Փաշինյանը կվերադառնա՞ ռացիոնալ դաշտ, թե՞ կմնա դըմփ-դըմփ-հուի տրամաբանության մեջ, այս է խնդիրը

ՀՀ վերաքննիչ դատարանը դարձյալ լսում էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի բողոքը, որով պաշտպանական կողմը վիճարկում է երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը։ Այս անգամ` լավ դատավորի համարում ունեցող Ռուզաննա Բարսեղյանի գլխավորությամբ։

Այն, որ տիկին Բարսեղյանը լավ դատավորի համբավ ունի, հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը. ի պատասխան լրագրողների հարցին` ճի՞շտ է, որ նա ժամանակին պարգեւատրվել է` մեդալ է ստացել երկրորդ նախագահից (ենթատեքստն այն է, որ դա, իբր, կարող է ազդել դատարանի որոշման վրա), նա պատասխանեց. «Պարոն Քոչարյանն այդպիսի բան չի հիշում, բայց մի բան հաստատ գիտեմ` նա պարգեւատրված է եղել նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից։ Եվ եթե էս ամեն ինչը գումարենք իրար, կստացվի, որ երեւի լավ դատավոր է։ Մեզ դա միայն ուրախացնում է, եւ ինքնաբացարկի հիմք չի կարող լինել»։

Լավ է, իհարկե, որ այս անգամ «գործը» վստահել են լավ դատավորի, բայց մենք հո գիտենք, որ դատավորի լավ ու վատ լինելուց շատ բան կախված չէ։ Հատկապես այն բանից հետո, երբ թավշյա ժողվարչապետը խստորեն մատ թափ տվեց դատավորների վրա եւ ասաց` ո՞վ է էն դատավորը, որ իմ ասածին կարող է չէ ասել։ Եթե կա քաղաքական որոշում` մերժելու բողոքը, բողոքը կմերժվի։ Եթե Քոչարյանին անպայման փակի տակ պահելու քաղաքական որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, ինչի հավանականությունը ձգտում է զրոյի (եթե, իհարկե, արտաքին ազդակները, օրինակ` ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքների եւ թերթերի «նախազգուշական» ռեպորտաժները, տեղ չեն հասել), բողոքին համապատասխան ընթացք կտրվի։ Այդքան բա՛ն։

Թե չէ խնդիրը զուտ իրավական հարթության վրա դիտարկելու դեպքում ամեն ինչ այնքան պարզ է, որ իրականում «քննելու» բան էլ չկա։ Ի վերջո, գոյություն ունի Սահմանադրություն, ինչքան էլ դա տհաճ լինի քայլարածական իշխանության համար, որտեղ հստակ ամրագրված է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը. «Հանրապետության նախագահն անձեռնմխելի է», եւ «իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»:

Նույն Սահմանադրությունն ամրագրում է (խոսքը, բնականաբար, 2005թ. ընդունված Սահմանադրության մասին է, որի շրջանակներում գործել է Ռոբերտ Քոչարյանը), որ երկրի ներքին կայունությանը եւ անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների պարագայում նախագահը, որպես սահմանդրական կարգի երաշխավոր, ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկել. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին»: Դրանից հետո «իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ», որն էլ հաստատում կամ մերժում է արտակարգ դրություն մտցնելու նախագահի որոշումը։

Սահմանադրության նույն հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, իսկ մինչ այդ գործում է անցումային դրույթներով (117 հոդվածի 6-րդ կետ) նախատեսված իրավական կարգավորումը։ Այն է` «Մինչեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»։ Այսինքն` այն, ինչ արել է նախագահը մարտի 1-ին` արտակարգ դրություն մտցնելով եւ զերծ պահելով երկիրը քաղաքացիական պատերազմի սպառնալիքից. այն, ինչը հետագայում օրենսդրական ձեւակերպում ստացավ 2009 թ. ԱԺ հավանությանն արժանացած օրենքով։

Շատ թե քիչ ազատ, անկախ եւ արդար`թավշյահեղափոխական վարչապետի հոխորտանքներից չվախեցած միջին վիճակագրական ցանկացած դատավոր, համադրելով այս ամենը, կկայացներ ճիշտ նույն որոշումը, որին ժամանակին հանգեց Ալեքսանդր Ազարյանը` կասեցնելով երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվող ձեւով քրեական, բովանդակությամբ քաղաքական հետապնդումը եւ դատարանի դահլիճից ազատ կարձակեր։ Ավա՜ղ, այդ դեպքը չէ։

