Պահանջում եմ, որ դատարանի վճիռ ցույց տա ու ասի՝ ովքե՞ր են թալանել։ Հո լաչառություն անելով չի՞. Շարմազանովը`Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում արտահայտած որոշ մտքերի շուրջ 168 ժամը զրուցել է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ ասուլիսի ողջ օրակարգը, ինչպես միշտ, նվիրված էր նախկին իշխանություններին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց ասելիքը ՀՀԿ-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ կառուցելու և սրա՝ որպես քաղաքականություն, արդյունավետության մասին
Դա խոսում է մի կարևոր փաստի, ավելի ճիշտ՝ իրականության մասին։ Որ Նիկոլ Փաշինյան վարչապետն այս մեկ տարվա ընթացքում իր ողջ քաղաքական թիմով (չնայած մեծ ցանկության դեպքում՝ դժվար է այն անվանել քաղաքական), իր քայլողների բանակով չի կարողացել ձևավորել ներքին ու արտաքին քաղաքական օրակարգ։ Այսօրվա ողջ ասուլիսն ապացուցում է մի կարևոր բան. որ Փաշինյան վարչապետը 2018թ. մայիսի 8-ից մինչև 2019թ. մայիսի 8-ը որևէ քաղաքական օրակարգ չունի։ Որովհետև ժողովրդավարական որևէ երկրում ես չեմ տեսել մի ղեկավար, մի քաղաքական իշխանություն, որը մեկ տարի կառավարում է, իր ծրագրերից չի խոսում ու խոսում է դեռ անցյալից։ Էլ չեմ ասում, որ սրում է, աննպատակ հայտարարություններ է անում, զգացմունքային ոչ համաչափ բաներ է խոսում, որը հարիր չէ որևէ երկրի և, նախ և առաջ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն։ Սա մի բանի մասին է խոսում՝ այն, որ Փաշինյանը ձախողվել է, պետության կառավարումը նա շփոթել է Հանրապետության հրապարակի հանրահավաքների հետ, և այսօր մենք ականատես եղանք հերթական հանրահավաքին։ Եթե որևէ մեկը քներ 2018թ. մարտին ու արթնանար այսօր և լսեր Փաշինյանի ասուլիսը, ապա կկարծեր, թե դեռ իշխանության է Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը, և ելույթ է ունենում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը։
Երբ նա մեկ տարի առաջ եկել է իշխանության, ես հենց իր ներկայությամբ ասել եմ, որ պետության ղեկավարը պետք է ունենա հայեցակարգ, պետք է կանխատեսելի լինի ներքին և արտաքին քաղաքական հարցերով և պետք է ունենա ծրագիր։ Փաշինյանը չունի հայեցակարգ, կանխատեսելի չէ և չունի որևէ ծրագիր։ Եվ քանի որ չի կարողանում սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծել, առաջնորդվում է «Հաց և տեսարան» հռոմեական հայտնի կարգախոսով։ Հաց չի կարողանում տալ, տեսարանները սպառվում են, և դրանից Փաշինյանը նյարդայնանում է։ Ակնհայտորեն նրա այսօրվա պահվածքն ու պատասխանները նյարդային էին, ու նրա արսենալը վաղ թե ուշ ավարտվելու է։ Անհնար է շարունակ ժողովրդին կերակրել լաչառ տեսարաններով՝ հանրապետականները վատն էին, Սերժ Սարգսյանը վատն էր, Քոչարյանը վատն էր, սրանք բոլորը թալանչի էին, ինքը սուրբ է… Բայց իր սրբերի ու աջ ու ձախ թևերի նկատմամբ ընդամենը մի տարում արդեն քրեական գործեր են հարուցվում, սրբերը միլիարդավոր դրամներով իրենց պարգևավճարների են ներկայացնում, ու այդպես շարունակ։
