Անդեմ ու անտեսլական ելույթ. Գլուխկոտրուկ եվրոպացիների համար

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում իր ելույթի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական վերաբերյալ որոշ շեշտադրումներ արեց: Նա դարձյալ ամբիոնն օգտագործեց «թավշյա հեղափոխության» դրական կողմերը ներկայացնելու համար:

Սակայն ուշագրավ էին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի որոշ հայտարարություններ: «Հայաստանը եվրոպական երկիր է և միշտ եղել է եվրոպական երկիր»,-Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց նա: Ապա՝ Նիկոլ Փաշինյանը Թորբյորն Յագլանդին փոխանցեց այն որոշումը, համաձայն որի՝ Երևանի հրապարակներից մեկն անվանակոչվել է Եվրոպայի հրապարակ: Հարցին՝ ՀՀ նոր կառավարությունից և ընդհանրապես հետհեղափոխական Հայաստանից ի՞նչ սպասելիքներ կան, ԵԽ գլխավոր քարտուղարը շռայլ գովեստի խոսքեր ասաց, սակայն դրանց տողատակերում արդեն Հայաստանից կոնկրետ քայլերի մասին ակնարկ էր: Ասել է թե՝ խոսքից գործի անցնելու անհրաժեշտության մասին ակնարկ:

«Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար: Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես են ընդդիմությունը, լրատվամիջոցները լուսաբանում այդ փոփոխությունները, հատկապես հակակոռուպցիոն պայքարը, անկախ լրատվամիջոցները, անկախ դատական համակարգը շատ կարևոր են: ԵՄ-ն գործողությունների նոր պլան է հաստատել Հայաստանի համար, որը կզարգացնի Հայաստանում ժողովրդավարությունը: Կարծում եմ՝ սա է նոր կառավարության օրակարգը: Կանենք ամեն բան, որ աջակցենք Հայաստանին», ասաց Թորբյորն Յագլանդը:
Այսինքն, ԵԽ գլխավոր քարտուղարը կոնկրետ հակադարձեց, որ Փաշինյանի կառավարությունից արդյունքներ են ակնկալում և այստեղ կարևոր է Հայաստանի մթնոլորտը՝ ընդդիմության, ԶԼՄ-ների գործունեությունն ու դատական համակարգի ազատ գործելը:

Արդեն ԵԽԽՎ ամբիոնից Փաշինյանը պատասխանում էր Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին վերաբերող հարցերին: Նա հարկ համարեց եվրոպական ամբիոնն օգտագործել Հայաստանի արտաքին միջամտության բացառման վերաբերյալ մի քանի մտքերի:

«Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Եվ գիտեք, երբեմն այս կապակցությամբ հանրությունը կարող է ականատես լինել բավականին տարօրինակ բանավեճերի: Երբ օրինակ իմ այցերի կամ ասուլիսների ընթացքում փորձում են ասել, որ Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ մեր մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ այս բառերի տակ, բնականաբար, խոսքը գույնի մեջ չէ, ոչ էլ սիրո և ոչ էլ առավել ևս համերաշխության, այլ խոսքը քաղաքական ենթատեքստի մասին է: Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ իսկապես որևէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել, որևէ: Բացառվում է, որ որևէ մեկը կարողանա ցույց տալ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն մեր ներքին գործընթացների մեջ:

Փաշինյանի ուղերձները նրա իրականացրած հեղափոխությունից մեկ տարի անց՝ կրկին նույնն են՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ, որևէ կազմակերպության դեմ չէ: Նա հիշեցնում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և ամեն ինչ անում է այդ հարաբերությունները զարգացնելու համար: «Անվտանգության համակարգի առումով մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և ամեն ինչ անելու ենք այդ կազմակերպությունը և այդ կազմակերպությանը մեր անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Եվրամիության հետ մենք այսօր ունենք հրաշալի հարաբերություններ և դա ունի մի շատ կոնկրետ պատճառ: Խնդիրն այն է, որ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին պայմանագիրը Եվրամիության հետ, նրա բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր կառավարության հետ ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականացնել այն բարեփոխումների օրակարգի հետ, որ մենք մտադիր ենք իրականացնել մեր երկրում»:

