Ազատազրկումների նոր ալիք Ռուսաստանում․ իրավիճակը սրվում է

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում և մարզերում անցկացվելու են նահանգապետերի և քաղաքային դումայի, այդ թվում՝ Մոսկվայի դումայի ընտրություններ, Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել այդ ընտրություններին գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին։

Հուլիսից Մոսկվայում անցել են մի շարք բողոքի ակցիաներ, այդ թվում՝ չարտոնված, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Վերջին անգամ ընդդիմադիրները հավաքվել էին չարտոնված երթի անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, ընդամենը մի քանի հազար մարդ էր դուրս եկել, և իրավապահները որևէ ձևով չեն միջամտել։ Երեկվանից, սակայն, գիշերային ձերբակալությունները վերսկսվել են: Ընդդիմությունը նոր բողոքի ռազմավարություն է մշակում։

Երեկ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Վլադիսլավ Սինիցային՝ Թվիթերում գրառում կատարելու համար։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ատելություն և թշնամանք հրահրելու մեջ։ Բլոգերն իրեն մեղավոր չի ճանաչում և հայտարարել է, որ իր խոսքերը դուրս են բերվել համատեքստից։ Վլադիսլավ Սինիցան «Մաքս Ստեկլով» կեղծանունով Թվիթերում օգոստոսի 1-ին պատասխանել է մեկ ուրիշ անանուն բլոգերի գրառմանը, թե հնարավոր է պարզել Ռոսգվարդիայի այն աշխատակիցների ինքնությունը, ովքեր դիմակներով հուլիսի 27-ին չարտոնված ցույցի ժամանակ դաժանորեն ծեծում էին ցուցարարներին։ Սինիցան գրել է. - «Հետո մարդիկ կիմանան, թե ովքեր այդ ոստիկանները, և կպատժեն նրանց երեխաներին»։ Սինիցան պնդում է, որ ինքը պարզապես ենթադրել է, թե ինչ կարող է տեղի ունենալ։

Բլոգերի փաստաբան Դենիս Տիխոնովը դատարանի որոշումը որակել է անմարդկային: Փաստաբանը հայտարարել է նաև, որ պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել նախ Մոսկվայում, հետո էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Հիշեցնենք, Մոսկվայում հուլիսից պարբերաբար անցնող բողոքի չարտոնված ցույցերի մասնակիցների նկատմամբ իրավապահները քրեական գործեր են հարուցել, այսօր նման մի գործով առաջին դատական վճիռն է հրապարակվել։ Մոսկվայի Տվերսկոյ դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Իվան Պոդկոպաևին` ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ցուցարարն իր մեղքը խոստովանել է՝ հավելելով, թե չէր ուզում որևէ վնաս պատճառել, զայրացել էր այն բանից, որ իրավապահները մետաղյա ցանկապատով հրում և պարզապես ջարդում էին մարդկանց, այդ թվում՝ տարեցներին և կանանց։

Կլինեն նաև այլ դատական որոշումներ, տասնյակից ավելի են այն ցուցարարները, ում դեմ քրեական գործեր են հարուցվել։ Ձերբակալված չորս ցուցարարների դեմ քրեական գործերն այսօր կարճվել են։

Հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի էր ունեցել քաղաքային դումայի ընտրություններին չգրանցված թեկնածուների աջակիցների չարտոնված հավաքը, որի ժամանակ ոստիկանությունը և Ռոսգվարդիան բիրտ ուժ էին կիրառել ցուցարարների նկատմամբ, և այդ տեսագրություններն արագ տարածվել էին համացանցում։ Օգտատերերը կարողացել էին հատուկ ծրագրի միջոցով պարզել դիմակներով Ռոսգվարդիայի ներկայացուցիչների ինքնությունը և նրանց անունները տարածում էին համացանցում։ 30-ամյա Սինիցայի գրառումը սրան էր վերաբերում։ Ռուսաստանցիները պարզապես զայրացել էին իրավապահների կոշտ գործողություններից։

Նախօրեին Մոսկվայում հերթական անգամ տեղի են ունեցել գիշերային ձերբակալություններ։ Իրենց բնակարաններում իրավապահները ձերբակալել և բերման էին ենթարկել ընդդիմադիրներ Լյուբով Սոբոլին, Նիկոլայ Ռյասկինին և «Նովայա գազետա» թերթի լրագրող Իլյա Ազարին։ Ընդ որում, Ազարին ձերբակալել էին երեկոյան, երբ նա պատշգամբ էր դուրս եկել ծխելու, տնային հագուստով, և միանգամից ոստիկանություն էին տարել՝ չնայած բնակարանում մենակ էր մնացել նրա մանկահասակ դուստրը։