Կարծում եմ՝ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իր ռեյտինգը գահավիժում է (ի վերջո, իրեն թվային այդ պատկերը ներկայացնում են)։ Սա ակնհայտ է, և սա կա՛մ հոգեբանության, կա՛մ անլիարժեքության բարդույթի խնդիր է։ Եթե մարդն անընդհատ ասում է՝ ես շատ լավն եմ, ուրեմն խնդիր կա, ինքն ունի աքիլեսյան գարշապար։ Նրա աքիլեսյան գարշապարը ծրագիր ու հայեցակարգ չունենալն է, աշխատել չկարողանալն է, և ինքը շատ լավ հասկանում է, որ գահավիժում է, քանի որ որևէ խոստում չի կարողանում կատարել, տնտեսությունը չի աշխատում, և արդեն որերորդ անգամ ինքն իրեն բարձրաձայն համոզում է, որ՝ եթե հիմա էլ ընտրություն լինի՝ ես կհաղթեմ։
Հանրապետական կուսակցության՝ կասեցված լինելու՝ Փաշինյանի հայտարարության մասին
Բա որ կասեցված են, ինչի՞ ես անընդհատ խոսում հանրապետականներից։ Առավել ևս, ինքը շատ փոքր է, որ որոշի՝ Հանրապետականը կա՞, թե՞ չկա։ Հանրապետականը կա՝ ի հեճուկս իրենց ու հանուն այն 60.000 քաղաքացիների, որոնք ձայն են տվել ՀՀԿ-ին։ Իշխանությունները գալու և գնալու են, իսկ ՀՀԿ-ն մնալու է, քանի որ այն Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սպարապետի, Սերժ Սարգսյանի գաղափարն է։ ԱԺ վերջին ընտրություններում, նման ճնշման պայմաններում ՀՀԿ-ին ձայն տված 60 000 քաղաքացիները ժողովուրդ չի՞։ Թե՞ իր համար միայն իր հետ քայլողներին ձայն տվողներն են ժողովուրդ։ Հանրապետականն իր կազմակերպած խայտառակ ընտրություններում 4-րդ տեղն է զբաղեցրել թվով 11 քաղաքական ուժերի մեջ։ Այսինքն՝ ի՞նչ է առաջարկում. ընտրություններում 4-11 տեղը զբաղեցրած կուսակցությունները բոլորը պետք է կասեցվե՞ն։
Փողոցով իշխանության գալու և փողոցի կողմից հեռացվելու մասին
Նախ՝ այն, ինչ ասաց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, դա ոչ միայն նոնսենս է, այլև անհեթեթություն։ Նա ասում է, որ, եթե ինձ ուզենան փողոցով հեռացնել, մենք էլ փողոցով երկրորդ հեղափոխությունը կանենք։ Այ տղա ջան, քեզ հեղափոխությամբ կամ իշխանափոխությամբ բերել են իշխանության, կամ եկել ես, կամ չգիտեմ՝ ոնց են բերել, ժողովրդին խաբել ես, որ խնդիրներ լուծես։ Էդ մարդու մոտ պայքարելու, կռվելու, բողոքելու, քննադատելու մղումը չի կորել։ Ինքը մոռացել է, որ պիտի նստի տեղն ու գործ անի, տնտեսական աճ ապահովի, թռիչքային զարգացում, արդարադատություն ապահովի, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնի, մեծ-մեծ խոստումներ էր տվել ժողովրդին, բայց այս բոլոր ոլորտներում ինքը ձախողվել է։
Ես առհասարակ դեմ եմ Հայաստանում փողոցային պայքարին, ես միշտ կողմնակից եմ եղել ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորմանը։ Բայց այն, ինչ արեց Փաշինյանը 2018թ. ապրիլ-մայիսին, դա շանտաժի ու սպառնալիքի միջոցով իշխանազավթում էր, որովհետև նա հայտարարեց, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Դա ուղղակի շանտաժ էր իշխանություններին ու պետությանը։ Եթե իշխանություններն էլ իր խելքից ունենային, այսօր Հայաստանը քաղաքացիական պատերազմի մեջ էր լինելու։
