Արթուր Ալեքսանյանը կմեկնի Բուլղարիա, իսկ Արսեն Ջուլֆալակյանը՝ Թուրքիա
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: «Հավաքին մասնակցում է 25 ըմբիշ: Հիմնականում մեծահասակներ են: Նախապատրաստվում ենք հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին», – ՀԱՕԿ-ի կայքին ասել է մեր հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Բուլղարիայում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 ըմբիշներ՝ Ռոման Ամոյանը, Նարեկ Խաչատրյանը, Գեւորգ Ղարիբյանը (59 կգ քաշային կարգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ): Աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի հունվարի 30-31-ը Թուրքիայում կայանալիք Վեհբի Էմրեի եւ Համիդ Քափլանի անվան միջազգային մրցաշարին: