Ասադի կուսակցությունը հաղթել է ընտրություններում
Սիրիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում ԲԱԱՍ (Արաբական սոցիալիստական վերածնունդ) կուսակցության հաղթանակի մասին։ Ընտրությունները կայացել էին ապրիլի 13-ին կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԲԱԱՍ կուսակցությունն իշխանության ղեկին է 1963 թվականինց, իսկ դրա գլխավոր քարտուղարը Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ԲԱԱՍ կուսակցության և դրա դաշնակիցների կողմից կազմված միասնական ցուցակի բոլոր՝ 200 թեկնածուներն անցել են խորհրդարան։ Պատգամավորների ընդհանուր թիվը կազմում է 250 մարդ։ Այսպիսով՝ Ասադը կրկին ապահովել է իրեն խորհրդարանի լիարժեք աջակցությամբ։ Ընդդիմությունը կոչ էր արել բոյկոտել այդ ընտրությունները։ ՄԱԿ-ում նույնպես չեն ցանկանում ճանաչել արդյունքները և ակնկալում են առաջիկա 18 ամսում խորհրդարանի և նախագահ Բաշար Ասադի վերընտրություն։