Բացի դրանից, ինքն այսօր հայտարարեց, որ 2018թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածն իր պատասխանատվությունն է։ Ակնհայտորեն հոկտեմբերի 2-ին նա խախտել է ՀՀ Սահմանադրությունը և միջամտել է անկախ Ազգային ժողովի աշխատանքներին, և այդ ամենի պատասխաններն իրենք դեռ պիտի տան։
Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու՝ Փաշինյանի հայտարարության մասին
Վարչապետն իրեն պահում է իմ տղայի համադասարանցիների պես։ Իմ տղան 5-րդ դասարանցի է։ Դա 5-րդ դասարանցի երեխաների մակարդակի զրույց էր՝ դու ինձ մի ասա, ես եմ ասելու։ Ափսոսում եմ, որ այդ զրույցը թարգմանվելու է, ու տարբեր երկրների ղեկավարներն ու հանրությունը նայելու են ու բոլ-բոլ ծիծաղելու են մեր երկրի ղեկավարի վրա։ Ի՞նչ է նշանակում՝ դու չես կարող որոշել, ես եմ որոշելու…
Նախ՝ ո՞վ է իրեն ասում, որ Սերժ Սարգսյանը գիշեր-ցերեկ երազում է իր հետ հանդիպի։ Եվ երկրորդ՝ եթե իրեն թվում է, թե ինքը կարող է որոշել, ուրեմն ինքը շատ փոքր է, որ որոշի՝ Սերժ Սարգսյանն ում հետ հանդիպի, ում հետ չհանդիպի։ Եվ առհասարակ այս զրույցի բովանդակությունն անհեթեթ է ու ծիծաղելի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փոքր երեխաների քուչի կռվի մակարդակի զրույցներ է անում։ Սա վիրավորական է նախ և առաջ՝ իր թիմակիցների ու մեր քաղաքացիների համար, որ այդ մակարդակն ունեցող մարդն է մեր երկրի ղեկավարը։
Արցախյան հարցում նախկին իշխանություններին մեղադրելու՝ բանակ թալանածների, զինվորի հաշվին վզները հարստացրածների բարոյականիրավունք չունենալու՝ Փաշինյանի հայտարարության մասին
Փաշինյանը շարունակում է անպատասխանատու հայտարարությունների շարանը։ Կոնկրետ ո՞վ է այդ զինվորի հաշվին վիզը հաստացրած պաշտոնյան։ Եթե կա, թող մեղադրական եզրակացությունը ներկայացնեն։ Կա՞ դատարանի որոշում։ Ինքն ունի բացարձակ իշխանություն՝ թող գործ հարուցի, դատարանները թող ապացուցեն՝ պատժեն։ Ես չեմ բացառում, որ նման մարդիկ կան, բայց որքան ինձ հայտնի է, վիզը հաստացրած միլիոնատերերի մեծ մասն այսօր Փաշինյանին է պաշտպանում, իսկ բանակում այդքան մեծ փոփոխություններ դեռ չեմ տեսել։ Հիմա իրեն կոնկրետ հարց եմ տալիս։ Ովքե՞ր են այդ մարդիկ։ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալին ինքը նշանակել է Պաշտպանության նախարար, նախկին Վերահսկողականի պետին ու Հարկայինի պետին նշանակել է ԱԻՆ-ի նախարար, ոստիկանապետի առաջին տեղակալին նշանակել է մարզպետ, Ֆինանսների նախարարի նախկին մի տեղակալին նշանակել է ՊԵԿ նախագահ, մյուս տեղակալին՝ Ֆինանսների նախարար։ Բա եթե համակարգային թալան է եղել, նախկինում պաշտոններ զբաղեցրած այդ մարդիկ քո թիմում ի՞նչ են անում, իսկ եթե անում են, ուրեմն թալան չի