Իսկ ռուսներն Ալիևի համար են աշխատում

Վրաստանում շարունակվում են իրադարձությունները արագ զարգանալ: Արդեն յոթերորդ օրը չեն մարում բողոքի ցույցերը: Հակակառավարական ակցիաների մասնակիցները իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացրել՝ հայտարարելով, որ Ռուսթավելի փողոցից կհեռանան միայն դրանք իրականացվելու դեպքում: Այդ պահանջներից մի քանիսը Վրաստանի իշխանությունները արդեն կատարել են՝ հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, իշխող ուժը Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նախաձեռնություն է սկսել՝ խոստանալով մեծամասնական ընտրակարգը փոխարինել համամասնականով:

Այսօր ազատ է արձակվել վերջին օրերին բողոքի ցույցերի ձերբակալված մասնակիցների մեծ մասը: Մինչդեռ, ինչպես ցուցարարներն են պնդում, գլխավոր պահանջը մնում է անկատար. Վրաստանի ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մերձավոր դաշնակից Գիորգի Գախարիան՝ Ներքին գործերի նախարարը, շարունակում է պաշտոնավարել:

Փոխադարձ մեղադրանքներ ու քաշքշուկի պայմաններում երեկ Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ընտրեց: 94 կողմ, 1 դեմ քվեների հարաբերակցությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվեց Արչիլ Թալաքվաձեն: Նա այս պաշտոնում փոխարինում է Թբիլիսիում ծավալված բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական ներկայացրած Իրակլի Կոբախիձեին:

Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանում Թալաքվաձեն զբաղեցնում էր իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի պաշտոնը: «Ես խոստանում եմ մեր հանրությանը, որ խորհրդարանում այսուհետ խաղաղ և կառուցողական մթնոլորտ է տիրելու և մենք կայացնելու ենք բացառապես այն որոշումները, որոնք բխում են մեր ազգային շահերից», - ըստ «Ազատության»՝ նշեց Թալաքվաձեն քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահը օրենսդիր մարմնում խաղաղ մթնոլորտ հաստատելու մասին պատահական չէ որ հիշել էր: Խոսնակի պաշտոնում նրա ընտրությանը բավական բուռն իրադարձություններ նախորդեցին:

Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների անդամները ողջ նիստի ընթացքում պահանջում էին հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բախումների վերաբերյալ առանձին քննարկում անցկացնել: Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ ոստիկանությունը ոչ համարժեք է գործել և ցուցարարների դեմ անհամաչափ ուժ է կիրառել:

Իրավիճակը խորհրդարանի դահլիճում սրվեց այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանքի» անդամ Մամուկա Մդինարաձեն հայտարարեց, թե Ռուսթավելիի պողոտայում ծավալված իրադարձությունների գլխավոր մեղավորը վրացական ընդդիմությունն է: Դրան հետևած լեզվակռիվն ու քաշքշուկը շարունակվեցին մոտ 10 րոպե, որից հետո ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Այնուհետև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ամենաակտիվ մասնակիցներից մեկի` «Ազգային միացյալ շարժման» ղեկավար Նիկա Մելիայի դեմ քրեական գործ հարուցվեց: Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը նշում էր, որ Մելիան մեղադրվում է հունիսի 20-ի երեկոյան Ռուսթավելիի պողոտայում զանգվածային անկարգություններ հրահրելու համար: Քննիչների պնդմամբ ցուցարարների և իրավապահների միջև բախումները ծագեցին այն բանից հետո, երբ Նիկա Մելիան փորձեց ճեղքել ոստիկանական շղթան և մուտք գործել խորհրդարանի շենք:

Խորհրդարանում ժամեր տևած թեժ քննարկումների արդյունքում պատգամավորները ի վերջո բավարարեցին գլխավոր դատախազության միջնորդությունը՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումը ընդունվեց խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանքի» պատգամավորների կողմ քվեների արդյունքում, ինչին հաջորդեց խորհրդարանական փոքրամասնության կոշտ քննադատությունը։ Անգամ տեսախցիկների առկայության պայմաններում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները չեն խորշել սուր լեզվակռվից, փոխադարձ վիրավորական մեղադրանքներից:

Նիկա Մելիան, ով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից է, մեղադրվում է Թբիլիսիում անցյալ հինգշաբթի օրը սկիզբ առած բողոքի ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու ու առաջնորդելու մեջ: Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորին ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել: Ինքը՝ ընդդիմադիր պատգամավորը կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ նրա կուսակիցները դատախազությունից ապացույցներ են պահանջում՝ պնդելով, թե Մելիայի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ռուս-վրացական լարված հարաբերությունների ֆոնին՝ Հայաստանը փորձում է տարանցիկ օդային փոխադրումների կենտրոն դառնալ Ռուսաստանի և Վրաստանի միջև: Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանի խոսքով՝ ավիաընկերությունների միջև արդեն իսկ սկսվել են քննարկումներ, թե ինչ տարբերակներով է հնարավոր Հայաստանով Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցություն իրականացնել։

