Արցախն ու Փաշինյանի հեղափոխությունը. 2018-ի վերելակային հանդիպման պտուղները
Հայաստանում Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման, որքան էլ իշխանությունը ձգտեց ցույց տալ, որ այդ թեման չպետք է շահարկել՝ այնուամենայնիվ այն քննարկվել ու շարունակվում է քննարկվել: Եվ ավելին՝ քննարկվելու հետ միասին՝ հարցերն ամենևին էլ չեն պակասում... 2018թ. Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո որոշակի զսպվածություն նկատվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից, այսպես ասած՝ լոյալություն ՀՀ ղեկավարության նկատմամբ: Նրանք փորձում էին ցույց տալ, թե ակնկալում են նոր մոտեցումներ, կառուցողական նոր մթնոլորտ: Ղարաբաղյան առաջին զանգը՝ Փաշինյանի համար Մայիսի կեսերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նրանք քննարկել էին հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տարբերակները: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն իր հերթին պատրաստակամություն էր հայտնել որքան հնարավոր է շուտ սկսել ակտիվ բանակցությունները: Համանախագահներն ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ Եվ ահա, Փաշինյանի վարչապետության պաշտոնից մեկ շաբաթ անց պաշտոնական Բաքուն ցույց էր տալիս, թե շտապում է, անհրաժեշտ է համարում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների անցկացումը: Սակայն, դատելով ԼՂ Պաշտպանության բանակի հրապարակած հաղորդագրություններից՝ Ադրբեջանը ակնհայտորեն ցույց էր տալիս, որ հակված է լարման, ռազմական գործողությունների վերսկսման և, այդ իսկ պատճառով ռազմական տեխնիկայի կուտակումների էր գնում՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարմանը զուգահեռ: Մոսկվան կխնայի՞ Նիկոլին Ղարաբաղի հարցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն մայիսի վերջերին հերթական անգամ հայտարարեց, որ պաշտոնական Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուղղակի մասնակցությունը հիմնախնդրի շուրջ բանակցություններին: «Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նշանակում է ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում: Մամեդյարովի խոսքով՝ ինքը համանախագահներին ասել է, որ հայկական կողմի առաջարկը «ծիծաղելի է»: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու հետո Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը Արցախ մեկնեց, նա Ստեփանակերտում մամլո ասուլիս հրավիրեց, որտեղ էլ նշեց, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները լիարժեք չեն: Իհարկե, պաշտոնական Երևանը չէր հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններից: Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պատրաստ են շարունակել բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ: Իսկ Բաքուն պնդում էր․ «Մեր հիմնական խնդիրը ադրբեջանական հողերի՝ Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիան է»: Մամեդյարովը պնդել է, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը: Այսպես, կարելի է ասել, որ Բաքուն պատասխանում էր Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարություններին: Փաշինյանն, ինչպես ասում են՝ բարձր «պլանկա» վերցրեց Ստեփանակերտում, կարողանալու՞ էր նա առաջիկա բանակցություններում գոնե դրա կեսը պահել: Հունիսի սկզբին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհ էր իր հայաստանցի գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին բանակցություններից: Նրանք, իհարկե, խոսել էին ղարաբաղյան խնդրից: Լավրովը շեշտել էր, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում անփոփոխ է և համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը, որի համանախագահն է Ռուսաստանը: Հայ լրագրողներից մեկն էլ Ռուսաստանի արտգործնախարարին հարց էր ուղղել բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին: Լավրովն այս հարցին կարճ պատասխանել էր․ «Որոշ փուլերում, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին այդ գործընթացին, հետո հայ և ադրբեջանական կողմերի պայմանավորվածության համաձայն բանակցությունների ձևաչափը փոխվել էր: Եթե կողմերը՝ Երևանն ու Բաքուն, որոշեն, որ Ղարաբաղը վերադառնում է որպես բանակցային կողմ, Ռուսաստանը կսատարի այդ որոշմանը, ինչպես և Մինսկի խմբի մյուս համանախագահները»: Հունիսին ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորմանը` ըստ էության, փաստելով, որ չի կարող Արցախի անունից բանակցություններ վարել, ինչպես արել են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: «Ռոբերտ Քոչարյանը, որը ԼՂՀ ընտրված նախագահ էր, Սերժ Սարգսյանը, որը մասնակցել էր արցախյան պատերազմի կազմակերպչական հարցերին, կարող էին բանակցություններին ներկայացնել նաև Արցախի կողմը։ Նույն բանը ես չեմ կարող անել. ես ինքս ինձ չեմ կարող վերագրել Արցախի անունից բանակցելու ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք»: Նոր սպառնալիքներ Ալիևից՝ Հայաստանին ու Արցախին Օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնաց Արցախի հիմնահարցում դիմել բանակի օգնությանը: Ալիևը հերթական անգամ պնդել է իր այն թեզը, որ Հայաստանում նախկին իշխանությունների տապալման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի վարած քաղաքականությունը, քանի օր ապրիլյան քառօրյա բախումները «հարված հասցրին նրանց փտած հենասյուներին»: Ընդ որում, Ալիևը սպառնացել է շարունակել այդ քաղաքականությունը: «Ադրբեջանի և Հայաստանի միջև մեծ անդունդ կա տնտեսական առումով: Ընթացիկ տարվա հունիսին տեղի ունեցած ռազմական շքերթը ցույց տվեց՝ ով ինչի է ընդունակ: Մենք օգտվում ենք, և հետո էլ կօգտվենք այդ հնարավորություններից»,- ասել է Ալիևը:՝ Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորմանը Ալիևն ասել է, թե կասկածում է, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստվում են աշխատել ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ. «Հայաստանի նոր իշխանությունները չպետք է թույլ տան նախորդ խունտայի սխալները ԼՂ- կարգավորման հարցում: Սակայն Հայաստանի նոր իշխանությունները հանդես են գալիս հակասական հայտարարություններով, որոնք դժվար է հասկանալ ինչպես մեզ, այնպես էլ միջազգային կազմակերպություններին»,- ասել է Ալիևը: Նա նաև նշել է, որ Ադրբեջանի համար անընդունելի է բանակցություններում որպես կողմ տեսնել Ղարաբաղը: Ալիևի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունների հայտարարությունները՝ «հարված են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը», «ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»: «Մենք խաղաղություն ենք ցանկանում: Մեզ մոտ առայժմ տպավորություն է ձևավորվում, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել ադրբեջանական հողերի օկուպացումը: Մեր միջև խաղաղություն կարող է տիրել միայն օկուպացված տարածքների ազատագրմամբ: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա հայ զինվորը պետք է լքի ադրբեջանական տարածքները»,- ասել է նա: «Հակամարտությունը պետք է լուծվի հնարավորինս արագ և փուլ առ փուլ: Մենք և միջազգային հանրությունը դա ենք պահանջում: Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն օկուպացման քաղաքականությունը, ապա մենք կշարունակենք Հայաստանը մեկուսացումը, կշարունակենք կործանել նրանց»,- սպառնացել է Ալիևը: Բաքվի կասկածելի խոստովանությունը Արցախի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմարդ Մամեդյարովի հետ՝ սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում: «Երկու երկրների նախարարների հետ համանախագահները զրուցել են տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ և հստակություններ մտցրել վերջերս արված որոշ հայտարարությունների և մտահոգությունների տեղիք տվող միջադեպերի վերաբերյալ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող անհիմն մահվան դեպքերի վերաբերյալ: