Ռուս-ամերիկյան փոխշահավետ գործարք. Հերթում Արցախն է
Աշխարհի ուշադրության կենտրոնում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումն է: Թվում է, թե սա գերտերություններին վերաբերող հարց է, բայց՝ ոչ միայն: Հայաստանը ևս այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որտեղ գերտերությունները կարող են այլ հարցրերում ևս որոշումներ ընդունել, մասնավորապես՝ խոսքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր համաձայնության մասին է: Այսպես, պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը ստորագրեց Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման մասին պաշտոնական հրամանը: Ամերիկյան պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ հրամանում հստակեցվում է Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրսբերման ժամանակացույցը: Տարբեր տեղեկություններով՝ ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը մեկնարկելու է առաջիկա շաբաթներին: Ըստ ամենայնի, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այս հարցում ունեն միասնական դիրքորոշում: Իսկ, եթե ռուս-ամերիկյան համաձայնությունն անդրադառնա նաև Հարավային Կովկասի հիմնական խնդրի՝ ԼՂ խնդրի կարգավորման վրա... Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ գործընթացը մեկնարկելու է անհապաղ և տևելու է շուրջ երկու ամիս: Սիրիայի հյուսիսային առավելապես քրդաբնակ շրջաններում տեղակայված է շուրջ 2 հազար ամերիկացի զինվորական: Դեկտեմբերի 19-ին «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունները՝ վկայակոչելով ամերիկյան կառավարությունում անանուն աղբյուրը, հայտնեցին, որ Վաշինգտոնն առաջիկայում կարող է ամերիկյան զորքն ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից։ Այս տեղեկատվությունը հաջորդում է Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած գրառմանը, որում ասվում է․ - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունը մեր զորքի՝ այնտեղ մնալու միակ պատճառն էր»: Հետաքրքրականն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը պաշտոնից կազատվի ոչ թե 2019-ի փետրվարի վերջին, ինչպես նախապես էր ծրագրված, այլ հենց հունվարի 1-ից: Թրամփին շատ է զայրացրել այն փաստը, որ Մատիսի հրաժարականի դիմումն այդքան մեծ արձագանք է ստացել և դիտվում է որպես Սպիտակ տան արտաքին և կադրային քաղաքականության հերթական ձախողում: Ջիմ Մատիսը քննադատել է Թրամփի քաղաքականությունը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ և անհամաձայնություն է հայտնել Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումները դուրս հանելու որոշման կապակցությամբ: Թրամփը Թվիթերում գրել է, որ Boeing ընկերության նախկին գործադիր տնօրեն Շանահանը «շատ տաղանդավոր ղեկավար է»: Մինչդեռ ամերիկացի քաղաքական գործիչները շարունակում են ափսոսանք հայտնել Ջիմ Մատիսի հեռանալու կապակցությամբ: Դեմոկրատական սենատոր Դիք Ռուբինն ասել է, թե ինչ է փոխանցել Մատիսին մասնավոր զրույցում, երբ տեղեկացել է նրա հրաժարականի դիմումի մասին: «Մեզ շատ է պետք Ձեր հասուն ձայնը, Ձեր հայրենասիրությունը, Ձեր ներկա լինելն այն սրահում, որտեղ նախագահը կայացնում է ազգային անվտանգության համար կենսական որոշումներ: Բայց Մատիսի համբերությունը հասել էր մի կրիտիկական կետի: Ես երախտագիտությունս եմ հայտնում նրան ծովային հետևակում երկարատև ծառայության և, իհարկե, Պենտագոնը ղեկավարելու համար: Ինձ ցավ է պատճառում նրա հեռանալը, նախագահի առավել վատթար մղումները զսպելու հարցում մենք հույս էինք կապում է Մատիսի հետ», - ասել է սենատորը: Ջիմ Մատիսի համոզմամբ, Վաշինգտոնը պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Պեկինի և Մոսկվայի նկատմամբ, չպետք է հեռացնի բանակը Սիրիայից, որտեղ ռուսները, թուրքերն ու իրանցիներն օրըստօրե ամրապնդում են դիրքերը և որտեղ բնավ չի ավարտվել պայքարն «իսլամական պետության» դեմ: Ավելին, Մատիսը դեմ է նաև Աֆղանստանում այս փուլում ամերիկյան ուժերը կրճատելու նախագահի մտադրությանը: Փաթրիք Շանահանը քաղաքացիական ծառայող է, նա երկար ժամանակ եղել է Boeing ընկերության բարձրաստիճան ղեկավար և, մասնավորապես, կարգավորել է Boeing 787 օդանավը ստեղծելու թանկարժեք ծրագիրը: «Փաթրիքը շատ արժանի կենսագրություն ունի Boeing-ում և Պենտագոնում, նա փայլուն ղեկավար կլինի», - Թվիթերում գրել է նախագահը: Շանահանը 2017-ի ամռանն է տեղափոխվել Պենտագոն: Նա կհաստատվի նախարարի պաշտոնում միայն Սենատի հավանությունը ստանալու դեպքում, իսկ մինչ այդ կունենա նախարարի պաշտոնակատարի կարգավիճակ: Ինչպես են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումն ընդունել այլ երկրները: «Սիրիայից 2 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին որոշման պատճառով Երուսաղեմի քաղաքականությունն այդ երկրի հանդեպ փոփոխության չի ենթարկվի», ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ հրեական պետությունը շարունակելու է անել հնարավորը՝ Սիրիայում Թեհրանի նկրտումները զսպելու