Երեկ էլ Մոսկվայի Տվերսկոյ դատարանն երեք տարվա ազատազրկման է դատապարտել հուլիսի 27-ին Մոսկվայի կենտրոնում բողոքի ցույցին մասնակցած Կիրիլ Ժուկովին։ Նրան մեղադրել են Ռոսգվարդիայի ներկայացուցչի դիմակը քաշելու և դրանով նրան ցավ պատճառելու մեջ։

Տուժողը Ասկարբեկ Մադրեյմովն է։ Նրա ցուցմունքի համաձայն՝ Ժուկովը ձախ ձեռքով հարվածել է իր գլխին՝ դիմակը հանելու համար։ Մեղադրող կողմը 4,5 տարի էր պահանջում Ժուկովի համար։ Իսկ երիտասարդ տղամարդը դատարանում խնդրում էր, որ իրեն պայմանական ազատազրկման դատապարտեն։

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայի դատարանը այսպես կոչված «մոսկովյան գործի» շրջանակներում ևս երկու ցուցարարների էր դատապարտել ազատազրկման։ 25-ամյա Իվան Պոդկապաևը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, իսկ 25-ամյա Դանիլ Բեգլեցը՝ երկու տարվա։ Նրանց նույնպես մեղադրում են իրավապահների նկատմամբ ուժ կիրառելու մեջ, թեև որևէ վնաս ոստիկաններին չէր հասցվել։ Բեգլեցն ընդհանրապես երկու տարվա ազատազրկման է դատապարտվել միայն նրա համար, որ քաշել էր ոստիկանի ձեռքը։

Քննչական կոմիտեն հայտարարել էր, թե դադարեցնում է քրեական գործը Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ուսանող Եգոր Ժուկովի դեմ։ Մոսկվայի ամենահայտնի բուհերից մեկի ուսանողին մեղադրում էին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, սակայն գործը կարճվել է երեկ, իսկ Ժուկովին կալանավայրից տեղափոխել են տնային կալանքի։ Սրա հետ մեկտեղ՝ ուսանողի դեմ նոր քրեական գործ են հարուցել համացանցում ծայրահեղական գործողությունների կոչերի համար։ Հայտնի է, որ հինգ ցուցարարների դեմ քրեական գործերը կարճվել են։ «Մոսկովյան գործի» շրջանակում դատավարությունները շարունակվում են։

Հիշեցնենք՝ բողոքի այս ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել գրեթե բոլոր ընդդիմադիրներին սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին։ Կոռուպցիայի դեմ հիմնադրամի ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «Խելացի ընտրություն» ռազմավարության շրջանակում կոչ է անում իր աջակիցներին մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը տալ այլ, այդ թվում նաև կոմունիստ թեկնածուներին, միայն թե չանցնեն իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուները։
Ինչպես հաղորդել է «Ազատությունը»՝ «Պրոյեկտ» պարբերականը գրել է, թե Կրեմլը որոշել է ընդդիմադիր թեկնածուներին չգրանցել որպես թեկնածու, երբ փակ հարցումների արդյունքում պարզել է, որ ընդդիմադիրները շատ բարձր վարկանիշ ունեն և կարող են հաղթել Մոսկվայի դումայի ընտրություններում առնվազն 9 շրջաններում։ Այդ հարցումների համաձայն՝ հաղթելու բոլոր շանսերն ունեին Նավալնու հիմնադրամի աշխատակիցներ Լյուբով Սոբոլը և Իվան Ժդանովը, Մոսկվայի դումայի պատգամավորներ Իլյա Յաշինը, Յուլիա Գալյամինան և Ելենա Ռուսակովան, ինչպես նաև ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովը։ «Պրոյեկտ»-ը պնդում է, որ Կրեմլը մինչև այդ փակ հարցումը պատրաստ էր թույլ տալ ընդդիմադիրներին մասնակցել և որոշ տոկոս ստանալ ընտրություններին, սակայն չէր կարող թույլ տալ, որ մայրաքաղաքում Կրեմլի կոշտ ընդդիմադիրները լուրջ հաղթանակ արձանագրեին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4542 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am