Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա. հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

iLur.am-ը զրույցել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: – Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։ – Իմ գործունեությանը հետևած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետև Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին» նվիրված հրապարակային առաջարկս, և վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը։ – Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանին փոխանցեցիք հանդիպման առաջարկը՝ միջնորդի միջոցով, թե՞ անմիջականորեն։ Գուցե սա մանրուք թվա, բայց ամեն դեպքում հետաքրքիր է հասարակության համար։ – Այս հարցում ոչ մի խորհրդավորություն չպետք է փնտրել։ Քանի որ ես բաց, ոչ կուլիսային քաղաքականության կողմնակից եմ, հասարակությունից թաքցնելու բան չունեմ։ Ապրիլի 5-ին ես Սերժ Սարգսյանին ուղարկեցի հետևյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման և Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերևս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետևանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։ Քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը լինելու էր Գերմանիայում, նա ինձ հեռախոսով պատասխանեց, որ կհանդիպենք վերադառնալուց հետո իմ տանը, ինչը և տեղի ունեցավ։ – Այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունների և մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ Ձեր ունեցած չափազանց բարդ հարաբերությունների, փոխադարձ խիստ մեղադրանքների առկայության պարագայում անհնար էր պատկերացնել, որ մեր իրականության մեջ այդպիսի քաղաքակիրթ հանդիպում կարող է կայանալ, ինչը պատիվ է բերում թե՛ Ձեզ, թե՛ Սերժ Սարգսյանին։ – Նախ՝ քաղաքական վարվեցողության ասպարեզում ոչինչ անհնար չէ, և երկրորդ՝ ինչն անհնար է թվում մեր իրականության մեջ, ամենևին անհնար չէ նորմալ, կայացած պետություններում։ Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում և բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը։ Եթե մեզ մոտ դեռ, ցավոք, այդպես չէ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ լինելով ընդամենը 25 տարվա անկախությամբ օժտված պետություն, մեզ մոտ առայժմ բացակայում են պետական մտածողության անհրաժեշտ ավանդույթները։ Թեև այս առումով բավականին հուսադրող պետք է համարել ղարաբաղա-ադրբեջանական վերջին ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խավերի և ազատամարտիկների ինքնաբուխ համախմբման օրինակելի դրսևորումը։ – Դատելով էլեկտրոնային մամուլի և ֆեյսբուքյան արձագանքներից, հասարակությունն իսկապես նկատելիորեն հուսադրվել ու դրական է գնահատել Ձեր և Սերժ Սարգսյանի հանդիպումը, բայց կան նաև, մեղմ ասած, կասկածամիտներ ու չարակամներ, ովքեր ուզում են ստվեր նետել այդ փաստի վրա։ – Դավադրության տեսության կողմնակիցներ ու ամեն ինչի ետևում խարդավանքներ որոնողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Բայց սովորաբար այդպիսի մարդիկ քաղաքական գործընթացների վրա որևէ ազդեցություն չեն գործում, ուստի անիմաստ է նրանց ասածներին ուշադրություն դարձնել։ Կարևորը հասարակության մեծամասնության կարծիքն է։ – Շատերի ընկալմամբ՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ տարիներ առաջ Ձեր կատարած կանխատեսումներն իրականանում են։ Դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին։ – Կանխատեսություն ասվածի մեջ մոգական բան չպետք է փնտրել. դրանք ընդամենը եղել են գնահատականներ, բխած քաղաքական գործընթացների զարգացման միտումների իմ ըմբռնումից։ Եթե ոմանց թվում է, թե ես պետք է բավարարված լինեմ իմ «կանխատեսումների» իրականացման փաստից, ապա այդ մարդիկ մոլորվում են։ Ես շատ ավելի ուրախ կզգայի, որ սխալված լինեի ու դրանք չիրականանային։ «Բա որ ասում էի» տիպի «խորիմաստ» մտքերն ինձ համար անպտուղ տափակաբանություններ են։ Որ ասում էիր, քեզ ժամանակին պիտի լսեին։ Հիմա այդ ասածներդ որևէ արժեք չունեն։ Ո՞ւմ է պետք հետին խելքը։ – Պարոն նախագահ, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանի սանձազերծած վերջին արյունալի ռազմական արկածախնդրությունը։ – Ղարաբաղա-ադրբեջանական լայնածավալ սահմանային բախումն ինձ հիշեցնում է 1973թ. արաբա-իսրայելյան, այսպես կոչված, «Յոմ Կիպուրի» պատերազմի սցենարը։ Քանի որ, վստահաբար, շատերը ծանոթ չեն այդ սցենարին, ըստ երևույթին, հարկ կա մի քանի բառով բացատրել նրա էությունը։ Պատերազմը, Իսրայելի համար լիովին անակնկալ, սկսվեց Եգիպտոսի և Սիրիայի հուժկու նախահարձակմամբ։ Ու թեև ի վերջո այն ավարտվեց արաբական կողմի պարտությամբ, սակայն ռազմական գործողությունների ծավալման սկզբնական շրջանում ձեռքբերած լուրջ հաջողության շնորհիվ Եգիպտոսի ղեկավարությունը, նախագահ Անվար Սադաթի գլխավորությամբ փրկեց իր դեմքը, և դա հաղթաթղթի վերածելով, 1979 թվականին Քեմպ-Դեվիդում, համարձակորեն հաշտություն կնքեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ, արդյունքում ետ ստանալով նաև Սինայի թերակղզին։ Նույն կերպ, ուրեմն, Ալիևը, թեև մեծ զոհերի գնով, անակնկալ գործողության շնորհիվ հայկական կողմին զգալի մարդկային կորուստներ պատճառելու և մի քանի դիրքեր գրավելու փաստի սիմվոլիկ «հաղթաթղթով» փորձելու է շահել սեփական ժողովրդի համակրանքը և ուժեղացնել իր դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։ – Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ զինադադարի լուրջ խախտումները կրկնվեն։ – Քանի որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, դա նշանակում է, որ, մանր-մունր փոխհրաձգությունները  չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները։ Որպես հետևանք, այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։ – Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ փաստաթուղթ է դրվելու բանակցությունների սեղանին և արդյոք այն պարունակելո՞ւ է որոշ տարածքների վերադարձմանը և խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող դրույթներ։ – Այդ հարցը ցույց է տալիս, թե ինչպիսի շփոթ են ստեղծել մեր հարգելի վերլուծաբաններն ու քաղաքագետները։ Քննարկվելիք փաստաթուղթը վաղուց հայտնի է և կոչվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված և կողմերի միջև մեծ մասամբ համաձայնեցված ծրագիր, որը պարունակում է թե՛ տարածքների վերադարձմանը, թե՛ խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող հոդվածներ։ Մադրիդյան սկզբունքներն ու նրանց հիման վրա մշակված համապարփակ ծրագիրը բազմիցս հաստատվել են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններով, արժանացել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սկզբունքային համաձայնությանը։ Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, և նրան այդ հարցում անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։ Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Ի դեպ, նա է ընդառաջել նաև Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, և նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը։ Ես գնահատականներ չեմ տալիս, այլ ընդամենն արձանագրում եմ առկա անժխտելի իրողությունները։ – Շնորհակալություն այս հանգամանալից պարզաբանումների համար, իսկ այժմ մի վերջին հարց. ի՞նչ դիրք պետք է որդեգրի հայկական կողմը սպասվող բանակցություններում, և ի՞նչ պարտավորություններ պետք է ստանձնեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակությունը տվյալ խնդրում։ – Հայկական կողմը, բնականաբար, կոշտ, բայց կառուցողական մոտեցումով բանակցությունների արդյունքում պետք է ձգտի ձեռքբերել հնարավոր առավելագույնը։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի և հասարակության դերակատարությանը, ապա դա պետք է լինի ներքին տարաձայնությունները ժամանակավորապես սառեցնելուց և ազգային համախմբվածությունից բացի, ոչինչ ավելի։ Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաև վերջինիս հետ)։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Բայց, միաժամանակ, արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցությանը, նրա գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։ Իշխանությունների և հասարակության հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միակողմանի վերաբերմունքի, այլ փոխվստահության և փոխաջակցության վրա։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը։ iLur.am, 11.04.2016

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am