Նրանք նախարարներին զգուշացրել են լարվածության վտանգների մասին և կոչ են արել կողմերին կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, համապարփակ լուծումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից», ասվում է հայտարարությունում: Համանախագահների հայտարարությունը կարելի է ասել՝ կրկին բալասնավորված է, նշված չէ թե կոնկրետ ում է ուղղված զգուշացումը և կոչը՝ օրինակ` սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու մասին: Իսկ սա նշանակում է, որ այն ուղղված է երկու կողմերին: Իսկ Բաքուն, անմիջապես, մեկնաբանել է նյույորքյան հանդիպումը: «Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հաջորդ ամիս շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ», Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը: «Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել հետաքրքիր և կարևոր մտքերի փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման շուրջ, և թե ինչ է անհրաժեշտ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, այդ թվում կլինի համանախագահների այց տարածաշրջան»: «Լայթ» շփում, խոսուն ժեստեր Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում սեպտեմբերի 28-ին թեթև շփումը ոչ այնքան անսպասելի էր, որքան այդ շփման որոշ դետալները: Թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ Երևանը փաստում էին, որ առաջնորդների դեմ առ դեմ հանդիպման համաձայնություն չկա, նշանակում է, նրանք բանակցելու առարկա չէին տեսնում: Սակայն, պարզվեց, հանկարծ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո կոչ էին արել կողմերին զերծ մնալ իրավիճակի սրացմանը տանող քայլերից և հատուկ ընդգծում՝ խնդրի կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: Հայտարարությունից մեկ օր առաջ Արցախի բանակը հաղորդել էր ադրբեջանական կողմի կրակից զոհված 19-ամյա զինծառայողի մասին և պնդել, թե Բաքուն ամբողջովին ետ չի քաշել օրերս անցկացված զորավարժությունների ընթացքում սահմանին մոտեցրած զինուժն ու տեխնիկան: Բացի այդ, այդ փուլում Բաքվից սպառնալիքներ էին հնչել Ղարաբաղում անցկացված զորավարժությունների վերաբերյալ: Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն էր տարածել և պնդել, թե պատրաստ է ոչնչացնել հայկական օդուժը, եթե այն փորձի մոտենալ ադրբեջանական բանակի դիրքերին: Առանց հասցեատերեր ու մանրամասներ նշելու՝ համանախագահները միաժամանակ տեղեկացնում են՝ արտգործնախարարների հետ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նախարարներից խնդրել են պարզաբանել «վերջերս հնչած որոշ հայտարարություններ և միջադեպեր, որոնք մտահոգության տեղիք են տվել»: Ու հանկարծ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովն իր նրբերանգներով ուշագրավ է դառնում: Այդ մասին նույնիսկ ռուսաստանյան «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովն էր նյութում նկարագրել: Հեղինակը գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը համարում է մեկուկես րոպեն՝ լուսանկարվելու արարողությունից հետո Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահի շփումը: «Բոլորն այնտեղ յուրայիններ էին, բոլորն իրար համար ճանաչելի և հասանելի: Հնարավոր է, նրանք բոլորը դեռ լիովին չեն հարմարվել Հայաստանի նոր վարչապետին, բայց վերջինս էլ նրանց մեջ, թվում է, այնքան էլ օտար չէ: Ահա նրանք գնում են լուսանկարվելու, և Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները մի փոքր առաջ են ընկնում: Որոշակի տարածության վրա նրանց է հետևում Հայաստանի վարչապետը, և առայժմ նրա կողքը ոչ մեկ չկա, քանի որ նրանք, ովքեր կարող էին լինել, Ադրբեջանի նախագահի շրջապատում են, և թվում է, Նիկոլ Փաշինյանն այնտեղ տեղ չունի: Բայց հանկարծ Իլհամ Ալիևը հասնում է Նիկոլ Փաշինյանի հետևից, ու հանկարծ նրանք ոչ միայն կողք կողքի են քայլում, այլև սկսում են զրուցել: Եվ բոլորովին ոչ որովհետև կողք կողքի լուռ քայլելն անհարմար