Հայաստանի կոշտ դատապարտումը՝ Թուրքիայի ապօրինի գործողություններին

Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող Թել Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել են և ցամաքային ճանապարհով տեղափոխվում են դեպի Հասակե քաղաք, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հայերը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում հիմնականում բնակվում են Կամիշլի քաղաքում: «Կամիշլին երեկ մեկ անգամ ենթարկվել էր հրթիռակոծության, բայց Կամիշլիի հիմնական մասը գտնվում է Սիրիայի իշխանությունների տիրապետության ներքո, այնպես որ չեմ կարծում, որ թուրքական ներխուժումը հասնի մինչև սիրիական իշխանությունների տիրապետության տակ գտնվող շրջաններ», - նշել էր Մելքոնյանը՝ շարունակելով․ ֊ «Դամասկոսում մեր դեսպանությունը մշտական կապի մեջ է համայնքի ղեկավարության հետ, և նրանք այս պահին տարհանման ցանկություն չունեն, քանի որ այդպիսի վտանգ դեռևս չեն զգում»: ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ հաշվի առնելով զարգացումների անկանխատեսելի բնույթը, Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը մշակում են բոլոր հնարավոր տարբերակները, և եթե տարհանման անհրաժեշտություն առաջանա, դա կկատարվի: «Այլ հարց է Թել Աբյադը, որտեղ 16 հայ ընտանիք կա և որը ենթարկվել էր ռմբակոծությունների և թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկն է: Այնտեղ տուժածներ չունենք, բայց այսօր առավոտյան մեր ստացած տեղեկությունների համաձայն այդ 16 ընտանիքից 13-ը տարհանվել են՝ դուրս են եկել դեպի Հասակե ցամաքային ճանապարհով», - նշեց Մելքոնյանը:

Երեկ առավոտյան Հայաստանի արտգործնախարարությունը այս առնչությամբ հաղորդագրություն տարածեց՝ դատապարտելով Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, «որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի»:
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Այդ մասին նշվեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: «Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ», - շեշտեց ՀՀ ԱԳՆ-ն:
Պաշտոնական Երևանը կոչ արեց «գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ»։

«Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին», - ասվում էր հայտարարությունում:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը», - երեկ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողություններին: «Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», - ասաց նա:

Հիշեցնելով, որ Հայաստանը «Սիրիայում, Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը», Փաշինյանը հավելեց․ - «Եվ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»: Նա կարծիք հայտնեց, որ «իմաստ ունի, որ այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք և մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»:

ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակում երեկ իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։ ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս արևելքում ծավալվող իրադարձություններին միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ասվում էր հաղորդագրությունում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր մեկնում է Ստամբուլ։ Նա Ստամբուլում պետք է բանակցի Թուրքիայի ղեկավարների հետ։ Բնականաբար, առանցքային թեման կլինի Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նախաձեռնած գրոհը։ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ զրույցում նա խոսել է «Խաղաղության աղբյուր» անվամբ թուրքերի գործողության մասին։ «Թուրքիան ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր դաշնակիցն է և ունի Սիրիայի վերաբերյալ անվտանգության լուրջ մտահոգություններ։ Թուրքիան ենթարկվել է հրեշավոր ահաբեկչական գրոհների, ապաստան է տվել սիրիացի միլիոնավոր փախստականների։ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու մասին։ Շատ կարևոր է խուսափել այնպիսի ակցիաներից, որոնք կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, սրել լարվածությունն ու ավելի շատ մարդկային տառապանք առաջացնել», - ասել է Ստոլտենբերգը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է Անկարայում հավատարմագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպաններին և տեղեկություններ է փոխանցել «Խաղաղության աղբյուր» օպերացիայի մասին։ «Գործողությունն իրականացվում է բոլոր միջազգային օրենքներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին համապատասխան», - հոկտեմբերի 9-ին Թվիթերում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա փոխանցմամբ, Անկարան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանն էլ է պատշաճ խողովակներով տեղեկացրել գործողության մասին։

Յենս Ստոլտենբերգի փոխանցմամբ, թուրքերն օպերացիայի ընթացքում պետք է խոհեմ և չափավոր լինեն։ «Հուսով եմ, որ Թուրքիան զսպվածություն կդրսևորի և բոլոր ակցիաները Հյուսիսային Սիրիայում կլինեն համարժեք և հավասարակշռված։ Մենք չպետք է վտանգենք նվաճումները, որոնք ձեռք ենք բերել մեր ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, որովհետև «Իսլամական պետություն»-ը տակավին հանդիսանում է մեծագույն սպառնալիք Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և մեր բոլոր երկրների համար։ Ուրբաթ օրը ես այս հարցերը Ստամբուլում քննարկելու եմ նախագահ Էրդողանի հետ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Թամար Բագրատունի

դիտվել է 818 անգամ
Լրահոս
Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am