Եթե կառավարությունը կատարել է խոստումները, վարչապետի վարկանիշն ինչո՞ւ է ընկնում
Ի՞նչ հանգրվանում է Հայաստանը եւ ուր է գնում, ապրիլյան իշխանափոխությունն արդարացրե՞ց հպարտ քաղաքացու ակնկալիքները «ժողընտիր» կառավարությունից, թե՞ ոչ անքան։ Մեր հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը․
-Ապրիլյան իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում` հեղափոխություն, իշխանափոխություն.. Բայց մեկ տարի անց կարող ենք ասել`դա հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց իշխանափոխության։ Ինչո՞ւ։ Մինչեւ ապրիլ Հայաստանում իշխող քրեաօլիգարխիկ համակարգն իր համար օրենսդրական դաշտ էր ստեղծել, կառավարման ապարատ, արտաքին քաղաքականություն եւ այլն։ Այսինքն` կյանքի բոլոր ոլորտները համապատասխանեցրել էր իրեն։ Այն, ինչ կատարվեց մի տարի առաջ, հեղափոխություն էր, որովհետեւ քրեաօլիգարխիկ համակարգը վերացվեց։
Եվ հենց այդ պահին հեղափոխությունը դադարեց` սկսվեց իշխանափոխությունը, որովհետեւ իշխանության եկած ուժը, վերացնելով կառավարման հին համակարգը, նորը չստեղծեց, չտվեց Հայաստանի զարգացման նոր վեկտորը` ո՞րն է երկրի զարգացման հայեցակարգը, ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ, ի՞նչ ենք կառուցում, ուր ենք գնում։ Ի վերջո` ուզում ենք լինել եվրոպական տիպի խորհրդարանական երկի՞ր, թե՞ բռնում ենք Ղըրղզստանի, Հյուսիսային Կորեայի, աֆրիկյան շատ երկրների կամ Լատինական Ամերիկայի որոշ երկրների ճանապարհը։
Մենք չունենք այս հարցերի պատասխանները։ Խոսում են դատաիրավական բարեփոխումների, անցումային արդարադատության մասին, բայց ոչ ոք չգիտի` եռաստիճան դատական համակարգը մնո՞ւմ է, թե՞ չէ, դատախազությունը միանում է արդարադատության համակարգի՞ն, թե՞ գործում է որպես առանձին կառույց, քննչական մարմիններն ի՞նչ կառուցվածք ունեն եւ այլն։ Տնտեսության ոլորտը «կարգավորելու» համար ընդամենը Հարկային օրենսգիրք են բերել Ազգային ժողով, բայց չեն ասում`տնտեսության կառուցվածքն ինչպիսին պետք է լինի, մեզ արդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն պե՞տք է, թե՞ պետք չէ։ Նույնը վերաբերում է սոցիալական քաղաքականությանը, առողջապահության, գիտության եւ կրթության ոլորտներին։ Անգամ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը չեն ներկայացնում։
-Գյուղատնտեսության նախարարությունը վերացնում են, գյուղացուն էլ ասում են` ոչխար պահեք։ Սա Ձեզ ոչինչ չի՞ հուշում։
-Դա դեռ մի կողմ` մենք ընդհանրապես չգիտենք՝ մեզ ի՞նչ գյուղատնտեսություն է պետք` արդյունաբերակա՞ն, ավելի շատ բնապահպանական ուղղվածությա՞ն, կոոպերացիայի ենթարկվա՞ծ, թե՞ փոխօգնության վրա հիմնված գյուղատնտեսություն։ Ինչ վերաբերում է ոչխար պահելուն, դա ուղղակի անլուրջ է։ Պետք է հստակ ասվի`ինչ կուլտուրաներ մշակել, դրանց իրացման շուկան միայն ԵՏՄ՞-ն է, թե՞ շուկաները պետք է ընդլայնել` բազմաթիվ հարցեր կան։ Նույնը արտաքին քաղաքականության ոլորտում. այս պահի դրությամբ մենք չգիտենք` Հայաստան-Միացյալ Նահանգներ քաղաքական օրակարգը ո՞րն է, եթե վարչապետն ու ԱՄՆ նախագահը վաղը հանդիպեն, ինչի՞ մասին են խոսելու, բարեւելուց եւ արտաքին քաղաքականության կուրսը անփոփոխ թողնելու մասին հայտարարելուց