Գործադիրն արտոնություն տվեց
ՀՀ կառավարությունը «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում 5 տարի ժամկետով շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրեց «Օրիոն գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Այս մասին հարցն օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը`նշելով, որ 5 տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:
Կազմակերպությունը նախատեսում է ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հնարավորություն կտա ընկերությանը ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
