ՆԱՏՕ-ի կործանիչները Շոյգուի ինքնաթիռի մոտ, ԿՀՎ ղեկավարի գաղտնի այցը Մոսկվա ու Քերիի կարմիր «քեյսը»

Մի գաղտնի այցի պատմություն ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության` ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրեննանը, պարզվում է, մարտի սկզբին գաղտնի այցելել է Մոսկվա: Այս այցի ընթացքում քննարկել է Սիրիայում հրադադարի պահպանումը և երկրում քաղաքական կարգավորումը, որը պետք է ուղեկցվի նախագահ Բաշար Ասադի հեռացումով: Բրեննանի խորհրդակցության մասին նորությունը այդպես է մեկնաբանել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը: Թե ում հետ է նա հանդիպել Մոսկվայում, չի հաղորդվում: ՌԴ նախագահի վարչակազմում հայտնել են, որ ԿՀՎ ղեկավարը Կրեմլում «շփումներ չի ունեցել»: Ռուսաստանի նախագահի վարչակազմում նույնպես նշել են, որ Բրեննանը Կրեմլի հետ կապ չի ունեցել: Նախագահի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին խորհուրդ է տվել դիմել հատուկ ծառայություններին, այսինքն` ԱԴԾ-ին: Թե հատկապես ինչի մասին է խոսք գնացել խորհրդակցությունների ժամանակ, հայտնել են Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը: Դեսպանության մամլո-քարտուղար Ուիլյամ Սթիվենսը նշել է, որ Սիրիայում հրադադարի պահպանմանը զուգընթաց` ԿՀՎ-ի տնօրենը առաջ է քաշել նախագահ Ասադի պաշտոնից հեռացման հարցը: Նրա խոսքով` Բրեննանը նաև «հաստատել է Սիրիայում քաղաքական անցման գործընթացի աջակցման ԱՄՆ դիրքորոշումը և Ասադի հեռացման անհրաժեշտությունը, որպեսզի ապահովվի անցումը, որը կարտացոլի Սիրիայի ժողովրդի կամքը»: Իսկ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը հայտնել է, որ ԿՀՎ ղեկավարի այցը Մոսկվա կապ չունի Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշման հետ: «Այն, որ Բրեննանը այստեղ է եղել, չէր էլ թաքցվում: Նա ՌԴ ԱԳՆ-ում չի եղել: Ես հաստատ գիտեմ, որ նա եղել է Անվտանգության դաշնային ծառայությունում և էլի ինչ-որ տեղ»,- ասել է Սիրոմոլոտովը: «Դեպքերը՝ Բրեննանի այցը և խմբավորման մեծ ամսի դուրսբերման սկիզբը բացարձակապես կապված չեն, դրանք տարբեր բաներ են»,- ասել է նա: Սիրոմոլոտովը նշել է, որ բացի Անվտանգության դաշնային ծառայությունից՝ Բրենանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ, սակայն չի ճշգրտել՝ ում հետ: ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի հարցում Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր մարտի 15-ից Սիրիայից հանել ռուսական զորքերի մեծ մասը: Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանեց Մոսկվա: Այս այցը Սիրիայի ապագայի հարցում որոշիչ այց կարող է դառնալ: Պուտինը փորձեց ցույց տալ, թե ԱՄՆ-ՌԴ հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ նա նույնիսկ հրապարակավ կարող է կատակել ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի քեյսի պարունակության վերաբերյալ, որով նա Մոսկվա էր ժամանել... «Այսօր, երբ ես տեսա` ինչպես եք իջնում ինքնաթիռից և տանում ձեր իրերը, ես մի փոքր տխրեցի: Մի կողմից շատ ժողովրդավարական է, մյուս կողմից` երևում է ԱՄՆ-ում արդեն ոչ ոք չկա, որպեսզի օգնի պետքարտուղարին տանել ճամպրուկը: Բայց կարծես տնտեսության հետ ամեն ինչ լավ է, մեծ կրճատումներ չկան: Մտածեցի, գուցե, այդ քեյսում այնպիսի մի բան է, որը դուք չեք կարող ոչ ոքի վստահել, ինչ-որ արժեքավոր բան: Երևում է` մեզ եք գումար բերել գլխավոր հարցերի շուրջ սակարկելու համար»,- կատակել է Պուտինը: «Երբ մենք հնարավորություն կունենանք երես առ երես խոսելու, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ կա իմ պորտֆելում: Ես կարծում եմ` դա ձեզ կզարմացնի: Դա հաճելի անակնկալ կլինի»,- ասել էր Քերին: Ինչպես երևում է, Քերիի ճամպրուկի պարունակությունն էլ կարևոր էր եղել: ԱՄՆ-ը Սիրիայում ՌԴ գործողությունների մեջ իր համար վտանգ չի տեսնում, հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Վտանգ չեմ տեսնում այն բանում, որ Ռուսաստանը Սիրիայում լրացուցիչ հիմքեր է ստեղծում այնտեղ, ուր մենք ռազմաբազաներ չունենք և մտադիր չենք մնալ այնտեղ հեռանկարում»: Քերին նշել էր, որ «եթե Ռուսաստանը կարող է օգնել իրավիճակը կայունացնելուն, դա կօգնի պատերազմը դադարեցնելուն, որ ազդում է Եվրոպայի, Հորդանանի, Լիբանանի վրա և սպառնալիքի աղբյուր է ստեղծում Իսրայելի համար»: Ուշագրավ էր մեկ այլ հայտարարություն. