Ալիևը գիտակցում է, որ հողը հոսում է «ոտքերի» տակից

Ադրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը` նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը լքում է պաշտոնը:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, Մեհտիևը օրերս հրավիրվել էր Բաքվից ոչ հեռու գտնվող նախագահական «Զագուլբա» նստավայր, որտեղ Իլհամ Ալիևը նրան շնորհակալություն էր հայտնել երկարամյա հավատարիմ ծառայության համար և «Հեյդար Ալիևի» շքանշան շնորհել: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ այս հրաժեշտի հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, բարձր գնահատելով Մեհտիևի անցած աշխատանքային ուղին` պարբերաբար հիշեցնում էր, որ նա իր բյուրոկրատական վերելքի և ազդեցության համար պարտական է նախևառաջ Հեյդար Ալիևին:

«Պատահական չէ, որ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը, չնայած Ձեր երիտասարդ տարիքին շատ, կարևոր պաշտոններ էր վստահում Ձեզ: Եվ դա մի իրավիճակում, երբ հայտնի էր, որ Հեյդար Ալիևը կադրային հարցերում շատ պահանջկոտ էր: Այսօր սակայն դուք արդեն 80-նն անց եք: Եվ հենց դուք էիք մշտապես ասում, որ հարկավոր է երիտասարդներին աճի հնարավորություն տալ, զիջել նրանց ճանապարհը: Երիտասարդությունը պետք է աճի և հասունանա, որպեսզի հետագայում կարողանա կառավարել մեր երկիրը», - հայտարարել է Իլհամ Ալիևը` դիմելով իր աշխատակազմի արդեն նախկին ղեկավարին:

81-ամյա Ռամիզ Մեհտիևը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 24 տարի` 1995 թվականից: Նրա կարիերան սկիզբ էր առել դեռ խորհրդային շրջանում․ նա աշխատել էր որպես Ադրբեջանի կոմկուսի Բաքվի 26 կոմիսարների շրջկոմի քարտուղար, ապա տեղափոխվել էր կենտկոմ` զբաղեցնելով գաղափարախոսության գծով քարտուղարի առանցքային կարևորություն ունեցող պաշտոնը: 90-ականների կեսերին` Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալուց հետո, Մեհտիևը արագորեն վերագտավ իր երբեմնի ազդեցությունը: Շատերի գնահատմամբ, նա Ադրբեջանի իշխանական համակարգի գորշ կարդինալն էր, առանց որի հավանության չէր կայացվում որևէ էական քաղաքական կամ կադրային որոշում:

Սակայն, Ադրբեջանում ընդդիմադիրների համոզմամբ՝ կադրային վերջին փոխատեղումները հազիվ թե որևէ էական փոփոխության հանգեցնեն երկրի կյանքում: «Վերջին կադրային փոփոխությունները և բարեփոխումների մասին պնդումները կոսմետիկ բնույթ են կրում և բացառապես ներքին լսարանի համար են նախատեսված: Միևնույն է, իշխանության գործողությունների ռազմավարությունը որոշում է Իլհամ Ալիևը, իսկ մյուս բոլոր չինովնիկները պարզապես կատարում են երկրի ղեկավարի հրահանգները», -«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:
Ընդդիմադիր գործչի խոսքով, Մեհտիևի հրաժարականը ավելի կարևոր է իշխանության ներսում առկա հարաբերությունների տեսանկյունից․ - «Ազդեցության լծակների որոշակի վերաբաշխում է տեղի ունենում իշխանության ներսում` հօգուտ նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի»:

«Ալիևների - Փաշաևների կլանի դիրքերը ամրապնդվում են: Խոսքն իրականում սեփականության վերաբաշխման և ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողության մասին է: Կլանները հենց դրա համար են պայքարում, այլ ոչ թե հանուն բարեփոխումների: Կոռուպցիան, մենաշնորհները, անարդար դատարանները չեն վերանա, քանի որ իշխանությունները զուրկ են քաղաքական կամքից: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ ամենամեծ մոնոպոլիստներն ու կոռուպցիոներները հենց երկրի առաջին դեմքերն են», - նշել էր Ալի Քերիմլին:

Ինչպես հաղորդում է ռադիոկայանը՝ Մեհտիևի հրաժարականից բացի, վերջին օրերին Բաքվում շատ է քննարկվում երիտասարդ կամ համեմատաբար երիտասարդ ադրբեջանցի պաշտոնյաների առաջխաղացման մասին: Էկոնոմիկայի 54-ամյա նախարար Շահին Մուստաֆաևը (ծնունդով նոյեմբերյանցի) նշանակվել է փոխվարչապետ: Նրա թափուր մնացած պաշտոնը փոխանցվել է Միքայիլ Ջաբարովին: 43-ամյա այս պաշտոնյան ադրբեջանցի գլխավոր բարեփոխչի համբավն ունի` նախկինում աշխատել է որպես Կրթության, ապա նաև Հարկահանության նախարար` երկու գերատեսչություններում էլ որոշակի նորամուծությունների հեղինակ դառնալով:

Ընդդիմադիր տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլիի համոզմամբ սակայն, կադրերի նոմինալ երիտասադրացումը որևէ խնդիր չի լուծում․ - «Թող բոլոր նախարարությունները միավորեն մեկ միասնական Հարկերի, մաքսերի, էկոնոմիկայի, արտաքին և ներքին գործերի, գյուղի և քաղաքի, կապի և տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և բնապահպանության նախարարության կազմում և նախարար նշանակեն Միքայիլ Ջաբարովին: Ադրբեջանին մեկ նախարարությունն ու մեկ նախարարը միանգամայն բավարար են»:

Թերևս, Ալիևը փորձում է կադրային փոփոխություններով իշխանության վարկանիշը բարձրացնել, մյուս կողմից կլանային պայքարը՝ առճակատման չհասցնել: Մյուս կողմից, Ալիևն այս քայլերով գիտակցում է, որ վաղ թե ուշ, ընդդիմությունը կարող է հասարակական դժգոհությունը մոբիլիզացնել, իսկ եղած կադրերով երկրում բարեփոխումների իրականացման ճառերով ոչ մեկին չես խաբի:

Թամար Բագրատունի

դիտվել է 1658 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am