Նոր և ուժգին «ապտակ» Իսրայելից. հայկական ավտոբուս խոցելու գործը ջրվեց
Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը թույլտվություն է ստացել վերսկսելու Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է Orbiter 1K վաճառելու արգելքը այդ ընկերության նկատմամբ: 2016-ին Ադրբեջանը Aeronautics Defense Systems-ի անօդաչու թռչող սարքերով խոցել էր հայկական մի ավտոբուս, յոթ մարդ զոհվել էր: Ընկերությունը, սակայն, սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ 2017-ին ադրբեջանական կողմի պահանջով համաձայնել է Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Ընդ որում, ըստ իսրայելական մամուլի, ընկերության շարքային աշխատակիցները Ադրբեջան այցի ժամանակ հրաժարվել էին կատարել այդ պահանջը՝ փաստելով, որ իսրայելական օրենքն արգելում է զենքը փորձարկել կենդանի թիրախների վրա: Ավելի ուշ, այդուհանդերձ, նրանց վերադասները համաձայնել էին ստանձնել անօդաչու թռչող սարքի կառավարումը, որը կարող է 1-2 կիլոգրամ հատուկ պայթուցիկ նյութ տեղափոխել: Փորձի պակասի պատճառով, սակայն, իսրայելական ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները չէին կարողացել ճշգրիտ հարված հասցնել թիրախներին, և հարձակման հետևանքով երեք հայ զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել, գրել է The Times of Israel-ը: Անցած ամսվա վերջին հաղորդվեց, որ Իսրայելի ՊՆ-ն պատժամիջոց է կիրառել Aeronautics Defense Systems-ի նկատմամբ: Ըստ նույն The Times of Israel պարբերականի, մասնավորապես, նախարարությունը կասեցրել էր ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրենի արտահանման լիցենզիաները, ինչը նշանակում էր, որ նրանք չէին կարող օտարերկրյա գնորդների հետ բանակցություն վարել կամ գործարք կնքել: 2017թ. ամռանից հայտնի դարձավ, որ հայկական դիրքերի դեմ հարվածը Թել Ավիվը հետաքննում է: Իսրայելում լույս տեսնող Haaretz-ը հայտնել էր, որ Իսրայելի ՊՆ-ն պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները: Haaretz-ի պնդմամբ՝ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Իսրայելական Maariv թերթի տեղեկություններով, Aeronautics Defence System-ի աշխատակիցները հրաժարվել են կատարել ղեկավարության՝ թվով երկու անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը: «Ի վերջո, Aeronautics Defence System-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը ինքն է ստիպված եղել իրականացնել հարվածը, որը, սակայն, վրիպել է», – գրել էր Maariv-ը: Haaretz-ի թղթակիցը պարզաբանել էր՝ երբ Ադրբեջանը, հանդես գալով որպես զենքի պատվիրատու, պահանջել է մինչև դրոնների գնման պայմանագրի ստորագրումը ցուցադրել դրոնի աշխատանքը մարտական պայմաններում, իսրայելցի երկու օպերատորները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Դրանից հետո Aeronautics Defence System-ի մենեջերը՝ ցանկանալով բավարարել գնորդի պահանջը, ինքն է փորձել աշխատեցնել դրոնները: Սակայն դրանք, ըստ աղբյուրի, որևէ վնաս չեն հասցրել․ դրանցից միայն մեկն է մոտեցել հայկական դիրքերին և ընկել մոտ 100 մետր հեռավորության վրա: Փաստորեն, Թել Ավիվը հետաքննում էր հայկական դիրքերը հարվածելու գործում իսրայելցի մասնագետների մասնակցության մասին հաղորդումը: Ուշագրավն այն էր, որ նման միջադեպի մասին տեղեկությունը հայտնվեց իսրայելական մամուլում: 2017-ի սեպտեմբերին իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակեց բորսային կոմյունիկե, որի համաձայն՝ երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես արգելափակել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը կարևոր հաճախորդի, գրում է newsru.co.il կայքը: Կոմյունիկեում նշվում էր, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018թթ ընթացքում: Այդ հաճախորդի գնումները 2016թ. կազմել է ընկերության ամբողջ եկամուտի 20 տոկոսը, իսկ 2015թ.՝ 18 տոկոսը: Կոմյունիկեում հաճախորդի անունը չէր հաղորդվում. նշվում է, որ խոսքը ըստ Moody’s-ի Ba վարկանիշ ունեցող երկիր է, որի հետ Իսրայելն ունի ամուր տնտեսական կապեր: Բացի այդ, այդ երկրում կա գործարան, որը անօդաչուների պահեստամասեր է արտադրում Aeronautics-ի արտոնագրով: Կայքը նշում է, որ Aeronautics-ի հաճախորդներից Ba վարկանիշ ունեն միայն երկու երկիր՝ Սերբիան և Ադրբեջանը, իսկ այս երկուսից միայն Ադրբեջանն է, որն իր տարածքում ունի Aeronautics-ի գործարան: Թեև կոմյունիկեում Ադրբեջանի անունն ուղղակիորեն չէր հիշատակվում, բայց բոլորի համար էլ պարզ է, որ խոսքը հենց Ադրբեջանին է վերաբերվում: Ավելին, դա հիմնավոր եզրակացություն է, քանի որ մի քանի շաբաթ առաջ իսրայելական թերթերից մեկը գրեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է այն տեղեկությունը, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են ցույց տալ Ադրբեջանին մատակարարվող նոր անօդաչուի հնարավորությունները Հայաստանի պատճառով: Հրապարակման մեջ նշվում էր, որ միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Բաքու էր ժամանել Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը՝ անօդաչուների մատակարարման նոր պայմանագիրը քննարկելու: Անցյալ տարի Իսրայելից անակնկալ ռևերանս եղավ Հայաստանի ուղղությամբ: Հուլիսին Երևան ժամանեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով երկրի կառավարությունում մի քանի տարի զբաղեցրել է հետախուզության և անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը: Նա Երևանում ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել: Հանեգբին Երևանում մասնավորապես, նշեց․ «Հստակ է, որ իմ այս այցը նշան է, որ երկու երկրները շահագրգիռ են ու տեսլական ունեն՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Մեր բարեկամությունը տարիների պատմություն ունի, երկու երկրների միջև արդեն 25 տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատված: Այժմ արդեն մենք ավելի շատ գործնական ուղղությամբ ենք մտածում՝ համատեղ աշխատելու և մի շարք ոլորտներում մեր բարեկամությունը դարձնելու փոխադարձ շահավետ: Կարծում եմ՝ մոտ 10 տարի է Իսրայելի նախարարներից ոչ մեկը Հայաստան չէր այցելել, ուստի սա նոր ճեղքում է, և ես ուրախ եմ, որ այս ամենի մաս եմ կազմում»: Հանեգբիին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման ժամանակ իսրայելցի պաշտոնյան նշել է, որ իր երկիրը «ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և դա իր այցելության հիմնական ուղերձն է»։ «Ազատության» հետ զրույցում Ցախի Հանեգբին նշել էր․ «Իմ այցի նպատակը Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների ամրապնդումն է: Երեկ ստորագրեցինք մի շարք բնագավառների վերաբերող համաձայնագրեր: Հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, արտգործնախարարի հետ: Այսօր հանդիպումներ են նախատեսված Հայաստանի վարչապետի, կառավարության այլ անդամների հետ»: Իսրայելցի պաշտոնյային բնականաբար Երևանում հիշեցրել էին Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմա-տեխնիկական համագործակցության մասին: Այս առնչությամբ նա նշել էր․ «Ցանկանում եմ զերծ մնալ զգայուն հարցերին անդրադառնալուց: Իմ հայաստանյան այցը կենտրոնացած է դրական կողմերի վրա՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի միջև»: Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի երևանյան այցից 4 ամիս անց, նոյեմբերի սկզբին Հայաստանի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կատարեց Իսրայել, որտեղ էլ հանդիպեց Իսրայելի վարչապետի հետ: Իսկ հանդիպման մասին հաղորդագրությունում ներկայացված շեշտադրումները բավական տպավորիչ էին: Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, վստահեցրեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ: Այս հանդիպմանը քննարկվել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: Դե իսկ անցյալ տարվա սեպտեմբերին Իսրայելի դատախազությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն` մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defence Systems ընկերության մեկ տասնյակ աշխատակիցների պաշտոնական մեղադրանք է առաջադրվելու և մոտ ապագայում նրանց գործն ուղարկվելու է դատարան: The Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ ընկերության ներկայացուցիչների դեմ հարուցված մեղադրանքի պատճառը 2017-ի ամռանը հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպն է, որի ընթացքում Ադրբեջանին Orbiter 1K տեսակի անօդաչու սարքեր վաճառող Aeronautics Defence Systems ընկերության ներկայացուցիչները որոշել էին իրենց արտադրանքի կարողությունները պատվիրատուներին ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերության աշխատակիցներին կասկածում են խարդախության, ինչպես նաև իսրայելական զենքի արտահանումը կանոնակարգող՝ «Պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողության մասին» օրենքի մի շարք դրույթներ խախտելու մեջ: Ուշագրավ է, սակայն, որ Իսրայելի դատախազությունը երեկվա իր հայտարարության մեջ գերադասել է հանդես գալ ընդհանուր ձևակերպումներով` խուսափելով հիշատակել Լեռնային Ղարաբաղը կամ Ադրբեջանը: Aeronautics Defence Systems ընկերությունը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, կրկին պնդելով, թե հարուցված քրեական գործն ու ներկայացվող մեղադրանքները պետք է չեղարկվեն: Այսպես, Իսրայելը մեղադրանք է առաջադրել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերությանն՝ իր հաճախորդ Ադրբեջանի խնդրանքով Լեռնային Ղարաբաղում հայ զինվորներին ռմբակոծելու համար: Բայց Իսրայելի արդարադատության նախարարության կողմից ներկայացված մեղադրանքի տեքստում չի նշված ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի անունը, այդուհանդերձ տեղական մամուլն ընդգծում է, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած բողոքից պարզ է դառնում, որ խոսքն առնչվում է ադրբեջանցի պաշտոնյաներին ու հայազգի զինվորներին: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները՝ ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը խիստ ամուր է, այն խափանել հնարավոր չէ: Թամար Բագրատունի