Նախագահական կրքեր հեղափոխական Վրաստանում. Իվանիշվիլին 600 000 քաղաքացիների բանկային պարտքերն է մարում
Նոյեմբերի 28-ին կանցկացվի Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մինչ այդ կրքերը ավելի ու ավելի են թեժանում: Ուկրաինական zdes.com.ua կայքը օրերս մի ձայնագրություն է տեղադրել, որտեղ անհայտ մարդը՝ ենթադրաբար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հեռախոսով խոսում է Վրաստանի նախագահական ընտրություններում միացյալ ընդդիմության թեկնածուի շտաբի պետ Գեորգի Վաշաձեի հետ և դժգոհություն հայտնում, որ նրանք «հեղափոխական տրամադրվածություն չունեն»: Ձայնագրությունը, որի իսկությունը անհայտ է, ուկրաինական կայքը վերնագրել է «Սաակաշվիլիի նոր հեղափոխությունը»: Ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի իշխող ուժին մեղադրել է կեղծ ձայնագրություն սարքելու մեջ: «Այսպես կոչված «Վրացական երազանքը» մեզ համար հրաշալի օրորոցային երգեց: Փոքր ժամանակ կրկեսում ես այդքան չէի ծիծաղել: Չգիտեմ ով է դա մոնտաժում, բայց այդ մարդկանց ցանկանում եմ ասել, որ մոնտաժի հատուկ կուրսեր կան, գնացեք երեք ամսով, որպեսզի մարդիկ ծիծաղից չմեռնեն», - ասել է Վաշաձեն: Իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին ընդդիմությանն է մեղադրում իրեն վարկաբեկելու համար: Նա հրաժարվել է հեռուստադեբատներ ունենալ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ, պատճառաբանելով, թե եվրոպական քարոզարշավի փոխարեն հակառակ ճամբարից իր հասցեին զրպարտություն, հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչում: Գրիգոլ Վաշաձեն հայտարարել էր, թե պատրաստ է հեռուստաբանավեճի, գտնելով, որ թեկնածուների միջև ուղիղ դեբատները օգտակար կլինեն ընտրողների համար: Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ընդդիմությունը և անկախ մամուլը հաղորդում են իշխանությունների պրկված ճիգերի մասին՝ ապահովելու իշխանական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը: Նրա օգտին ձայն տալու մեծ պաստառներ են հայտնվել Թբիլիսիի փողոցներում, բայց Իվանիշվիլիի դիմանկարով: Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը հայտարարել է 600 հազար քաղաքացիների բանկերին ունեցած պարտքերը փակելու մասին: Ընդդիմությունը սա գնահատել է, որպես աննախադեպ ընտրակաշառք, իսկ իշխանությունները արդարանում են, ասելով թե դա մասնավոր բարեգործական նախաձեռնություն է, կառավարությունը կապ չունի: Ոչ կառավարական երեք կազմակերպություններ իշխանություններին նաև մեղադրել են հանցավոր գործողություն նախապատրաստելու մեջ: Նրանք հայտարարել են, որ իշխանությունները կեղծ անձնագրեր են պատրաստում, որոնք օգտագործվելու են Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին քվեարկելու համար: Արդարադատության նախարարն ասել է, թե այդ կազմակերպությունները «ստախոսության մեջ են բռնվել: Հակադարձելով նրան՝ «Միջազգային թրանսփերենսի․ Վրաստան» կազմակերպության ղեկավարն ասել է, թե զարմացած է արդարադատության նախարարի հայտարարությունից, քանի որ իրավապահները երեկվանից են սկսել ուսումնասիրել կեղծ անձնագրեր տպագրելու կասկածների քննությունը: «Մենք հետաքննության ենք հանձնել մեր տրամադրության տակ եղած ամբողջ տեղեկատվությունը, միայն աղբյուրը չենք բացահայտել, նրա անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է «Միջազգային թրանսփերենսի. Վրաստան» կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրին, ընդգծելով, որ դատախազությունը երեկ է սկսել գործի քննությունը: Նախընտրական լարվածությունը հասել է այն աստիճանի, որ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլյա Երկրորդը, ով ժողովրդի մոտ մեծ հեղինակություն ունի, Թբիլիսիում կայացած ժամերգության ընթացքում դիմել է նախագահական թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլիին և Գրիգոլ Վաշաձեին` կոչ անելով նրանց զերծ մնալ կրքերի անհարկի թեժացումից: Իսկ Եվրոպական խորհրդարանի անդամները նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ քննադատում են Վրաստանի իշխանություններին: Եթե նոյեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կեղծվի, ապա Վրաստան - ԵՄ ազատ վիզային ռեժիմը կարող է չեղարկվել, Բրյուսելում