«Վերջապես գտա «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում՝ ծեծված-ջարդված, բազմաթիվ վնասվածքներով… Այս պահին արդեն Ֆրանսիայում է»

Երեկ՝ ուշ երեկոյան, լուր տարածվեց, որ ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող, այսպես ասած, «օրենքով գող» Մերաբ Քալաշովին պատրաստվում են արտահանձնել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել էր Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը. «Իմ պաշտպանյալին, առանց հիմքի, ապօրինի, պատվերով բերել են ոստիկանության գծային բաժին և ուզում են տեղափոխել Ֆրանսիա:

Պաշտպանը նաև ասել էր, որ իրեն տևական ժամանակ Ոստիկանության օդանավակայանի գծային բաժնում թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին, ապա նշել հետևյալը. «Ես պատրաստ եմ ենթարկվել զննման, և թույլ չեն տալիս ինձ տեսակցել, ովքեր առաջացրել են այս հարցը, պատասխան են տալու: Իմ պաշտպանյալն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, երեք ժամ բժիշկ չեն կանչել՝ մինչև իմ կողմից հարցը բազմաթիվ անգամ չբարձրաձայնելը: Նա ոտքի մատի կոտրվածք ունի և իրեն ծեծի ենթարկողներին ճանաչում է»։

Այսօր 168.am-ը Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք, ի վերջո, իր պաշտպանյալին արտահանձնեցին այլ երկիր, ինչին նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ Մերաբ Քալաշովն այս պահին արդեն գտնվում է Ֆրանսիայում։

«Մեր վերաքննիչ բողոքը՝ կալանքի ժամկետի հետ կապված, և վճռաբեկ բողոքը՝ արտահանձնման հետ կապված, դեռևս քննության չեն առնվել, և դրա վերաբերյալ վերջնական որոշում մենք դեռ չունենք, չենք ստացել, և իմ խորին համոզմամբ, և դա նաև օրենքի պահանջն է, 495 հոդվածը, որ քանի դեռ անձի նկատմամբ չկա վերջնական որոշում, նա չի կարող հանձնվել։ Եթե ես ամսի 3-ին եմ ստացել վերաքննիչի բողոքը, և որպես պաշտպան՝ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեմ, և ունեմ 5-օրյա ժամկետ, այսինքն՝ ամսի 8-ին ես կարող եմ, չէ՞, բողոքարկել… Եթե ես չեմ բողոքարկել, իրենք որտեղի՞ց գիտեն, որ այդ վերջնական որոշումը կայացրել են»,- ասաց Մերաբ Քալաշովի պաշտպանը։

Նա նշեց նաև, որ Արդարադատության նախարարությունից իրենց որևիցե պատասխան չեն տվել բացարձակապես։

«Ասեմ ավելին, ես երեկ ժամը 5-ից իմ պաշտպանյալին էի որոնում քրեակատարողական տարբեր հիմնարկներում, որին փախցրել-տարել էին, ու մենք տեղեկություն չունեինք նրանից։ Վերջապես գտա «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում՝ ծեծված-ջարդված, բազմաթիվ վնասվածքներով։ Ահազանգել եմ ոստիկանություն, բայց այդպես էլ որևիցե մեկը չեկավ, չֆիքսեց։ Ոտքը կոտրած, մատը կոտրած, գլխին՝ վնասվածքներ, մեջքին, ոտքերին։ Լավ է, ֆրանսիական կողմը ֆիքսեց դրանք»,- նշեց Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ փոխանակ նորմալ բժիշկ հրավիրեն, ռենտգեն անեն, նյութեր նախապատրաստեն, մնացին «ձայն բարբառոյ յանապատի»։

Մեր հարցին ի պատասխան՝ Մերաբ Քալաշովի պաշտպանն ասաց, որ ի վերջո տեսել է իր պաշտպանյալին, սակայն չի կարող ասել, թե ինչո՞ւ էին նրան ծեծել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք ահազանգ է եղել նշված դեպքով։ Խոստացան պատասխանել։ Հավանաբար պայմանավորված ոչ աշխատանքային օրվա տրամաբանությամբ՝ պատասխան չստացանք, սակայն, ամեն դեպքում, մենք պատրաստ ենք հրապարակել ոստիկանության պարզաբանումը խնդրի առնչությամբ։

«Բողոքելու եմ և կարծում եմ, որ պատասխան պիտի տան բոլոր ապօրինությունների համար։ Միանշանակ գնալու եմ մինչև վերջ»,- եզրափակեց պաշտպանը։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ծեծի վերաբերյալ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։

Ինչ վերաբերում է իրենց գործողություններին, նա ասաց, որ Վերաքննիչ դատարանի կողմից է որոշում կայացվել, որ Մերաբ Քալաշովին արտահանձնեն Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Ի դեպ, մեր այն հարցին, թե ինչո՞ւ Մերաբ Քալաշովի պաշտպանին տեղյակ չեն պահել, որ իր պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկից դուրս են բերում, ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետը պատասխանեց, որ տեղյակ են պահել, ասաց, որ պաշտպանին վարույթն իրականացնող մարմինն է տեղյակ պահում։

Մինչդեռ Մերաբ Քալաշովի պաշտպանը կտրականապես հերքեց դա՝ ասելով, որ տեղյակ չի եղել։

«Գնացել եմ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնտեղ ասել են՝ այստեղ չի, տարել են, վարչությունից ճշտեք։ Գնացել եմ Քրեակատարողական ծառայություն։ 40 րոպե սպասելուց հետո հերթապահ բաժնից ասացին՝ երկուշաբթի եկեք։ Այնտեղից ձեռնունայն գնացել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ մտածելով՝ միգուցե առողջական խնդիրներ ունի, այնտեղ են տեղափոխել։ Այնտեղ էլ չէր։ Հետո նոր զանգ ստացա, որ Օդանավակայանի գծային բաժնում է իմ պաշտպանյալը»,- վրդովվեց Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 15-ին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է կայացրել «օրենքով գող» Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել: Այս մասին տեղեկացրել էին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, իսկ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Նուբարաշենից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, Հայաստանի քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից 2015-ից հետախուզվող, 1975թ. ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին։

դիտվել է 1618 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am