հետո երրորդ նախադասությունը ո՞րն է լինելու։ Ո՞րն է Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր օրակարգը, բացի նրանից, ինչ ստեղծել էին հանրապետականները. չմոռանանք, որ նոյեմբերյան հայտնի համաձայնագիրը ՀՀԿ-ի օրոք է կնքվել։ Ո՞րն է ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ Ղազախստանի, Բելառուսի եւ Ղըրղզստանի, Չինաստանի, Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների օրակարգը, ինչպես ենք հարաբերվելու արաբական աշխարհի հետ։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն արեցինք, հետո՞ ինչ է լինելու։ Այսինքն` արտաքին քաղաքականության հայեցակարգ էլ չկա։
-Ասում եք` քրեաօլիգարխիկ համակարգը վերացել է, բայց երբեմնի օլիգարխները մի գիշերում խոշոր սեփականատերեր դարձան եւ Նոր Հայաստանում իրենց շատ լավ են զգում` հարմարավետ տեղավորվել են Նիկոլի կողքին։
-Օլիգարխներ միշտ էլ լինելու են։ Երբ ասում եմ` քրեաօլիգարխիկ համակարգ, նկատի ունեմ կառավարման այն համակարգը, որտեղ խոշոր գործարարները, սերտաճելով քաղաքական մեծամասնությանը, պետական ապարատը օգտագործում են իրենց շահերն սպասարկելու համար։ Այսօր դա չկա։ Մենք չենք կարող ասել, թե այսինչ գործարարը կողմ է քվեարկում կառավարության ծրագրին, որ պահպանի իր մենաշնորհը շաքարավազի շուկայում։ Կամ`խոշոր սեփականատերերը մասնակցում են ընտրություններին`գնելով ընտրողների ձայները։ Այդ տեսակետից, այո, հին համակարգը կոտրել են, բայց նորը չեն ստեղծել։
Այսինքն` հին կոստյումը պահել են, եւ հիմա այդ կոստյումը հագնում են նոր կառավարիչները`սկսած վարչապետից ու նախարարներից։ Ա՛յ սա է հիմնական բացթողումը։ Վարչապետը ԱԺ ամբիոնից թվարկում է իր խոստումները եւ ասում է` ոչ մի հարցում չենք ձախողվել։ Մեխանիկական մոտեցումն այստեղ կիրառելի չէ. հինգերորդ դասարանի աշակերտ չեն, որ ասենք` հինգ խնդիրներից երեքը լուծել լուծել ես, երեք ես ստանում կամ երկուս, կամ չորս ես ստանում։ Խնդիրն այն է, որ իշխող ուժը երկրի զարգացման տեսլական չունի. այսօրվա ներքաղաքական օրակարգում ընդամենը երեք հարց կա` կառավարության ծրագիրը, որ ընդունվեց, կառավարության կառուցվածքի մասին նախագիծը, որ այսօր քննարկվում է, եւ հարկային օրենսգիրքը։ Վե՛րջ։ Սրանով ներքաղաքական օրակարգը սպառվում է։
-Իշխող մեծամասնության ներկայացուցիչները կարող են առարկել, թե`մի տարին շատ քիչ է բոլոր հարցերը լուծելու համար։
-Ո՛չ, մի տարին քիչ չէ։ Մի տարին լրիվ բավարար է` իմ նշած հիմնախնդիրների ուղղությամբ գոնե քննարկումներ սկսելու։ Հասկանալի է` մեկ տարվա մեջ հնարավոր չէ հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունները զրոյից հասցնել հարյուրի։ Բայց կարելի էր, չէ՞, այդ հարցի շուրջ առնվազն դիսկուրս սկսել։ Այդ դիսկուրսը չկա։ Մի տարին քիչ չէ` Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի գոնե նախագիծը մշակելու համար։ Նույնը կարելի է ասել մյուս ոլորտների մասին։
-Տեսնո՞ւմ եք ցանկություն` եթե ոչ այսօր, ապա վաղը անդրադառնալու այդ հարցերին։
