Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլը

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Փաշինյանի կատարած այցը Թեհրան՝ նպատակ էր հետապնդում կոտրել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված սառույցը: Հանդիպման ավարտին արված հայտարարությունները փորձագետներն անվանեցին «էներգետիկ ճեղքում», քանի որ, ըստ էության, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Այնուհետև Եվրախորհրդարանի նիստում, կարծես կանխազգալով Իրանյան այցի հավանական արձագանքները, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցները խիստ զգայուն հարց են, դրանով իսկ փորձելով կանխել Հայաստանի համար անցանկալի սցենարի իրագործումը: Հաջողե՞ց, թե ոչ Փաշինյանը: Պատասխանը տվեց ԱՄՆ պետդեպը՝ հայտարարելով, որ Կոնգրեսի օրակարգում է պատժամիջոցների նոր ցանկը, որում հատուկ, կարելի է ասել՝ նույնիսկ «պատվավոր» տեղ է հատկացվել մեր երկրին:

Պետդեպի որոշման մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ ոլորտներն են թիրախավորվելու,սակայն կասկածից վեր է, որ պատժամիջոցների այս փաթեթը հարվածի տակ կդնի Հայաստանի տնտեսությունը: Ինչո՞ւ ԱՄՆ-ը որոշեց պատժել Հայաստանին, ընդ որում՝ միայն Հայաստանին, այլ ոչ Թուրքիային կամ Ադրբեջանին, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները Իրանի հետ ունեն տնտեսական համագործակցության շատ ավելի բարձր ցուցանիշներ և դինամիկա: Օրինակ, Թուրքիա-Իրան տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 10 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստան-Իրան նմանօրինակ ցուցանիշները շատ ավելի համեստ են՝ տարեկան 300 միլիոն դոլար: Ինչ վերաբերվում է Ադրբեջան–Իրան առևտրատնտեսական հարաբերություններին, ապա այստեղ բավական է միայն նշել, որ Ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրի 10 տոկոսը պատկանում է Իրանին: Այս ցուցանիշները բերում ենք, որպեսզի ավելի պարզ դառնա ԱՄՆ որոշման միակողմանի ուղղվածությունը:
Եվ այսպես՝ ինչո՞ւ: Թերևս քաջ հիշում ենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի՝ Երևանում Հայաստանի նոր իշխանություններին արված մեսիջները: Բոլթոնը ստանձնեց Փաշինյանի արևմտյան ուղղության հովանավորի դերը՝ զուգահեռաբար նշելով նաև գինը։ Այդ գինը «պատմական կարծրատիպերից ազատվելն» էր (Բոլթոնը նկատի ուներ հայ–թուրքական և հայ–ռուսական հարաբերությունների վերանայումը՝ ի վնաս հայ–ռուսականի) ու հակաիրանական նախագծին մասնակցելը՝ Ադրբեջանի ախորժակը զուգահեռաբար բավարարելու պատրաստակամության գնով։ Փաշինյանն, ըստ ամենայնի, լավ չէր պատկերացրել Հայաստանի ու անձամբ իր համար այն վտանգավոր խաղի էությունը, որի մեջ մտել էր: Բացի այդ՝ Փաշինյանն ունի օբյեկտիվ մտավախություն, որ եթե շատ խորանա Բոլթոնի պլանի իրագործման հարցում՝ կկորցնի իշխանությունն այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանը կորցրեց 1998–ին։ Այժմ Փաշինյանը փորձում է հետ քաշվել և ակնկալում է ՌԴ–ի ու ԵՄ–ի աջակցությունը: Դա ակնհայտ դարձավ Բրյուսել՝ Փաշինյանի կատարած այցի ընթացքում:
Այս մարտավարությունը, որը ԱՄՆ տեսանկյունից երկու աթոռին միաժամանակ նստելու փորձ է՝ շատ արագ արժանացավ հակազդեցության ի դեմս նոր պատժամիջոցների, որոնց ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանի տնտեսության երկու՝ քիչ թե շատ կայուն և զարգացած համակարգերը հայտնվելու են լուրջ պրեսինգի տակ, ինչը իր ազդեցությունն է թողնելու ողջ տնտեսության վրա, որն այս օրերին, մեղմ ասած՝ լավագույն վիճակում չէ: Իհարկե, ԱՄՆ դեղին քարտը Հայաստանին՝ պայմանավորված չէ միայն Իրանի հետ հարաբերություններով, քանի որ Բոլթոնի պլանի թիրախում էլ միայն Իրանը չէր: ԱՄՆ Պետքարտուղարությունը վերջերս բավական սուր է արձագանքել նաև Փաշինյանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշմանը, թերևս առաջին անգամ բացասական քաղաքական գնահատական տալով Հայաստանի նոր իշխանություններին: Պատժամիջոցներն ընդամենը այդ գնահատականի բաղկացուցիչ մասն են, և ԱՄՆ-ն դեռևս փորձում է տարատեսակ մեսիջներով հասկացնել Փաշինյանին, որ եկել է ժամանակը հստակեցնելու՝ արտաքին քաղաքական վեկտորը և կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն արդյո՞ք Փաշինյանը աշխարհաքաղաքական այս իրավիճակում պատրաստ է դա անել:
Ի՞նչ կարող է անել վարչապետը: Մենք Իրանի շուրջ ձևավորված իրավիճակի ծանրության մասով մեկ անգամ նախադեպ ունեցել ենք 1990-ականներին, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր և ԱՄՆ նախագահի մակարդակով նամակ էր եկել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ որի՝ Հայաստանը պետք է դադարեցներ իր շփումներն Իրանի հետ, որովհետև Իրանն ինչ-ինչ հարցերի շուրջ հակադրվում էր ԱՄՆ քաղաքականությանը։ Հայաստանի պատասխանն այն եղավ, որ գտնվում է պատերազմի և շրջափակման մեջ, Վրաստանի հետ ունի անկայուն փոխադրումների սահման, և Իրանի սահմանի միջոցով առևտուրն ու կապը արտաքին աշխարհի հետ՝ կենսական է։ Այդ պահից ի վեր իրավիճակը մեր շուրջ չի փոխվել, սակայն այն փոխվել է ԱՄՆ-ի համար: Հեղափոխության ընթացքում և հետո շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանի հաղթանակի մեջ իր «լուման» է ներդրել Արևմուտքը, այդ աջակցության դիմաց կոնկրետ քայլեր ակնկալելով Փաշինյանից: Հիմա, երբ Փաշինյանը փորձում է խաղալ իր սեփական խաղը՝ սեփական կանոններով՝ Արևմուտքն իրեն կարծես իրավունք է վերապահել դեղին քարտ ցույց տալ Հայաստանին, որը մոտ ապագայում կարող է վերածվել կարմիր քարտի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կկարողանա՞ այս նուրբ խաղը վարել Փաշինյանի իշխանությունը։ Մինչև այժմ նրա և Զոհրաբ Մնացականյանի վարած գծից լավ հոտ չի եկել։ Չի՛ կարելի խնդիրներ ստեղծել, հետո փորձել հերոսաբար հաղթահարել դրանք՝ հարվածի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը…   lurer.com

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am