Հետաքրքրական է, որ Փաշինյանին Ղրիմի վերաբերյալ կոնկրետ հարց էին ուղղել, Ռուսաստանին տարբեր կառույցներում Ղրիմի վերաբերյալ բանաձևերի դեպքում պաշտպանելու մասին, սակայն Փաշինյանը չխոսեց այդ թեմայով, նախընտրեց, ըստ ամենայնի, կրքերն էլ ավելի չլարել Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Նույն տրամաբանությամբ ես կուզենայի պատասխանել նաև Ղրիմի հետ կապված հարցերին, բանաձևերի հետ կապված հարցերին: Գիտեք, նոր եմ ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, նախկինում պատգամավոր եմ եղել, և ինձ համար երբեմն շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան և ավելի սուր դարձնելու, հակամարտություններ ավելի սուր դարձնելու համար: Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ: Աշխարհում այսօր չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով: Նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ և մենք փորձում ենք ամեն ինչ անել, ես վստահ չեմ, որ դա միշտ է հաջողվում, որովհետև ասում եմ, որ շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների և գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են, շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկոսությունը, կայունությունն ու զարգացումը»: Ահա, այսպիսի խուսափողական, կոնկրետությունից հեռու պատասխան:

Փաշինյանը հարկ համարեց կրկին՝ Ռուսաստանի դերը շեշտելով հիշեցնել. «Եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին. ես դեռ ընդդիմադիր ժամանակներից հայտարարել եմ, որ չեմ ընդունում, որ Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես որևէ պետությունում պետք է լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր և գործիչներ, որովհետև Հայաստանի օրինակով ասեմ, ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ: Եվ կարծում եմ, որ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսամետ, ուկրաինացիները՝ ուկրաինամետ, ռուսները՝ ռուսամետ: Հայաստանամետ լինելը ի՞նչ է նշանակում միջազգային տրամաբանությամբ, դա նշանակում է, որ մենք պետք է մեր կառուցողական, պոզիտիվ հարաբերությունները կառուցենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, և պետք է փորձենք լուծել, կարգավորել մեր հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ»:

Ի դեպ, հարևանների մասին: Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները կարևորելով, Փաշինյանը չծանրացավ այդ երկրների հետ հարաբերություններում հայկական նախաձեռնողական քաղաքականության ներկայացմամբ: Նրան հարց ուղղեցին Իրանի թեմայով, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացումը, հատկապես Եվրամիության հետ համագործակցության ենթատեքստում:

«Եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու մեր տեսլականի հետ: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին, մենք, գիտեք այսպիսի մի բավականին բարդ իրավիճակում ենք, երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում մեր բարեկամներն են: Այսինքն՝ գծից այս կողմ էլ մեր բարեկամներն են, գծից այն կողմն էլ մեր բարեկամներն են: Եվ, իհարկե, մեր հույսը և կոչը և ցանկությունն այն է, որ քաղաքական հակասություններն ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսության տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում, քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է, որ մենք մտածենք խնդիրների լուծման մասին: Եվ անկեղծ ասած, եվրոպացի մեր բոլոր գործընկերների շփումների ընթացքում ես տեսել եմ այս նույն ընկալումը և գիտակցումը»:
Ի դեպ, հատկանշական է նաև, որ Փաշինյանը եվրոպական ամբիոնը չօգտագործեց Հայոց Ցեղասպանության և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող շրջափակման քաղաքականությանը գնահատական տալու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2208 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզպետի թեկնածուն. որոշվել է Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» Քաղաքը կոլապս է ապրում Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հ1, ԵՊՀ, «Ֆեյքերի ՊՈԱԿ»․ հեղափոխական նախարարի կինը 3 տեղից բարձր աշխատավարձ է ստանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով Նոր մանրամասներ՝ Կարբի գյուղում տեղի ունեցած վթարից. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզում զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա՞․ Գեղամ Նազարյանի տեսակետը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Պադավատապետություն կա՞․ Փաշինյանի օրոք գնված գերթանկարժեք ծառայողական մեքենաները Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Հովհաննես Շահինյանը «լքում է» Արշակ Կարապետյանին և «միանում է» Միհրան Պողոսյանին Լարսը փակվեց Ինձ պադվադիտ չանես Աղազարյան Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է Գեղամ Նազարյանը մանդատ դնելու մասին Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան ՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am