հայտարարել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից մի քանիսը` Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ: «Պետք է հստակ ուղերձ հղել, որ ընտրությունների կեղծումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի խախտում է և հակասում է այն արժեքներին, որոնց իր հավատարմությունն է հայտնել Վրաստանը՝ ստորագրելով այդ պայմանագիրը: Եթե ընտրությունները կեղծելուն ուղղված այս գործողություններին վերջ չտրվի, ապա կարող են հետևանքներ լինել, մասնավորաբար՝ Ասոցացման համաձայնագրի և Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի գործողության դադարեցում», ասել է Եվրոպական խորհրդարանի` Լեհաստանից ընտրված պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին: Լեհ պատգամավորի խոսքով, կեղծ անձնագրերի զանգվածային տպագրության մասին վերջին օրերին Թբիլիսիից ստացվող տեղեկությունները վկայում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «առաջիկա քվեարկության արդյունքները կեղծելու լուրջ մտադրություն ունի»: Էստոնացի պատգամավոր Տուննե Քելամի համոզմամբ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս Վրաստանի կառավարության` երկրի ավելի 600 հազար քաղաքացիների բանկային պարտքերը չեղարկելու մասին որոշումը: «Կարո՞ղ եք դուք հաստատել այս տեղեկությունները և պարզաբանել, թե ինչո՞ւ է այս որոշումը կայացվել ընտրությունների երկրորդ փուլից հաշված օրեր առաջ, երբ իշխող կուսակցության թեկնածուն մրցում է միացյալ ընդդիմության ներկայացուցչի հետ: Արդյո՞ք այս ամենը չի կարելի որպես աննախադեպ չափերի հասնող ընտրակաշառք դիտարկել», - դիմելով Վրաստանի ԱԳ նախարարին՝ հարցրել է էստոնացի պատգամավորը: Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեի տեսակետը այս հարցում ևս միանշանակ է` իշխող կուսակցությունը այս քայլով փորձում է ազդել ընտրությունների արդյունքների վրա․ - «Ինձ թվում է, որ այս քայլով ավելի քան կես միլիոն քաղաքացիներ երկրի ամենահարուստ և քաղաքականապես ամենաազդեցիկ մարդու ղեկավարած հիմնադրամի պատանդների են վերածվում: Հաշվի առնելով այս որոշման հրապարակման ժամանակահատվածը` այն միանշանակորեն կարելի է դիտարկել որպես նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլից առաջ հարյուր հազարավոր ընտրողների վրա ազդելու փորձ»: Դավիթ Զալկալիանին, սակայն կտրականապես հերքել է եվրոպացի պատգամավորների հնչեցրած բոլոր մեղադրանքները: Բիձինա Իվանիշվիլիի հովանու ներքո գործող հիմնադրամի կողմից 600 միլիոն դոլար կազմող պարտքերի չեղարկման փաստը Վրաստանի արտգործնախարարը ընտրակաշառք չի համարում․ - «Դա բյուջետային գումար չէ: Այդ միջոցները ուղղվելու են բարեգործական հիմնադրամից: Այնպես որ, չեմ կարող համաձայնել այն պնդմանը, թե սա ընտրակաշառք է կամ ընտրությունների կեղծում»: Ինչ վերաբերում է կեղծ անձնագրերի տպագրությանը, ապա նման տեղեկատվության տարածումը, ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարի, միայն մեկ նպատակ ունի` հանրության շրջանում այնպիսի տրամադրություններ սերմանել, որ քվեարկության արդյունքների չընդունումը ընդդիմության կողմից ավելի դյուրին լինի: «Որտե՞ղ են ապացույցները: Որտե՞ղ են կոնկրետ օրինակները: Դատախազությունն այս տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո արձագանքել է, սկսել է հետաքննել, սակայն այդ տեղեկությունները տարածողներից և ոչ մեկը որևէ անուն չի հրապարակել: Ամեն դեպքում այդ հետաքննությունը շարունակվելու է, և մենք ապացույցներ կներկայացնենք, որ այդ տեղեկատվությունը կեղծ է», ասել է Վրաստանի ԱԳ նախարարը: Բրյուսելում ծավալված քննարկումներին զուգահեռ Բելգիայի մայրաքաղաք էր ժամանել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա համոզմամբ, եվրոպացի պատգամավորների պահվածքը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին վկայում է, որ «Վրացական երազանքը» կորցնում է արտաքին լեգիտիմության վերջին փշրանքները․ - «Եվրոպական խորհրդարանում այսօր խոսում են այն մասին, որ օլիգարխները շարունակաբար ընտրակաշառք են բաժանում, կեղծ անձնագրեր են տպում, ինչը ընտրությունների ուղղակի կեղծում է: Դա նշանակում է, որ Եվրոպան օլիգարխ Իվանիշվիլիին գող է համարում: Այսօր Եվրոպան վրացական կառավարությանը կարմիր քարտ ցույց տվեց»: Մետաքսյա Շալունց