համար: «Մենք շարունակելու ենք հակազդել իրանական զինուժի` Սիրիայում մշտապես հաստատվելու փորձերին: Չի բացառվում, որ մեր գործողությունների ծավալը Սիրիայում ընդլայնվի», - հայտարարել է Իսրայելի վարչապետը: Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերմանը զուգահեռ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողությունների: Թուրքիան խոստացել է Միացյալ Նահանգների նախագահին աջակցել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, մինչ Վաշինգտոնի մյուս դաշնակիցները շարունակում են քննադատել նախագահ Թրամփի այդ անակնկալ որոշումը: «Հենց նոր երկարատև և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահի հետ, քննարկեցինք «Իսլամական պետության» խնդիրը, մեր երկկողմ մասնակցությունը Սիրիայում և այնտեղից ամերիկյան զորքերը դանդաղ և համակարգված դուրս բերելու հարցը», - երեկ Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը: Ժամեր անց Դոնալդ Թրամփը ևս մի գրառում է արել այս թեմայով, այս անգամ արդեն հատուկ գովեստի խոսքեր շռայլելով Թուրքիայի նախագահի հասցեին: «Էրդողանն ինձ հավաստիացրեց, որ արմատախիլ կանի Սիրիայում այն, ինչ մնացել է «Իսլամական պետությունից»: Նա այն մարդն է, որ կարող է դա անել, բացի այդ, Թուրքիան Սիրիայի հենց կողքն է», - գրել է Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով․ - «Մեր զորքերը տուն են վերադառնում»: Հիշեցնենք, ամերիկյան զինուժը տասնյակ այլ երկրների հետ Սիրիա էր մտել 2014-ին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու: Եվ չնայած տեղում իրավիճակը դեռ չի կայունացել՝ անցած շաբաթ նախագահ Թրամփը հայտարարեց, թե ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2,000 ամերիկացի զինվորները Սիրիայից տուն վերադառնան: Ընդ որում, պարզվեց, որ Սպիտակ տան ղեկավարն այդ որոշումը կայացրել է՝ չնայած սեփական վարչակազմի ու դաշնակից երկրների դիմակայությանը: Հենց այդ որոշումից հետո Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը հրաժարականի դիմում ներկայացրեց, մի քանի օր անց էլ պաշտոնից հեռացավ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը։ Դաշնակից երկրներում ևս քննադատության ալիքը չի մարում: «Խորապես ցավում եմ նախագահ Թրամփի այդ որոշման համար», ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հատուկ ընդգծելով՝ դրանով Վաշինգտոնը լքում է Սիրիայի քրդերին, որոնք տարիներ շարունակ աջակցել են միջազգային կոալիցիային ահաբեկչության դեմ պայքարում, իսկ այսօր մնում են մենակ՝ թուրքական կողմից չդադարող սպառնալիքների առաջ: «Ֆրանսիան կշարունակի մնալ Սիրիայում, և ես կուզեի այս հարցում հստակ լինել: Մենք չպետք է մոռանանք, որ միջազգային կոալիցիան, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը դրա առաջատար ուժերից է, Սիրիայում իր գործողություններն առաջին իսկ օրից իրականացրել է՝ ունենալով մեկ դաշնակից՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը: Եվ մենք պարտք ունենք այն մարդկանց առջև, որոնք տեղում պայքարել են ահաբեկիչների դեմ, ովքեր տեղում զենք են վերցրել զինյալների դեմ, որոնք հրահրում էին ահաբեկչություններ Փարիզում ու այլուր: Այդ մարդիկ Սիրիայի դեմոկրատական ուժերից էին, Սիրիայի քրդերը: Այդ պատճառով, ես կոչ եմ անում բոլորին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին և չմոռանալ այն, ինչ մենք պարտական ենք այդ մարդկանց», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Հենց քրդական ուժերն էին, որ արևմտյան կոալիցիայի հետ համագործակցելով, անցած տարիներին մեկը մյուսի ետևից ազատագրում էին սիրիական խոշորագույն քաղաքներն ու բնակավայրերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Այսօր նրանք վերահսկում են Սիրիայի տարածքի մոտ երեսուն տոկոսը, մեծ մասը՝ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում: Սեփական տարածքում քրդական հարցը չլուծած՝ Անկարան շարունակ պահանջում էր Նահանգներից զինաթափել քրդերին ու հեռացնել իր սահմաններից: Նախագահ Էրդողանը պնդում էր՝ այդ նպատակին հասնելու համար պատրաստ են անգամ ամերիկյան զորքերի հետ դիմակայության մեջ մտնել: Բանը, սակայն, դրան չի հասնի: Ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումից անակնկալի եկած՝ քրդական զինված կառույցները փաստել են՝ հիմա ստիպված են պայքարել միանգամից երեքի դեմ՝ «Իսլամական պետության» ահաբեկչների, Սիրիայի կառավարական զորքերի ու թուրքական բանակի: Ընդ որում, Անկարան ժամանակ չի կորցնում, և արդեն հավելյալ ուժեր, այդ թվում՝ հաուբիցներ ու հրետանի է ուղարկել դեպի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ ու Ջարաբուլուս: Մանբիջի ռազմական խորհրդի խոսնակը տեղեկացրել է, որ թուրքական ուժերը ժամեր առաջ ժամանել ու դիրքավորվել են քաղաքի մատույցներում: «Մենք հիմա անհրաժեշտ միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի թուրքերի հարձակման դեպքում անցնենք պաշտպանության», - ասել է քրդական զինվորական կառույցի ներկայացուցիչը: Մետաքսյա Շալունց