Ժամկետանց վարկերն արագորեն ավելանում են. Բանկային համակարգը դարձյալ հայտնվում է նույն շրջափուլի մեջ

168 ժամը գրում է.Բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ։ Թեև համաներման արդյունքում բավական մեծ գումար, որը կուտակվել էր ժամանակին վերցրած վարկերի չկատարված պարտավորությունների հետևանքով, դուրս գրվեց քաղաքացիների վրայից։

Պաշտոնական տվյալներով, ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժ ու տուգանքների գումարն այս տարվա հունիսի սկզբի դրությամբ կազմել է շուրջ 12 մլրդ դրամ։ Գրեթե 21.000 քաղաքացի ազատվել է այդ գումարների վճարումից։

Բայց այնպես չէ, որ դրանով խնդիրը լուծվեց։ Մի պահ արձանագրված նվազեցումից հետո անհուսալի վարկերի ծավալը վերստին սկսել է ավելանալ։ Ընդ որում, շատ ավելի արագացված տեմպով։

Միայն տարեսկզբի չորս ամիսներին բանկերի երկարաձգված վարկերի պորտֆելը համալրվել է 15 մլրդ դրամով։ Եթե անցած տարվա վերջին այն կազմում էր 88 մլրդ դրամ, ապա արդեն այս տարվա ապրիլին գերազանցել է 103 միլիարդը։ Չորս ամսում աճն անցնում է 17 տոկոսը, ինչը լուրջ առաջընթաց է։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնք շեղվել են սահմանված ժամանակացույցից։

Իհարկե, դժվար է տարբերակել, թե այդ գումարի մեջ ո՞ր մասն է քաղաքացիների պարտավորությունը։ Բայց կասկած չկա, որ այն բավական մեծ մասնաբաժին ունի։ Անհուսալի վարկերը ձևավորվում են հիմնականում այս հատվածում` պայմանավորված, առաջին հերթին՝ քաղաքացիների եկամուտների դանդաղ աճով և ցածր վճարունակությամբ։

Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել երկարաձգված վարկերի պորտֆելում տույժ-տուգանքների համաներումից և դուրսգրումից հետո, բերենք նաև անցած տարվա ցուցանիշները։

2018թ. նույն ժամանակահատվածում ևս անհուսալի վարկերն ավելանում էին, բայց շատ ավելի դանդաղ տեմպերով։ Բանկերի երկարաձգված վարկերի աճը տարեսկզբի չորս ամիսներին կազմում էր ընդամենը 7,5 մլրդ դրամ։ Այսինքն` կրկնակի քիչ, քան այս տարի է։

Եվս մեկ շատ կարևոր հանգամանք. անցած տարի աճը տեղի ունեցավ բացառապես թավշյա հեղափոխության ժամանակ։ Մինչ այդ բանկերի երկարաձգված վարկերը նույնիսկ մի փոքր նվազել էին։ Փոխարենը՝ միայն ապրիլին դրանք ավելացան միանգամից 8,6 մլրդ դրամով։

Պատճառը պարզ է. իշխանափոխության բուռն շրջանում տարբեր տիպի հայտարարություններ էին արվում վարկերի ներման վերաբերյալ։ Դա ուղղակիորեն արտահայտվեց մարդկանց տրամադրությունների վրա։ Շատերը դադարեցին կատարել իրենց պարտավորությունները` հույս ունենալով, որ հետագայում չեն էլ վճարելու։ Հեղափոխությունը քաղաքացիների շրջանում բարձր սպասումներ էր ձևավորել, այդ թվում` վարկերի բեռից ազատվելու հետ կապված։

Հասկանալի է, որ նման բան չէր կարող լինել։ Առավելագույնն այն էր, ինչ ստացան վարկառուները։ Խոսքը տույժ-տուգանքների ներման մասին է, ինչը, սակայն, նրանց չազատեց մյուս պարտավորությունների կատարումից։ Այլ բան, թերևս, անիմաստ էր սպասել։ Վարկերը գումարներ են, որոնց հետևում կանգնած են ավանդատուները։ Եվ ինչքան էլ բանկերը ցանկանան` չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ` դուրս գրելով վարկերը։ Տույժ-տուգանքներն այլ խնդիր են։ Դա միջոց է վարկառուների վրա ազդելու համար։