«Տարբերակներ կան, որ Վրաստանից ավտոբուսներով բերեն դեպի Երևան ուղևորներին և հակառակը, այնուհետև թռիչքներ իրականացնել Երևանից կամ Գյումրուց։ Տարբերակներ են քննարկվում նաև, որ մենք ունենք Georgian Airway, որը թռնում է Թբիլիսի-Երևան ուղղությամբ շաբաթական 7 հաճախականությամբ, կրկնապատկել այդ չվերթների հաճախականությունը և, հետևաբար, դառնալ տրանզիտ տարբերակով, այսինքն՝ Թբիլիսի-Երևան, այնուհետև ռուսական ավիաընկերություններով դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ», - ըստ «Ազատության» նշել է Փայասլյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արգելանքով Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթները կդադարեցվեն։ Պուտինը նման արգելք էր դրել Թբիլիսիում կազմակերպված հակառուսական ցույցերից անմիջապես հետո։

Վրաստանի մայրաքաղաքում դժգոհության ալիք էր բարձրացել, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։

Հայաստանում այժմ քննարկվում է նաև երկաթուղու տարբերակը. թռիչքներ Ռուսաստանից դեպի Գյումրի, Հարավկովկասյան երկաթուղով էլ Գյումրիից Թբիլիսի ուղևորափոխադրումներ։ Հայաստանի վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի տեղեկացմամբ՝ դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնող վրացական ավիաընկերություններն արդեն պատրաստվում են Հայաստանով չվերթներն իրականացնել։ «Գլխավոր փոխադրողն էնտեղ Georgian Airway-ն է` Airzena-ն։ Airzena-ն հանդիսանում է հայկական «Արմենիա» ավիաընկերության գործընկերը և քույր ձեռնարկությունը։ Նրա բոլոր չվերթները կկատարավեն կամ Գյումրիով կամ Երևանի Զվարթնոց օդանավակայանով», - ասաց Ճաղարյանը։

Հայաստանում գործող «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ընկերությունները վարչապետի խորհրդականի հետ քննարկման ժամանակ պատրաստակամություն են հայտնել Թբիլիսիի և Մոսկվայի միջև օդային հաղորդակցություն կազմակերպելու համար։ Արդյո՞ք արդեն չվացուցակները հաստատվել են, 3 ընկերություններից դեռ հստակ պատասխան չի տրվում։ Սակայն «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր, որ «Արմենիան» ծրագրում է հուլիսի 9-ից օրական 2 չվերթ Երևան-Մոսկվա-Երևան, Մոսկվա-Երևան-Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղություններով։ Վարչապետի խորհրդականը մտավախություն ունի՝ ռուսական հիմնական ավիափոխադրողները հնարավոր է Ադրբեջանի միջոցով թռիչքներ իրականացնեն դեպի Թբիլիսի։ «Հիմնական ռուսական ավիափոխադրողները ունեն գործընկերական և ինտերլայն պայմանագրեր «Ազալ»-ի հետ, և կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կօգտագործի այդ հնարավորությունները այդ ընկերությունների թռիչքները համակցելու հնարավոր է Գանձակի օդանավակայանում», - «Ազատությանն» ընդգծել է Ճաղարյանը։

Ռուսական պետական «Վեստի 24» հեռուստաալիքով մեկնաբանը նշել էր, թե օդային փոխադրումները Մոսկվայից Թբիլիսի Բաքվի միջոցով կրկնակի էժան կարժենան, քան Երևանով։ Դե ինչ, սպասենք Փաշինյանի կառավարությունից ճկունություն: Արդյոք Հայաստանը կկարողանա՞ այս հարցում շահեկան քայլերի դիմել...

Թամար Բագրատունի

դիտվել է 2835 անգամ
Լրահոս
Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ Ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել Այս խոշտանգման ամենազարհուրելի մասը․ փաստաբաններն արձանգանքում են ոստիկանի կողմից բռնության ենթարկված քաղաքացու դեպքին Ներգրավվեցի գյումրեցի ընդդիմադիր հանրային գործիչ Կարապետ Պողոսյանի դեմ քննվող քրեական գործերից մեկով․ Մելիքյան Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Փաստաբան Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Խոսնակ Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet 11 տարի առաջ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար հետախուզվողին գտել են Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am