Կառավարությունը սխալվեց. Բենզինի և գազի գների բարձրացումը խառնել է խաղաքարտերը

168 ժամը գրում է.Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։

Ինչպես հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանում շարժիչային գազի վաճառքը թույլատրվում է միայն կիլոգրամի հաշվարկով։ Ժամանակին կառավարությունը հաշվարկել էր, որ այդ փոփոխությունից հետո գները գազալցակայաններում կլինեն 270 դրամի կարգի։


Սակայն այդպես չեղավ։ Ոլորտում գործող տնտեսվարողների զգալի մասի մոտ գներն այժմ շատ ավելի բարձր են։ Դրանք ոչ թե 270 դրամի սահմաններում են, ինչպես հավաստիացնում էր կառավարությունը, այլ 310 դրամի։

Հիշեցնենք, որ մինչև կիլոգրամին անցնելը շարժիչային գազի խորանարդ մետի գինը տատանվում էր հիմնականում 190-200 դրամի սահմաններում։

Թե ինչո՞ւ խորանարդից կիլոգրամի անցնելու ժամանակ չարդարացան կառավարության հաշվարկները, այլ խնդիր է։ Մի բան փաստ է, որ գազալցակայանների զգալի մասում ավտոմեքենաների գազի վաճառքի գինն այսօր գրեթե 40 դրամով ավելի բարձր էր, քան ժամանակին խոստանում էր կառավարությունը։


Սա բավական մեծ շեղում է, ինչը փորձ է արվում բացատրել նախկինում շուկայում հաստատված չհիմնավորված գներով։ Պատճառաբանվում է, որ մինչև վերջին փոփոխությունը եղել է գազը ավելի ցածր գին, քան իրականում պիտի լիներ։ Այդ ճանապարհով ոլորտում գործող ընկերությունները խաբել են սպառողներին և ցածր գնի հաշվին` թերլիցքավորում արել։ «Հիմա այդ երևույթը վերացել է, և այլևս նման հնարավորություն չկա»,- հավաստիացնում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը։

Կա՞, թե՞ չկա, ժամանակը ցույց կտա։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, ապա հարց է առաջանում, իսկ ի՞նչ էր անում կառավարությունն իշխանափոխությանը հաջորդած մեկ տարում, որպեսզի թույլ չտար գազի վաճառքով զբաղվողներին` խաբել և մոլորեցնել սպառողներին։ Այս հարցին պատկան կառույցները հավանաբար դեռ պատասխանելու առիթ կունենան։

Ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ հետո, Հայաստանում գործել ու գործում են կառույցներ, որոնք պատասխանատու են շուկայում չհիմնավորված գների առկայության համար։ Զարմանալի է, որ հիմա, երբ այդ փաստը կարելի է օգտագործել սեփական սխալներն արդարացնելու համար, կառավարությունում հանկարծ հիշել են դրա մասին։ Ու փորձում են ամեն կերպ արդարացնել, որ գազի 310 դրամը հիմնավորված գին է, և խորանարդից կիլոգրամի անցնելը ճիշտ որոշում է եղել։

Իհարկե, դժվար է միանշանակ ընդունել կառավարության այս մոտեցումը։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել մյուս ծայրահեղությունը։ Շուկայի վերահսկողության տեսչության ղեկավարը հավաստիացնում է, որ ուսումնասիրել են դաշտը վերջին փոփոխություններից հետո. գազի գինը Հայաստանում տատանվում է 255-310 դրամի սահմաններում: Ինչո՞ւ է կառավարությունը պնդում, որ ճիշտը 310 դրամն է։ Իսկ գուցե պիտի լինի 255 դրամ։

Շուկայում 255 դրամ գինը ոմանց հիմք տվեց հեռուն գնացող հետևություններ անել։ «Այն տնտեսվարողը, որն այժմ գազը 310 դրամ է վաճառում, նախկինում է խաբել, եթե 255 դրամով է վաճառվում, դեմպինգ է անում»,- սա Պետեկամուտների կոմիտեի նախագահի դիտարկումն է։