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշեց, որ Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն միասնական ըմբռնում առ այն, որ Սիրիան պետք է մնա միասնական պետություն. «Մենք բոլորս այստեղ հասկանում ենք, որ կարևոր է այդ պատերազմին վերջ դնելը։ Մենք բոլորս հասկանում ենք խաղադրույքները: Մենք պետք է հասնենք ԴԱԻՇ-ի, «Ալ-Նուսրայի», ահաբեկչական խմբավորումների ոչնչացմանը, և մենք բոլորս հակված ենք նրան, որ Սիրիան պետք է մնա միասնական, չմասնատված աշխարհիկ երկիր, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն փոքրամասնությունների իրավունքները»: Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով Քերին հավելեց, որ շնորհիվ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխգործակցության՝ հաջողվել է լրջորեն առաջ շարժվել սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում։ «Մենք պայմանավորվել ենք շարունակել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման գործողությունների համակարգումը՝ այդ ռեժիմի խախտումները կանխելու համար», ասել էր նա։ Պարզվեց նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է հանել պատժամիջոցները Ռուսաստանի վրայից Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարման դեպքում. «ԱՄՆ նախագահ Օբաման պատրաստ է վերացնել պատժամիջոցները, եթե Մինսկի պայմանավորվածությունների բոլոր դրույթները լիովին իրագործվեն՝ ներառյալ զենքի ու զինվորականների դուրսբերումը և Ուկրաինայի հարավային սահմանի փակումը»,- ասել էր Քերին Մոսկվայում ռուսական ղեկավարության հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում։ Բացի այդ, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են կանոնավոր կերպով երկխոսություն սկսել՝ հրատապ հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, փաստեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների արդյունքներով. «Միշտ պատրաստ ենք համագործակցության իրավահավասարության հիմքի վրա, միմյանց շահերը հարգելու հիման վրա: Այդ ենթատեքստում մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի մի շարք կոնկրետ հարցեր, պայմանավորվել մեր հարաբերությունների կանոնավոր ամփոփում սկսել՝ մի շարք խնդիրների շուրջ փոխընդունելի որոշումներ գտնելու համար»: Թե ինչպես էին ՆԱՏՕ-ի կործանիչներն ուղեկցել Շոյգուի ինքնաթիռը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին Կալինինգրադ թռիչքի ժամանակ օրեր առաջ Բալթիկ ծովի չեզոք ջրերում ուղեկցել են ռուսական Սու-27 ինքնաթիռները, իսկ 2 կմ հեռավորությամբ՝ թռել են ՆԱՏՕ-ի Eurofighter կործանիչները: Շոյգուի այցը Կալինինգրադ, որը ռուսական անկլավ է Եվրոպայի կենտրոնում, աշխատանքային բնույթ էր կրում: Շոյգուն Կալինինգրադի մարզում ստուգելու էր մարտական պատրաստության կազմակերպումը և մի շարք օբյեկտների շինարարության ընթացքը ռուսական խմբավորման զորամիավորումներում ու զորամասերում աշխատանքները: Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի աննախադեպ ակտիվության մասին Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայում իրավիճակի սրացման պատճառով: Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները չեն փորձել մոտենալ պաշտպանության նախարարի օդանավին, նշել էին ռուսաստանյան գործակալությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am