Բոլորովին էլ այնպես չէ, որ բանկերը հակված են տույժ-տուգանքների կիրառման։ Պատահական չէ, որ ֆինանսական հաստատությունները շատ արագ համաձայնեցին ազատվել դրանցից, ինչը, անշուշտ, որոշ չափով թեթևացրեց անհուսալի վարկերի բեռը։ Բայց դա ընդամենը ժամանակավոր երևույթ էր։ Պատահական չէ, որ անհուսալի վարկերի պորտֆելը համաներումից հետո արագորեն մոտենում է այն ծավալներին, որոնք կային մինչ այդ։

Պաշտոնապես հրապարակված վերջին տվյալներով՝ բանկերի երկարաձված վարկերն անցնում են 103 մլրդ դրամը։ Այսօրվա փոխարժեքով այն գերազանցում է 210 մլն դոլարը։ Անհուսալի վարկերի գծով 12 մլրդ դրամ տույժ-տուգանքների դուրսգրումից հետո երկարաձգված վարկերի պորտֆելը ընդամենը 4 միլիարդով է զիջում նախորդ տարվա ցուցանիշը։ Այս տեմպով շարունակվելու դեպքում՝ հեռու չէ այն օրը, երբ նախկին ծավալները ոչ միայն ամբողջությամբ կվերականգնվեն, այլև կգերազանցվեն։

Եվս 32 միլիարդ են կազմում վարկառուների ժամկետանց պարտավորությունները։

Կիրառված համաներումից հետո երկարաձգված վարկերի բարձր աճը, անշուշտ, մտահոգիչ է։ Թեև դրա պատճառները բոլորովին այլ տեղ են։

Տույժ-տուգանքների համաներումը չէ, որ պետք է լուծեր անհուսալի վարկերի խնդիրը։ Պատահական չէ, որ դրանից կարճ ժամանակ անց բանկային համակարգը դարձյալ բախվում է նույն երևույթի հետ։ Բազմաթիվ վարկառուներ այսօր էլ դժվարություններ ունեն՝ վարկերի սպասարկման հետ կապված։ Պատճառն այն է, որ մարդկանց վճարունակությունը չի համընկնում վարկերի ներգրավման ցանկությունների հետ։

Հասարակության մեծ մասի եկամուտները շարունակում են նույնքան ցածր լինել, ինչքան իշխանափոխությունից հետո։ Այդ պայմաններում որքան էլ տույժ-տուգանքների ներումը կարող է որոշակի օժանդակություն լինել վարկառուներին, այնուհանդերձ դա չի կարող ցանկալի արդյունք տալ։ Մարդիկ երբեմն պարտադրված են գնում վարկերի ներգրավման` ոչ թե տնտեսություն զարգացնելու, այլ առօրյա խնդիրներ լուծելու համար։ Թերևս, պատահական չէ, որ վարկային շուկայի աճի հիմնական մասը բաժին է ընկնում սպառողական վարկերին։ Մի բան, ինչը վարկային պորտֆելի առավել ռիսկային հատվածներից մեկն է։

Այս պայմաններում բնավ էլ զարմանալի չի լինի, եթե առաջիկայում բանկերի անհուսալի վարկային կապիտալը սկսի ավելի արագ տեմպով մեծանալ։ Վերջին շրջանում մի տեսակ տպավորություն է, որ միջոցների տրամադրման ժամանակ վարկառուի վճարունակության խնդիրը հետին պլան է մղվել։ Որքան հնարավոր է՝ բանկերն ակտիվ վարկավորում են իրականացնում` կարծես անտեսելով վերադարձելիության հետ կապված հնարավոր ռիսկերը։ Մինչդեռ այդ խնդիրն այսօր շատ ավելի արդիական է։

Հասարակության եկամուտների իրական աճը Հայաստանում այնպիսին չէ, որը կարող է թույլ տալ այդքան ընդլայնել վարկային շուկան։ Գուցե մարդկանց մոտ առաջիկայում եկամուտների ավելացման հետ կապված սպասումները բարձր են, բայց սպասումների հիման վրա բանկերն իրավունք չունեն խաղադրույք կատարել։ Այլապես հետո կարող են շատ ավելի ծանր վճարել դրա համար։

դիտվել է 984 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am