Հենրիխ Մխիթարյանից մինչև Քյարամ Սլոյան. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատում (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր Ամենայն Հայոց կաթողիկոս, Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված հարգելի դեսպաններ, Պարոնայք սպաներ, գեներալներ, պետական այրեր, սիրելի ժողովուրդ, Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ Առաջին Հանրապետությունը: Դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության: 1.5 մլն հայ սրի էր քաշվել, հարյուր հազարավորները դարձել էին փախստական և հայ լինելն ինքնին վտանգավոր էր կյանքի համար: Եվ թվում էր, թե ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի իր պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը և հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որևէ հավակնությունից: Բայց տեղի ունեցավ հակառակը, տեղի ունեցավ անսպասելին և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է`կորցրել էր անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, ձեռք բերեց պետական օրհներգ, որն արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միևնույն ժամանակ հրաշափառ պատմությունը: Մեր հայրենիք թշվառ, անտեր Յուր թշնամյաց ոտնակոխ, Յուր որդիքը արդ կանչում է Հանել յուր վրեժ քեն ու ոխ: Մեր հայրենիք, շղթաներով Այսքան տարի կապկպված Յուր քաջ որդոց սուրբ արյունով Պիտի լինի ազատված: Մենք այսօր կանգնած են սուրբ հողի վրա, սիրելի հայրենակիցներ, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար։ Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը և այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է և նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Ահա սա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք միասին հավաքվում ենք այստեղ, մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ, մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու բովանդակություն են հաղորդել իրենք իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով: Մենք գալիս ենք ասելու Առաջին Հանրապետության պետական այրերին, որ ահա ձեր բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ ամենևին, այլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ: Մենք գալիս ենք ասելու, որ նրանց գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և նրանց երազանքը պիտի իրագործվի: Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հանգչեք խաղաղությամբ Առաջին Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ՝ գլխավորությամբ Առաջին Հանրապետության չորս վարչապետների՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան: Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Դանիել Բեկ-Փիրումայն, Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Քրիստափոր Արարատյան, Պողոս Բեկ-Փիրումյան, որովհետև ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր: Ձեր սխրանքներով են ոգեշնչվել արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչև Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչև Լեոնիդ Ազգալդյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչ Ադամ Սահակյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված հայոց բանակի այն շարքայիններն ու սպաները, սերժանտները, ենթասպաներն ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը: Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գյուղացիները, ովքեր ամուր կառչած են ձեր կողմից իրենց ժառանգած հողին և բուրաստան են դարձնում տափաստաններն ու ճահճուտները: Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գործարարները, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով ամեն օր նոր կերպար են հաղորդում մեր հայրենիքին, նրա ամեն քաղաքին, ամեն գյուղին, ամեն փողոցին և պարտաճանաչ հարկ են վճարում հանուն հայրենիքի բարօրության: Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն դասախոսն ու ուսուցիչը, ովքեր իրենց գործը համարում են երիտասարդ սերնդին թռչելու թևերով օժտելը, ձեր սխրանքներով են ոգեշնչված այն մարզիկները, ովքեր ամեն օր բարձրացնում ու բարձրացնում են հայոց երկրի և պետականության և հայ ժողովրդի պատիվը՝ Լևոն Արոնյանից մինչև Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյանից մինչև Սիմոն Մարտիրոսյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գիտնականն ու ինժեները, ով չի համակերպվում հնարավորի սահմանի գոյության հետ, ում առաքելությունն անհնարը հնարավոր և առօրեական դարձնելն է, այնպես, ինչպես դուք հնարավոր դարձրիք անհնարը: Ձեր սխրանքներով է ոգեշնչված Հայաստանի Հանրապետության ազատ և հպարտ քաղաքացին, ով իր սեփական իշխանությունն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ով տեր է դարձել Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքին: Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնյա, կառավարության անդամ, թե Ազգային ժողովի պատգամավոր, համայնքի ղեկավար, թե դատավոր և պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան: Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին և Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնված ազգային միասնություն: Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում։

դիտվել է 731 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am