ԳՈՐԾԸ ՋՈՒՐ Է. ՋՐԻ ՊԵՍ ՀՈՍՈՒՄ, ԱՎԱԶԻ ՊԵՍ ՄՆՈՒՄ Է

Նախագահին ներկայացված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը (որ, հիշեցնենք, 2008թ. ընդհանրապես չկար քրեական օրենսգրքում) տեսականորեն կարող էր քննարկման առարկա լինել, եթե նախագահը գերազանցած լիներ իր լիազորությունները` հայտարարելով արտակարգ դրություն մտցնելու մասին եւ այդ հարցը բերելով ԱԺ օրակարգ։ Կամ եթե Ազգային ժողովը ոչ իրավաչափ որոշում կայացներ` հաստատելով արտակարգ դրություն մտցնելու նախագիծը։ Մինչդեռ փաստն այն է, որ ամեն ինչ արվել է օրենքի տառին եւ ոգուն համահունչ, եւ որեւէ մեկը չեղյալ չի հայտարարել այդ որոշումը։ Անգամ եվրոպական կառույցները եւ ԱՄՆ պետդեպարտամենտը կասկածի տակ չեն դրել դրա օրինականությունը, ճիշտ այնպես, ինչպես կասկածի տակ չեն դրել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտնի որոշումը՝ Փարիզում արտակարգ դրություն մտցնելու մասին։

Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը կարող էր քչից-շատից արդարացված լինել, եթե ձայների հաշվարկը դեռ չավարտված` իրեն ընտրված նախագահ հռչակած Տեր-Պետրոսյանն իրականում հաղթած լիներ և այդ հաղթանակի ապացուցման փաստական հիմքեր լինեին։

ՀՔԾ քննիչներն, իհարկե, փորձեցին հետին թվով «վիճարկել» այդ որոշումը, ինչի իրավասությունը չունեն` Սահմանադրությունը հստակ սահմանում է ՍԴ որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտներին, որոնց մեջ ՀՔԾ-ն չկա ու չէր կարող լինել. իբր, որոշումը կայացվել է նախագահականի «ճնշման» ներքո` Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի «զգայուն միջամտությամբ»։ Բայց «Վիքիլիքսի» արխիվներից հայտնաբերված այդ «փաստը» որեւէ կերպ չի հիմնավորվել։ Հակառակը` ՍԴ դատավորը, որին, իբր, ճնշել էին, հերքել է այդ ակնհայտ կեղծ թեզը։ Եթե նույնիսկ չհերքեր, միեւնույն է, դա չէր կարող հիմք լինել` հարցականի տակ դնելու ՍԴ որոշումը։

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի չարչրկված 0038 հրամանին, պետք չէ իրավաբան լինել` հասկանալու համար, որ անձը, նույն Սահմանադրության եւ օրենքների համաձայն, կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր գործողությունների, բայց ոչ երբեք իր ենթակաների ստորագրած հրամանների համար (սա, իհարկե, չի նշանակում, թե Միքայել Հարությունյանի հրամանն օրինական չի եղել)։

Եվ ուրեմն, մատից ծծած մեղադրանքը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից «սահմանադրական կարգը խախտելու» վերաբերյալ, պարզապես անհեթեթ է եւ ավազի տնակի պես փլվելու է եթե ոչ Սահմանադրական դատարանում (որտեղ համառորեն եւ հետեւողականորեն ուզում են խցկել ՀՀՇ-ՀԱԿ–ի «հաստիքային փաստաբան» Վահե Գրիգորյանին), ապա Եվրոպական դատարանում։ Արդյունքում` Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես պապուասների երկիր, որտեղ Սահմանադրության Ա-ն Բ-ից չեն տարբերում, օրենքի եւ օրինականության վրա էլ ուղղակի թքած ունեն։

Այնպես որ, Վերաքննիչ դատարանում լուծվում է ոչ թե նախագահի անձեռնմխելիության հարցը, այլ Փաշինյանի եւ իր սահմանած դե ֆակտո «անցումային արդարադատության» ադեկվատության թնջուկը. Ալեքսանդր Ազարյանի օրինակը նախադեպ կդառնա՞, դատավորը խիզախություն կունենա՞ կրկնել առայժմ, ցավոք, եզակի այդ ակտը, թե՞ հլու-հնազանդ կկատարի Քոչարյանին հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով անազատության մեջ պահելու քաղաքական որոշումը, Փաշինյանը վերջապես հաշվի կնստի՞ պետական բուրդն անձնական բրդի հետ չխառնելու, պետությունը ծաղրուծանակի առարկա չդարձնելու անհրաժեշտության հետ, այս է խնդիրը։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 613 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am