-Ո՛չ։ Նույնիսկ նման ցանկություն չեմ տեսնում։ Փաշինյանի կողքին գտնվող մարդիկ չեն էլ գիտակցում, որ դա պետք է`առաջնորդվում են այն սկզբունքով, որ վարչապետը մի բան որ ասում է, ուրեմն` գիտի, սպասենք, տեսնենք` ինչ կասի։ Սա է «Իմ քայլը» դաշինքում գերակայող մտայնությունը։ Մենք չենք տեսնում, որ այդ նախաձեռնությունը գալիս է վարչապետից, եւ չենք տեսնում, որ իր թիմակիցները դա առաջ քաշեն։ Այս առումով «թավշյա» կառավարությունը չի տարբերվում նախորդ իշխանություններից։
-Չե՞ք կարծում, որ իշխանության գերկենտրոնացման` անձնիշխանության գործոնն այսօր շատ ավելի ընդգծված է. համենայն դեպս, նախկինում պետության առաջին դեմքը մաքսատան աշխատակցին «ոտքի վրա» գործից չէր հեռացնում «պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու» համար։
-Դրա պատճառն ավելի խորքային է։ Մի տարի առաջ վարչապետը որոշակի պատկերացում ուներ, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը։ Հիմա, երբ շրջում է տարբեր տեղերում եւ տեսնում է, որ իր պատկերացրած Հայաստանը չկա` դա իրեն զայրացնում է։ Մաքսատան միջադեպի պատճառն այն չէր, որ դրոշը կեղտոտ էր կամ իր «բարձրության» վրա չէր (ի դեպ, այն ոչ թե ընկած էր հատակին, այլ հենած էր պատին, եւ զուտ իրավական տեսակետից այդ սենյակում աշխատող մարդկանց պարտականությունների մեջ չէր մտնում «փայփայել» այդ դրոշը)։ Խնդիրը այդ երիտասարդի եւ դրոշի մեջ չէր. խնդիրն այն է, որ ինքը նայում է եւ չի տեսնում այն Հայաստանը, որի մասին երազում էր։
-Եվ դրա համար քավության նոխազնե՞ր է փնտրում։
-Քավության նոխազներ չէ` թշնամիներ։ Սա քաղաքական տեխնոլոգիաների կանոններից է։ Երբ քաղաքական ուժը գալիս է իշխանության, իր կողմնակիցներին մոբիլիզացնելու համար կա՛մ հստակ թիրախներ, նպատակներ է նշում, կա՛մ թշնամիներ փնտրում`թշնամու կերպար է ստեղծում, որպեսզի համակիրներին պահի իր կողմքին։ Եթե նկատում եք, վարչապետի «թշնամիները» վերջերս շատացել են. տրանսգենդերի հարցով`ԲՀԿ-ն, դրոշի հարցով`այդ երիտասարդը, մեկ այլ հարցով` «Լուսավոր Հայաստանը», մյուս հարցով` ոչ յուրային լրատվամիջոցները եւ ֆեյքերը։
-Ռոբերտ Քոչարյանն էլ`կա ու կա։
-Հա՛։ Դրանք բոլորը իրավիճակային թշնամիներ են վարչապետի համար` այս պահին սա է, հաջորդ պահին ուրիշը կլինի։ Քանի որ վարչապետը որեւէ հստակ նպատակ, վեկտոր չի դրել, բրոունյան շարժումով պտտվում է, եւ պտտվելիս ո՛ր պահին կպնում է պատին, էդ կետը «թշնամի» է դառնում։ Այդ կետից դուրս է գալիս, ուրիշ կողմ է գնում` ուրիշ կետի է կպնում, եւ տվյալ կետն է դառնում «թշնամի»։ Հայաստանում այս վիճակն է։ Ասում է`կատարել ենք մեր բոլոր խոստումները։ Այդ դեպքում հարց է առաջանում`եթե կառավարությունը ձախողումներ չի ունեցել, ինչո՞ւ է իր վարկանիշն ընկնում, ինչո՞ւ իր պատկերացրած Հայաստանը չի ստեղծվում։ Պատասխանը մակերեսի վրա է. որովհետեւ խանգարում են` թշնամիներ կան։
-Փաշինյանն իշխանության եկավ սիրո եւ համերաշխության, վենդետաներ չանելու, թշնամանքի եւ ատելության էջը փակելու կարգախոսներով, բայց այսօր հասարակությունն առավել քան երբեւէ ջլատված է։ Ըստ ձեզ, ինչո՞ւ Փաշինյանը գնաց ժողովրդին սեւ-սպիտակի, մերոնց ու ձերոնց բաժանելու ճանապարհով։
-Համախմբելու համար պետք է հստակ թիրախներ նշեր եւ դրական մոբիլիզացիա ստեղծեր իր շուրջ։ Քանի որ դա տեղի չունեցավ`սկսեց անկանոն շարժումներ անել, իսկ անկանոն շարժումները միշտ բերում են պառակտման գործողությունների։ Սա՛ է խնդիրը։