Վարդան Օսկանյանը պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքների եւ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանինն է:Վարդան Օսկանյանը Առաջին նախագահի հայտարարություններին անդրադարձել է բավական ծավալուն գրառումով, ներկայացնելով 1998-2008 թվականների արտաքին քաղաքականության եւ տնտեսական զարգացումների որոշակի համայնապատկեր:«Ուշադրությամբ կարդացի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և ուզում եմ արձագանքել դրանում տեղ գտած Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի և իմ նախարարության շրջանի արտաքին քաղաքանությանը վերաբերող որոշ մտքերի և մեղադրանքների:Նախ նշեմ 1998-2008 թթ. Հայաստանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում միայն Թուրքիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող մի քանի անհերքելի փաստեր:Առաջին, հնարավոր է եղել արտաքին քաղաքականության օրակարգ ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և հասնել տասնհինգ նոր երկրների կողմից այդ փաստի ընդունմանը՝ միաժամանակ կարողանալով պահպանել Թուրքիայի հետ բոլոր տեսակի դիվանագիտական շփումները:Երկրորդ, հնարավոր է եղել ապացուցել աշխարհին և հայաստանյան հոռետեսներին, որ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ կարելի է տարիներ շարունակ ունենալ երկնիշ տնտեսական աճ, ներգաղթ, իսկ ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ հասնել բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը:Երրորդ, հնարավոր է եղել տասը տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով պահպանել, թեկուզ և փխրուն, խաղաղությունը և խուսափել մեծ թվով զոհերից և ավերածություններից: Դա հաջողվել է ոչ միայն ռազմական հավասարակշռության պահպանման, այլև արդյունավետ, թեկուզև դժվար, դիվանագիտական աշխատանքի, տնտեսական աճի և քաղաքական կայունության շնորհիվ:Այժմ անդրադառնամ Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկությունն ընդունելու և Մադրիդյան փաստաթղթի երևան գալու մեղադրանքներին:2013թ. լույս տեսած իմ «Անկախության ճանապարհով» գրքում մանրամասն անդրադարձել եմ այս երեք թեմաներին: Ղարաբաղի՝ բանակցային կողմ լինելու կամ չլինելու մասով (էջ 184-188), Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովի մասով (էջ 153-154) և Մադրիդյան փաստաթղթի մասով (էջ 198-200): Առանց խորանալու մանրամասների մեջ՝ այդ երեք հարցերի կապակցությամբ ասեմ հետևյալը:Եթե անպայմանորեն պնդում ենք, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, որովհետև չի մասնակցում Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին, ապա պետք է արձանագրել, որ դա տեղի է ունեցել 1997թ. ապրիլին՝ Մոսկվայում, երբ հակամարտության կողմերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, վերջին անգամ հանդիպեցին այդ ձևաչափով: Այդ հանդիպմանը Ադրբեջանի պատվիրակությունը, ոգևորված 1996թ. դեկտեմբերին Լիսաբոնի գագաթաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունից, նոր պայմաններ փորձեց պարտադրել բանակցային փաստաթղթում: Հայաստանի պատվիրակությունը, որ գլխավորում էի ես, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մերժեցինք առաջարկվածը: Դրանով ավարտվեց ոչ միայն այդ օրվա հանդիպումը, այլև Ադրբեջանի համառության պատճառով դադարեցին այդ ձևաչափով հանդիպումներն ընդհանրապես:Այդ օրվանից հետո այդ ձևաչափով հանդիպում չի եղել: Այլ կերպ ասած, երբ 1998թ. ապրիլին ես նշանակվեցի արտաքին գործերի նախարար, Լեռնային Ղարաբաղն այդ առումով արդեն մոտ մեկ տարի էր, ինչ նման ձևաչափով չէր մասնակցում բանակցություններին: Այդ մեկ տարվա ընթացքում՝ բանակցությունների ձևաչափի չեղարկումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով շարունակվել են հանդիպումները, և նախագահ Տեր-Պետրոսյանն առնվազն չորս անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահին. մարտի 28-ին՝ Մոսկվայում՝ Ելցինի միջնորդությամբ; ապրիլի 28-ին՝ Ստամբուլում՝ Դեմիրելի միջնորդությամբ; հոկտեմբերի 10-ին՝ Ստրասբուրգում; հոկտեմբերի 23-ին՝ Քիշնևում:Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովին, այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է և տեսանելի: Եղել է Էրդողանի նամակը Քոչարյանին՝ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ, և եղել է Քոչարյանի խիստ մերժողական պատասխանը: Երկու նամակներն էլ հայկական մամուլում հրապարակվել են: Ի դեպ, թուրք պաշտոնյաները ակնհայտ պատճառներով պնդում են, թե Քոչարյանը պատասխան չի տվել իրենց:Վերջապես, Մադրիդյան փաստաթղթի մասին: Հայաստանը դա ընունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ:Առայսօր վեց տարբեր փաստաթղթեր են հայտնվել բանակցությունների սեղանին՝ Հակամարտության հետևանքները վերացնելու ռուսական առաջարկությունը; Մինսկի խմբի համանախագահողների 1997թ. փաթեթային և փուլային առաջարկները; Պրիմակովի ընդհանուր պետության առաջարկը; Քի Վեստի փաստաթուղթը և վերջապես՝ Մադրիդյանը: Այս բոլոր փաստաթղթերը տարբեր ժամանակներում, մասնակի կամ ամբողջությամբ, հրապարակվել են հայկական մամուլում: Կարող եք ինքներդ կարդալ, համեմատել և անել սեփական եզրահանգումները:Վերոնշյալ ամենը՝ իմիջիայլոց։ Նախագահի հարցազրույցում ինձ համար առավել մտահոգիչ և անընդունելի է հետևյալ միտքը. «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ»։Ես ենթադրում եմ, որ այստեղ խոսքը վերաբերում է իշխանությունների՝ առհասարակ անցած ութ տարիների սխալներին և բացթողումներին։ Բայց հարգարժան պարոն նախագահը բոլորից լավ պետք է իմանա, որ նախ՝ այդ բանակցությունները կարող են ամիսներ և նույնիսկ տարիներ տևել: Եվ երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ հերքելու այն կեղծ թեզը, որ արժանավայել պետություն կառուցելու մեր պահանջատիրությունը, մեր քաղաքական այլախոհությունը կարող են վտանգել մեր անվտանգությունն ու պետականությունը։Իսկապես, տարիներ շարունակ փոխանակ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը լինեին մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգությունները և պատերազմի սպառնալիքները դարձել են մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների, արդարության ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ:Նախկինում ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք։Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է գնանք քաղաքական արմատական բարեփոխումների, ամրապնդենք ժողովրդավարությունը և ստեղծենք ամուր պետություն:Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք հնարավորինս շուտ պետք է վերջ տանք նյութական մսխումներին, չարաշահումներին և հանրային միջոցներն ուղղենք պետության զարգացմանն ու բանակի արդիականացմանը։Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք:Բանակցություններում իրեն ինքնավստահ կարող է զգալ միայն այն երկրի ղեկավարը, ով ներքուստ գիտի, որ ընտրվել է ժողովրդի ազատ կամքով: Այն ղեկավարը, որի հետևում ուժեղ և արդիական բանակ է, հակակշիռների վրա կառուցված արդյունավետ պետական համակարգ, առողջ հասարակություն և ուժեղ տնտեսություն», գրում է Վարդան Օսկանյանը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am