եղել։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ դատարանի վճիռ ցույց տա ու ասի՝ ովքե՞ր են թալանել։ Հո լաչառություն անելով չի՞։ Ես չեմ պաշտպանում թալանչիներին։ Անկախ նրանից՝ ով թալանել է, ՀՀԿ է թե ՀՀՇ, պետք է օրենքի ողջ խստությամբ դատապարտվի, բայց պետք չէ անընդհատ անպատասխանատու հայտարարություններ անել ու կրկեսի ծաղրածուի նման գոռգոռալ։ Ես 8 տարի եղել եմ ԱԺ փոխնախագահ, ոչ տենդերի մեջ եմ եղել, ոչ ներկրման, ոչ արտահանման, ոչ ապօրինի որևէ գործարքի, ոչ էլ բյուջեի մի լումայից օգտվել եմ։ Ասա, մենք էլ իմանանք՝ ովքե՞ր են։
Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հարցին Փաշինյանի տված պատասխանի մասին
Լրագրողը նրան ուղիղ հարց է տալիս, թե ովքե՞ր են այդ մարդիկ, պատասխանում է, թե դրանք այն ազդեցության գործակալներն են, ովքեր Հայաստանի ներքին գործընթացները կապում են այլ պետությունների հետ։ Հիմա ես նրան ուղիղ հարց եմ տալիս։ Պարոն Փաշինյան, հիշողությունդ տեղն է, չէ՞։ 2018թ. ապրիլին Հանրապետության հրապարակում ո՞վ էր կարդում Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները՝ Շարմազանո՞վը, Աշոտյա՞նը, Արծվիկ Մինասյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը։ Դու էիր կարդում, հիմա ուրիշին օտարերկրյա գործակա՞լ ես ասում։
Արցախի Հանրապետության երկու նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ դատախազին ուղղված կոչին Փաշինյանի արձագանքի մասին
Նիկոլ Փաշինյանը պետության նախկին ղեկավարների նկատմամբ անլիարժեքության բարդույթ ունի։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Արցախի հարցով հանդիպում է, լրագրողը հարց է տալիս, թե ի՞նչ իմացավ, ասում է՝ ես ամեն ինչ գիտեի։ Այսինքն՝ Լևոնն ինձ ի՞նչ նոր բան կարող էր ասել, ես ամեն ինչ գիտեի։ Ակնհայտ է, չէ՞, որ Արցախյան հարցում, անկախ նրանից, ես նրա հայացքները կիսում եմ, թե ոչ, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանն արցախյան շարժման տիտաններից են եղել, երկուսը Արցախում՝ որպես այդ հաղթանակի կերտողներ, երրորդը՝ Ղարաբաղյան շարժման առաջնորդը։ Նիկոլ Փաշինյանը չի արել մի բան, որ այդ մարդկանց հետ համեմատվի։ Ինքը փոխանակ մի որևէ բան անի, որ ինքն էլ մնա պատմության մեջ, նա փորձում է այս մարդկանց արածը նսեմացնել։
Վազգեն Սարգսյանի 60-րդ տարեդարձը Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց։ Սա պատահականություն չէր։ Այսինքն՝ ուզում է ասել, որ մինչև ինքը բոլորը սուտ են եղել, թալանչի, բայց էդ ավտորիտար, թալանչի Հայաստանի պտուղներից ինքը լավ օգտվում է։ Գնում է ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում ելույթ է ունենում, Եվրոպական համաձայնագրի հետ կապված՝ խոսք է ասում։
Մի մարդ, որի իշխանության ներկայացուցիչները և անձամբ ինքը իր սուտ դըմփ-դըմփ-հուի հեղաշրջումը հավասարեցնում են Արցախյան ազատամարտի ու Սարդարապատի հերոսամարտի հետ, էլ իրենից ի՞նչ էիք սպասում…
