ որ է, ինչո՞ւ գրեցի այս նյութը։

Արաբական ծովի ափերի ջերմ Նոր տարվա շնորհավորանքս ուղարկելու համար այն հայ լրագրողներին, ովքեր հետևողականորեն պայքարում են անարդարությունների դեմ, կուզեմ երկու անուն տալ՝ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին, ով իր օֆշորային հաշիվների վերաբերյալ հոդվածաշարով բացահայտեց վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի կոռուպցիան (այս նյութերի մեկ տոկոսի չափ բացահայտում աներ ադրբեջանցի լրագրողը, տեղում կգցեին բերդ), նաև պարբերաբար լրագրողների այցեր է կազմակերպում Ղարաբաղի զորամասեր, որ տեղում ուսումնասիրեն զինվորների խնդիրները և լրագրող Զարուհի Մեջլումյանին, ով առանց հուսահատվելու, հավատալով հաջողությանը՝ տարիներ շարունակ, հետևողականորեն բացահայտում է ցմահ ազատազրկվածների խախտված իրավունքները:

7or.am

դիտվել է 1953 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանն ունի ամենամեծ թիկնազորը (video) Հայկական առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել Հարկեր թաքցնելու, պետությանը խաբելու, պետությանը վնաս պատճառելու մասին եք խոսում․.. (video) Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Ռուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահ ԱԺ-ում թեժացավ․ «Հեսա կարող ա լրիվ գնաք ու խայտառակ լինեք» (video) Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Դուք հիմա պայքարի՞ եք դուրս եկել․․․ հարց Հովիկ Աղազարյանին (video) Վրաստանում նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մամուլի հաղորդագրությունը Գեղամ Նազարյանի հարցը քննարկվելու է ֆրակցիայում, այն պետք է հանգուցալուծում ստանա. Խաչատրյան Այսպես գնա՝ բոլորս հայտնվելու ենք Բաքվի բանտերում․․․ Քրիստինե Վարդանյան (video) Արագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Ում կառաջադրեն ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան «Ես, օրինակ` 100 մլն-անոց գույք ունեմ, հարկ վճարելուց ի՞նչն եք հաշվում»... Աղազարյան (video) Հակաքարոզ պետք է իրականացվի․․․ էդ հարցը չե՛ք կարող լուծել․ Թադևոս Ավետիսյան (video) Լսե՛ք՝ ինչպես է ձեզ շպրտելու․ բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում. Սրբազան (video) Պուտինը չի ցանկացել գալ Երեւա՞ն․․․ ինչու՞ ԵԱՏՄ նիստը Հայաստանից տեղափոխվեց (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ որոշեցին Նիկոլն ու Աննան այս թափով թալանել ու «լափել»․ Բաբկեն Հարությունյան (video) Ի՞նչ է սպասվում․ Հայաստան խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի հարցը․ Արթուր Խաչատրյան (video) #ՀԻՄԱ․Չեմ կարողանում ո՛չ թոշակ ստանալ, ո՛չ գործարքներ անել․ Իսագուլյանը հստակ հարցով դիմեց դատավորին (video) Ինչու ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am