Փաշինյանն այրում է ՀԱՊԿ-ի կամուրջները. Վերջին խոսքը Պուտինինն է

ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված լարված իրավիճակը շարունակում է թեժանալ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ՀԱՊԿ-ի թեման, և որ երկխոսությունը ՀԱՊԿ բոլոր գործընկերների հետ կշարունակվի մինչև փոխադարձ ըմբռնման հասնելը։ Արդյո՞ք Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի հետ այն իրողության վերաբերյալ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ. «Այո, նաև այդ հարցն է քննարկման թեմա դարձել, և մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ, ՌԴ-ի հետ: Կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի հետ, Տաջիկստանի հետ, որպեսզի մենք, ի վերջո, հասնենք փոխադարձ ըմբռնման»,- ասել է Փաշինյանը: Անդրադառնալով Բելառուսի նախագահ և Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից։ «Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք, քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի, և մեր ԱԳ նախարարը մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է։ Ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակներում շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ, և մյուսներն ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ: Եվ, ընդհանրապես, կազմակերպության անդամ երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և կազմակերպության անդամ մյուս երկրների հանդեպ»,- ասել է Փաշինյանը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը «Տասս» գործակալությանը տված հարցազրույցում պնդել է, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը»: Ռուսական գործակալության թղթակիցը փաստել է՝ անցած շաբաթ Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահն ասել էր, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսին: Հարցին, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է սեփական թեկնածուին առաջադրելու հնարավորությունից, և արդյոք դա ընդունելի է Երևանի համար, Զոհրաբ Մնացականյանը միանշանակ պատասխանել է՝ ոչ. «ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական հարթակ է անվտանգության ոլորտում համագործակցող վեց պետությունների համար, և եթե ես հիմա ձեր հարցին ի պատասխան կրկնեմ այն, ինչ հայտարարում էր Հայաստանը ողջ այս ընթացքում, կարելի կլինի եզրակացնել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և մենք այդ պաշտոնի համար կադրային շատ լավ ներուժ ունենք»: Արտգործնախարարի պաշտոնակատարը փաստարկել է՝ կազմակերպության կանոնադրությունը հստակ չի նշում՝ ինչ որոշում է պետք ընդունել գործող գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դեպքում, միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պետք է որոշվի անդամ բոլոր երկրների համաձայնությամբ: «Մենք գործող քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց սկսեցինք, քանի որ նրա հետ ներքին բնույթի իրավական խնդիրներ ունեինք, և այդ քայլին գնացինք, որ հենց սկզբից տարանջատենք կազմակերպության ու մեր ներքին հարցերը», - մանրամասնել է Մնացականյանը հավելելով․ - «Հայաստանն ուզում է ամրապնդել կազմակերպության կենսունակությունը և կառույցի անդամ վեց երկրների համախմբվածությունը»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո: ՌԴ-ից քննադատություններ էին հնչել, թե այդ քայլով Հայաստանը կասկածի տակ է դրել կառույցի հեղինակությունը: Մինչդեռ Մնացականյանը պնդել է՝ ճիշտ հակառակը, Երևանը այդ քայլը նախաձեռնել է կազմակերպությունն էլ ավելի ամրապնդելու համար: Մինսկը կոշտ պատասխանեց պաշտոնական Երևանի հայտարարություններին: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն ասել է. «Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Բայց միջպետական հարաբերություններում կան արարողակարգի և էտիկետի բավական հստակ նորմեր: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն: Ափսոս: Հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»: Այսպես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման թեման քննարկում է Ադրբեջանի դեսպանի հետ, որին պաշտոնական Երևանն արձագանքում է՝ համարժեքորեն, որին էլ հաջորդում է Մինսկի «փողոցային» պատասխանը՝ Փաշինյանին: Փաշինյանը, կարծես, արդեն ցույց է տալիս, որ կորցնելու ոչինչ չունի, և հարկ եղած դեպքում ՀՀ շահերը պաշտպանելիս՝ հրապարակավ պատրաստ է պատասխանել թե՛ Լուկաշենկոյին, թե՛ Նազարբաևին: Բայց ակնհայտ է նաև, որ լարումը ՀԱՊԿ-ում շարունակում է մեծանալ, ինչը արդեն Հայաստանի և անդամ պետությունների միջև լարվածության հիմք է դառնում: Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի ու Նազարբաևի պահվածքին՝ ապա նրանք մշտապես սովոր են Հայաստանին նսեմացնել: Ըստ երևույթին, նրանք չէին սպասում, որ Հայաստանը համարժեքորեն կպատասխանի նրանց վարքագծին: ՀԱՊԿ-ական հնաբնակները, ըստ ամենայնի Մոսկվայի՝ «оդоբրյամսով» Փաշինյանին «տեղն են դնում»՝ անհեռատես քայլի համար: Մինչև դեկտեմբերի 6-ը դեռ ժամանակ կա, և կարևոր է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը: Եթե ՌԴ-ն շարունակի չեզոք դիրք գրավել, պարզ է, որ ՀՀ-ն չի կարողանալու պահել ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Թամար Բագրատունի

դիտվել է 88 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am