Դժվար է ասել՝ այդպես մտածելու համար հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Սովորաբար շուկայի որոշ մասնակիցների մոտ ցածր գները միանգամից դեմպինգային երևույթների տպավորություններ են ստեղծում։ Իսկ եթե իրականում ցա՞ծր գներն են տեղավորվում շուկայական գնագոյացման շրջանակներում, և ոչ թե՝ կառավարության հաշվարկածը կամ բազմաթիվ գազալցակայաններում հաստատված 310 դրա՞մը։ Այս հարցի պատասխանն առայժմ չկա։ Ու շատ զարմանալի է, որ կառավարությունը հակված է երկրորդ տարբերակին։

Թեև որևէ հիմք չկա պնդելու, որ բոլոր գազալցակայաններում գները պետք է նույնը լինեն և չի կարող մի տեղ ավելի բարձր լինել, մեկ այլ տեղ՝ ավելի ցածր։ Շուկայական գնագոյացման պայմաններում գները ոչ թե թելադրվում են վերևից, այլ շուկան է կարգավորում։ Հատկապես որ, ինչպես կառավարությունն է փորձում համոզել, Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։

Այնպես որ, շուկայական գնագոյացման պայմաններում միանգամայն նորմալ է, որ գները տարբեր պիտի լինեն։ Դրանք կախված են բազմաթիվ գործոններից` սկսած իրացման ծավալներից՝ վերջացրած ծախսերի արդյունավետությամբ։ Եթե մի տեղ, ասենք` իրացման ծավալները մեծ են, բնականաբար, ավելի ցածր գներ սահմաններում լրացուցիչ հնարավորություններ են առաջանում։

Սրանում ոչ միայն արտառոց բան չկա, այլև նույնիսկ ողջունելի է։ Զարմանալին այն է, որ կառավարությունն ի սկզբանե հակված չէ ընդունել ցածր գների հիմնավորված լինելու փաստը։ Ավելին, փորձում է դրանում քաղաքական ենթատեքստ փնտել։ Ընդ որում, ոչ միայն գազի, այլև բենզինի շուկայում։ Չնայած այստեղ խնդիրը բոլորովին այլ է։ Ինչքան էլ կառավարության անդամներն ու վարչապետն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, դրանից մրցակցային դաշտը չի բարելավվում։ Պատահական չէ, որ ապամենաշնորհված շուկաներում ապրանքները չեն էժանանում։

Այն, որ բենզինի գինը մի պահ նվազեց, որևէ հիմք չի տալիս ասելու, թե դա կառավարության շնորհքն էր, որին հաջողվել է արդար մրցակցություն սահմանել։ Ընդհակառակը` վերջին շրջանում այս շուկայում նկատվող գնաճը կարող է շատ ավելի խորքային երևույթների հետևանք լինել։ Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալում, երբ գները նվազում էին, տեղի էր ունենում շուկայի հերթական վերաբաշխումը։ Նման երևույթների նախկինում ականատես եղել ենք։

Հիշենք, թե մի քանի տարի առաջ ինչպիսի շռնդալից ձևով վառելանյութի շուկա մտավ հերթական խաղացողը` ի դեմս «Մաքս Պետրոլի»։ Դրանից հետո բենզինի գինը նվազեց 50 դրամով։ Բայց դա չփոխեց շուկայի մրցակցային իրավիճակը. կարճ ժամանակ անց գները վերստին սկսեցին բարձրանալ։

Նույնը կարծես տեղի է ունենում հիմա. մի պահ գները բավական կտրուկ նվազեցին, իսկ այժմ սկսել է վերելքը։ Եթե հաշվի առնենք, որ խոսվում է շուկայում նոր խաղացողների հայտնվելու մասին, ապա թվում է՝ ամեն ինչ շատ ավելի հասկանալի կլինի։

Ի դեպ, բենզինի թանկացման հետ կապված՝ կան մեկ այլ` ոչ պակաս վտանգավոր կասկածներ։ Խոսքը կարտելային համաձայնությունների հավանականության մասին է։

Նման կասկածների համար հիմք է տվել այն, որ, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, գները միանգամից են փոխվում։ Իսկ թե ո՞ւր մնաց մենաշնորհների վերացումն ու մրցակցությունը, հավանաբար պետք է հարցնել կառավարությանը։

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am