է, այլ հենց այն բանի համար, որ Իլհամ Ալիևն ասելու բան ուներ, իսկ Նիկոլ Փաշինյանը լսելու բան ուներ, և նրանք այնքան են տարվում, որ երբ արդեն արարողության ժամանակ կանգնած են իրար կողք՝ այբբենական կարգով, շարունակում են ու շարունակում: Այդպիսի մեկուկես րոպեում, թվում է, ավելի շատ բան է հնարավոր պայմանավորել, քան պաշտոնական երկկողմ հանդիպման մեկուկես ժամվա ընթացքում, որը հիմա նույնպես, թվում է, սարերի հետևում չէ»: Ապա, գագաթնաժողովից հետո տարածվում են այլ ուշագրավ կադրեր. Նիկոլ Փաշինյանը մոտենում է Վլադիմիր Պուտինին, և նրանք 5-6 րոպե ակտիվ քննարկում են ինչ-որ բան արդեն երկուսով, ընդ որում, Վլադիմիր Պուտինը, թվում է, ավելի տարված է, քան նրա գործընկերը՝ ինչ-որ շարժումներ է անում և անգամ ժամանակ առ ժամանակ ձեռքերը թափահարում... Ի՞նչ է ասել Ալիևը՝ շտապելով Փաշինյանի կողմը, ի՞նչ է նա նրան պատասխանել: Ի՞նչ էր ասում Պուտինը՝ Փաշինյանին ու ինչ էր ցանկանում նա լսել Փաշինյանից... Այսպես, Դուշանբեն դարձավ ժեստերի մի յուրօրինակ ժամադրավայր, որտեղ շփումներից հետո զարգացումներին հետագայում կհետևենք: Հետագայում պարզվեց Փաշինյանը Ալիևի հետ Դուշանբեում ունեցած վերելակային հանդիպման արդյունքում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Նա հայտնեց, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ «Ես այս պայմանավորվածության և հնարավոր պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Երկու կողմերն արձանագրել են, որ միայն բանակցության միջոցով պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հաջորդը, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ստեղծել օպերատիվ կապ: «Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը, մենք կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ», ասաց Փաշինյանը: Այն, որ օպերատիվ կապ կարող է ստեղծվել, դա, իհարկե, կարևոր է՝ բոլոր առումներով: Բայց այստեղ կա հաջորդ կարևոր հարցը՝ իսկ որքանով է անկեղծ եղել Ալիևը: Նա ուղղակի խոստացել է և վերջ, ասել է թե՝ չկա որևէ երաշխիք, որ որևէ պայմանավորվածություն կպահպանվի: Տարիներ շարունակ հայկական կողմը համոզվել է, որ Ադրբեջանի նախագահի տված որևէ խոստում արժանահավատ չէ, որևէ պայմանավորվածություն չի հարգվում նույնիսկ այն դեպքում, երբ այդ պահանջները գրավոր են՝ ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, ուր մնաց բանավոր պայմանավորվածությունը: Հավանաբար, սա գիտակցելով, արդեն Երևան վերադարձած Նիկոլ Փաշինյանն էլ ստիպված եղավ հայտարարել, որ վստահ չէ, որ Իլհամ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները: Լրագրողները նրանից հետաքրքրվել էին՝ վստա՞հ է, որ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները, Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, վստահ չեմ. խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ` կարևոր է կոնտակտը, որը պայմանավորվել ենք հաստատել, և մենք նաև վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք այդ մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք»: Այլ հարց է, թե Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունն ինչ նպատակի կարող է ծառայել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Դատելով Ադրբեջանում տեղեկատվական հոսքից, ապա այդ պայմանավորվածության մասին լուրը լուսաբանվեց առանց որևէ մեկնաբանությամբ: Նշանակում է Ալիևը կարող է դա օգտագործել երկրի ներսում որոշակի տպավորության համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանին էլ թերևս, սահմաններում կայունություն պահպանելը չէր խանգարի: Այսօր ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը պնդում է Արցախի մասնակցության վրա, իսկ Բաքուն դա մերժելով՝ ակնկալում է զիջումներ Հայաստանից: 2019թ. կլինի ղարաբաղյան բանակցությունների տարի, ու վստահաբար Հայաստանի նոր իշխանության համար մանևրելն ավելի դժվար կլինի: Թամար Բագրատունի