Ինքն Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ, Վազգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ Արցախի ու Հայաստանի վերամիավորման խորհրդանիշին, Արցախի հերոսին՝ Ռոբերտ Քոչարյանին, հավասարեցնում է կոռուպցիայի մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանին։ «Դե, նա էլ իմ ընկերն է, Ռոբերտ Քոչարյանն էլ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի ընկերն է»,- հայտարարում է նա։ Ես ընկերությունը շատ բարձր եմ գնահատում, բայց պետական գաղափարախոսությունն ավելի բարձր է։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցն էդ մարդը հավասարեցնում է «Դե, Բակոյի ընկերն է, Արկադի ընկերն է, տղերքը խնդրել են»՝ մակարդակի թեմայի։ Լավ, ամոթ է։ Ակնհայտորեն Փաշինյանն իր գահավիժող ռեյտինգի իրական պատկերը գիտի, և իր էսօրվա ասուլիսը շատ ավելի ագրեսիվ էր, սխալներով ու բացթողումներով լի, քան նախկինները։ Սա նշանակում է, որ նա ակնհայտորեն նյարդայնացած է։
Արցախի իշխանությունների՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունենալու՝ վարչապետի հայտարարության մասին
Իսկ ինքն իրավունք ունե՞ր միջամտելու Արցախի ներքին գործերին, երբ ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում այստեղից այնտեղ գոռում էր «Բակո Սահակյան, քո ենթականերին ասա…», որի արդյունքում մարդիկ աշխատանքից ազատվեցին։ Ինքն իրավունք ունե՞ր։ Արցախն անկախ պետություն է։ Բա եթե նա իրավունք չունի այստեղ միջամտել, դու էլ, առավել ևս, իրավունք չունես այնտեղ միջամտել։ Եթե դու միջամտում ես՝ որպես հայկական առաջին պետության ղեկավար, նրանք էլ իրավունք ունեն միջամտել՝ որպես հայկական մեկ այլ պետության ղեկավարներ, որովհետև բոլորիս նպատակը միասնությունն է։ Այսինքն՝ ինչ որ կարելի է Զևսին, չի կարելի եզի՞ն։ Իրեն էլի Զևսի տե՞ղն է դրել։ Դրանք կուռքեր են, կորչելու են, գնան։ Էդ ժողովրդով դու մեզ մի վախեցրու, ժողովուրդը գնալով քո կողքից հեռանում է, ճտերն էլ աշնանն են հաշվում։ Մի քանի տարի հետո կխոսենք։ Ընտրություններին կտեսնենք՝ էդ 70 տոկոսն ունե՞ս, թե՞ դրա 0-ն անցել է, միայն 7-ն է մնացել։
Սանասարյանի գործն ԱԱԾ վարույթից ՀՔԾ վարույթ տեղափոխելու՝ վարչապետի՝ դեմ լինելու հայտարարության մասին
Այսօր Փաշինյանն ապացուցեց մի բան. որ ՀՀ-ում, մի տարի է՝ հաստատվել է Նիկոլի դիկտատուրա, բոլոր ոլորտներում։ Ինքը հղում չի տալիս օրենքին, ինքը հղում է տալիս կամ ընկերությանը, կամ ցանկությանը։ Իր ցանկությունն է՝ գործն ԱԱԾ-ից վերցնել, տալ ՀՔԾ-ին, իր ցանկությունն է՝ մարդկանց մեղավոր ու թալանչի անվանել, իր ցանկությունն է՝ կուսակցությունները կան, թե չկան։ Նիկոլն է ուզել։ Վերջ։ Ես այդպես եմ ուզում։ Ինքն ասում է՝ ես Լյուդովիկոսը չեմ, որ ասեմ՝ պետությունը ես եմ, բայց ինքն ավելի հեռու է գնացել։ Ինքն ասում է՝ պետությունն իմն է։ Կուզե՞մ՝ այս գործը կտամ ԱԱԾ-ին, կուզե՞մ՝ կտամ ՀՔԾ-ին, կուզեմ՝ կազատեմ, կուզեմ՝ չեմ ազատի, կուզեմ՝ հանցագործ կկոչեմ։