Դատապարտում ենք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը. Yerkir.am-ի հայտարարությունը
Խստորեն դատապարտում ենք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը՝ այն որակելով որպես մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված ակնհայտ ոտնձգություն: Մամուլի վրա բռնաճնշում գործադրելու ցանկացած փորձ դիտվելու է որպես ՀՀ ժողովրդավարական արժեքների ոտնահարում, իսկ այսպիսի երևույթները կարող են վտանգավոր նախադեպ և սպառնալիք դառնալ բոլոր լրատվամիջոցների համար: Միանշանակ է, որ «Հայելու» դեպքը երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, հասարակությունը «նորերի-հների», «սևերի-սպիտակների» բաժանելու հետևանք է: Ի վերջո, կարելի է չհամաձայնել այս կամ այն լրատվամիջոցի հրապարակումների մեջ տեղ գտած մտքերի, փաստերի կամ կարծիքների հետ, այդ պարագայում ՀՀ-ում կան այդ ամենին հակադրվելու քաղաքակիրթ մեթոդներ և ճանապարհներ:
Մեր զորակցությունն ենք հայտնում «Հայելի» մամուլի ակումբի գործընկերներին և հայտարարում. ՀՀ-ում վաղուց անցել են լրատվամիջոցները բռնի ուժով փակելու, լրատվամիջոցների ձայնը բիրտ մեթոդներով լռեցնելու ժամանակները, և այդ ամենին վերադարձ չի՛ լինելու:
Yerkir.am լրատվական կայքի խմբագրակազմ
5 հոկտեմբերի, 2019 թ.
ք. Երևան